Այսօր «Ապրելու երկիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավ իրականացրեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:
Քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը շրջեց Վահան Զատիկյանի անվան զբոսայգում, զրուցեց շախմատ խաղացող պապիկների հետ՝ «շաքարով կտրելով» նրանց խաղը. «Էս պահին խանգարում եմ, որ հետո օգուտ տամ»,- արդարացավ թեկնածուն: «Աստված տա»,- արձագանքեցին պապիկները:
Կարդացեք նաև
Մանե Թանդիլյանը Հարավ-արեւմտյան թաղամասի բնակիչներին հորդորեց անպայման գնալ ընտրատեղամաս ու իրենց քվեով փոփոխություն բերել Երեւանին. «Անպայման մասնակցեք ընտրություններին, որովհետեւ դա է որակյալ, անցնցում փոփոխություն բերելու մեր երկիր: Հնարավորություն տվեք ունենալ կանաչ Երեւան, վերականգնվի թամանյանական Երեւանը, ներդնելու ենք տրանսպորտային նոր համակարգ՝ ճոպանուղու միջոցով:
Ծանոթացեք ու իմացեք որքանով են իրատեսական մեր ծրագրերը: Բակերում ներդնելու ենք գիշերային լուսավորություն, որպեսզի անվտանգ ու ապահով լինեն մեր երեխաները: Գնացեք ընտրության եւ ասեք, որ դուք դեմ եք այն քաղաքականությանը, որն իշխանությունը վարում է, որ դուք չեք հրաժարվել Արցախից: Արցախցիները սպասում են ձեր ընտրությանը սեպտեմբերի 17-ին: Նրանք ուզում են իմանալ՝ ինչ կարծիք ունի երեւանցին: Ընտրությունների ժամանակ է որոշվում ինչպիսին ենք մենք, ինչպիսի իշխանություն ենք ընտրում»:
Անդրանիկի փողոցում մի բնակիչ մոտեցավ Թանդիլյանին ու ասաց. «Կարդարացնեք չէ՞ մեր հույսերը»: Թանդիլյանը խոստացավ. «Անպայման, դուք ամոթով չեք լինելու, հպարտանալու եք, եթե ձեր ընտրությունը «Ապրելու երկիրն» է: Ձեր վստահությունը ամենաթանկն է մեզ համար»:
Մանե Թանդիլյանը Մալաթիա-Սեբաստիայի բնակիչներին զգուշացրեց, որ չհավատան որեւէ մեկին, ով կասի, թե ամեն բան ընտրություններում կանխորոշված է, նա խոստացավ պաշտպանել յուրաքանչյուր վստահության քվե, որը կտրվի:
Զրուցարաններից մեկում բնակիչները հետաքրքրվեցին՝ ճոպանուղին ռեա՞լ է: Մանե Թանդիլյանը բացատրեց, թե որ քաղաքներում է այն հիմնական տրանսպորտի համակարգի մաս ու ինչպես է իրեն արդարացրել: Հարցրեցին նաեւ ծախսից՝ թեկնածուն պատասխանեց, որ այն ավելի էժան է, քան մետրոյի կայարան կառուցելը: 94 կանգառ, 77 կմ-ը հաշվարկի արդյունք է: 3,5 տարի կտեւի համակարգի ներդրումը: 100 դրամ է լինելու ճոպանուղին»: Հարցին՝ նոր ավտոբուս ձեռք բերե՞լն է ձեռնտու, թե՞ ճոպանուղին՝ նա պատասխանեց. «Երկարաժամկետ առումով ճոպանուղին ավելի ձեռնտու է՝ թե՛ տնտեսվարության, թե՛ էկոլոգիայի առումով: Ճոպանուղիով արդյունավետ է լինելու եւ էժան»:
Բնակիչները նաեւ Թանդիլյանից հարցնում էին՝ «առողջապահության նախարարությունը ե՞րբ է թոշակառուների հարցը կարգավորելու»:
Նա պատասխանեց, որ տարեցների առողջությունը կարեւոր է, ու իրենք համապետական փոփոխություններ են բերելու. «Ցավում եմ, որ բոլորի չարածի տակից մենք պիտի դուրս գանք: Գնում եք ընտրության, ով խոստացել է ու չի արել, նրանց թողնում եք, ընտրում եք մնացածին»:
Բնակիչները նաեւ բողոքում էին, որ եվրոպական քաղաքներում մաքուր զուգարաններ են, իսկ Երեւանում զուգարան չեն գտնում. «Մի զուգարանն ի՞նչ է, որ չեն դնում, թոշակառու մարդիկ ենք»: Մանե Թանդիլյանը պատասխանեց, որ դա շատ արագ ու հեշտ լուծելի հարց է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ