Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդ կողքի դալաններում կռիվներ ենք արել, մի քանի անգամ քիթս էլ ա ջարդվել, սիրահարվել էլ եմ»․ Ավինյանը քարոզարշավ-հանրահավաքին հիշեց պատանեկությունն ու նախկիններին

Օգոստոս 30,2023 22:00

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր Աջափնյակ վարչական շրջանում հանրահավաք էր հրավիրել, որի ժամանակ հայտարարեց մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման մասին։

«Աջափնյակը դառնալու է ամենակարեւոր շրջաններից մեկը, քանի որ կառուցելու ենք մետրոյի կայարանը։ 2008 թվականից ով ասես, ինչ ասես էս թեմայով խոսել է, եւ միայն այս տարի մենք ունենալու ենք փաստացի կատարված աշխատանք՝ ունենալու ենք նախագիծ մետրոյի Աջափնյակ կայարանի, որը նախագծում է «մետրոԳիդրոՏրանս» ընկերությունը։ Հաջորդ տարի, վստահեցնում եմ, տասը միլիոն դոլարը, որ նախատեսել ենք կայարանի կառուցման նախնական փուլի համար, էդ գումարը գնալու է մետրոյի կայարանի առաջին փուլի կառուցմանը։ Չկասկածեք ոչ մի վայրկյան, ու գալու եմ գնալու ենք Աբելյան-Հալաբյան խաչմերուկ ու հիմնարկեքն անենք»,-հայտարարեց Ավինյանը։

Նա խոստացավ՝ մետրոյի կայարանների կառուցելը չի դադարելու․«Հաջորդ փուլով գնալու է դեպի Նազարբեկյան, հետո՝ Մալաթիա-Սեբաստիա»։

Նա թվարկեց, թե քանի մանկապարտեզ, սպորտդպրոց են կառուցել, ինչ են արել, ապա հիշեց նախկիններին․«Երբ մենք մանկապարտեզ ենք սարքում, ուղղակի չենք սարքում, սարքում ենք , որովհետեւ մեր երեխաները ամենալավին են արժանի։ Մենք սարքում ենք, որովհետեւ էդ մանկապարտեզները տասնամյակներով օտարվել, վաճառվել են ու դարձել են եսիմ ում տները, իսկ հիմա պիտի դառնան մեր երեխաների համար լավագույն միջավայրը։ Երեւանը տասնամյակներ շարունակ սեր չի ստացել, վերաբերմունք չի ստացել, մենք մեր այգիներում տգեղ կրպակներ ենք դրել, մսի պասաժներ ենք շարել, պեռաշկիանոցներ ու դեղատներ ենք սարքել։ Մեզ մեղադրում են, ասում են՝ քանդում եք, բայց այդ աղբը, որ Երեւան քաղաքը մի քանի տասնամյակ հավաքել է, պետք է մաքրենք։ Մի քանի տասնամյակ տեղի է ունեցել բացասականը, մենք մեկ տասնյամյակում Երեւանին պետք է տանք քաղաքի տեսք, որ քայլենք ու հպարտանանք մեր քաղաքով»։

Հետո նա իր մանկությունը հիշեց, ասաց՝ ծնվել, մեծացել է Երեւանում․«Չարենցի դպրոց եմ գնացել, հետո տեղափոխվել Պուշկինի դպրոց, էդ կողքի դալաններում կռիվներ ենք արել, մի քանի անգամ քիթս էլ ա ջարդվել, սիրահարվել էլ եմ։ Ես ապրել եմ էս քաղաքի կյանքով, իմ ծնողներն ու տատիկներս ու պապերս էլ են այս քաղաքում ծնվել, իմ երեխաներն էլ են այս քաղաքում ծնվել, մեծանում, ՀՀ քաղաքացի են։ Էս մեր տունն է, ես Երեւանին վերաբերվում եմ որպես սեփական տանը։ Ուզում եմ մենք բոլորս մեր տան էդ դիմացի մետլախից էն կողմ, շքամուտքից, փողոցից էն կողմ այս քաղաքին վերաբերվենք որպես սեփական տանը, ես էլ լինեմ ձեր գործիքը դրա համար, լինեմ ձեր ծառան, որովհետեւ եթե ասեք՝ դա կանեմ, էն ինչ որ երեւանցին ինձանից կպահանջի, կթելադրի, դա էլ լինելու իմ հանձնարարականը,մեր թիմի օրակարգը մեր թիմի։ Էդպես էլ եղել է՝ ասել եք՝ արել ենք»։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031