«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության քաղաքապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանն այսօր շրջեց Կենտրոն վարչական շրջանում: Այս ուժի քաղաքապետի թեկնածուի ակտիվ քարոզարշավի երկրորդ օրն է, բայց նա արդեն հասցրել է քաղաքացիների հետ շփումներում նկատել նրանց հուսահատությունը:
«Քաղաքացիների շրջանում կա մեծ հուսահատություն ու անորոշություն: Բավականին մեծ տագնապներ ապագայի հետ կապված, յուրաքանչյուրին հետաքրքրում է միայն այս իրավիճակից դուրս գալը, խորքային փոփոխությունները, լուծումը: Իրականում մենք պատահական չենք ասում՝ պայքար նվաստացման դեմ, այս իրականությունը որեւէ մեկի համար ընդունելի չէ»,- ասաց Սուրեն Պետրոսյանը:
Կարդացեք նաև
Աջափնյակ վարչական շրջանում էլ Պետրոսյանը նկատեց, որ իրենց խնդիրը քաղաքացիների մեջ պայքարի ոգին արթնացնելն է. «Մեր կարգախոսը՝ պայքարիր Երեւան, որովհետեւ մեր հիմնական, կարեւոր խնդիրներից մեկը անզորության օրակարգը պայքարի օրակարգով փոխարինելն է: Սրանք իրականում ոչ միայն էմոցիոնալ խոսքեր են, այլեւ այն բանաձեւն է, որը պատմականորեն միակն է, որը տարել է խորքային փոփոխությունների հասարակություններում: Սա պայքար է ընդդեմ նվաստացման ու անզորության, հանուն արժանապատվության:
Եթե մենք ուզում ենք հասարակությանը տանել փոփոխությունների, առաջին հերթին պետք է կարողանանք իրեն հզորացնել: Այսօր իշխանությունների կողմից դրվում է մի օրակարգ, ըստ որի՝ մենք բոլորս անզոր ենք ու ընդհանրապես այլ օրակարգ, քան հանձնվելն ու համակերպվելը, չունենք: Հետեւաբար, ըստ նրանց օրակարգի, մենք պետք է համակերպվենք այս իրականությանը: Փոփոխությունները սկսում են այն ժամանակ, երբ հասարակությունը կամ գոնե կրիտիկական զանգվածը սկսում է գիտակցել, որ սեփական ճակատագրի հիմնական դերակատարը հենց ինքն է: Հետո ձեւավորվում է պայքարի կամքը, հետո նոր ձեւավորվում են ապագայի նկատմամբ հավակնությունները»:
Քաղաքացիների հետ զրույցների ժամանակ Պետրոսյանին արտասվելով մոտեցավ 92 ամյա մի կին Արցախից: Նրա միակ ցանկությունը Արցախ վերադառնալն էր: Տարեց կինը Պետրոսյանին շատ խնդրեց լուծել իր վերադարձի հարցը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ