Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխարհում չկա մի ուժ, որն իր նախընտրական ծրագիրը հարյուր տոկոսով է իրականացնում»․ ՔՊ ավագանու թեկնածու Արմեն Գալջյան

Օգոստոս 30,2023 21:35

«Բողոքները մեկ շաբաթ տևեցին։ Այժմ դրանք կարծես վերացել են։ Դրա պատճառն էին  որոշակի տեխնիկական խափանումներով աղբատար մեքենաները»,- հարցին՝ ի՞նչ ժառանգություն է թողնում իշխող կուսակցությունը աղբահանության հետ կապված, «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ այսպես պատասխանեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածու Արմեն Գալջյանը։

Նա նշեց, որ ինչ-որ պահի խնդիրների ծավալը մեծացավ, և այդ պահին տեսանելի եղավ խնդիրը․ «Արագ չորս նոր աղբատար ձեռք բերեցինք, որոնք կայունացրին իրավիճակը։ Այս պահին որևէ բողոք չենք լսում, նույնիսկ, երբ քարոզարշավի ժամանակ շփվում ենք քաղաքացիների հետ»։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանն այս առիթով ասաց․ «Երբ մենք ստեղծում ենք աղբահանության հիմնարկ, որը իրավական կարգավիճակ ունի, գնումների գործընթացն այս հիմնարկում մեծ պրոբլմներ է ստեղծելու։ Ես այս մասին ասում էի։ Հիմա մենք յուրաքանչյուր հավաքարարի ընդունելու, փոխելու համար պետք է գանք ավագանի, հաստատենք նոր հաստիքացուցակ։ Մենք ինքներս բարդացրել ենք մեր աշխատանքը։

Ուստի նախ պետք է մենք փոփոխենք աղբահանության հիմնարկի կարգավիճակը, որ գնումներում ավելի ճկուն լինենք։ Մենք ստեղծեցինք Սանիտեկ-2 համակարգը․ մի դեպքում մասնավորի մոնոպոլիա է, այս դեպքում համայնքի մոնոպոլիան է՝ բոլորովին նույն մեխանիզմներով։  Մյուս կողմից համակարգային լուծման համար պիտի բերենք նոր՝ երկրորդ օպերատոր և ավարտին հասցնենք աղբավայրի նախագիծը, որը կար 2017-ից՝ նախկին իշխանությունների օրոք։ Դա կիսատ մնաց, 2018-ից այս կողմ ավարտին չհասցվեց՝ չնայած, որ մրցույթ եղավ, եղավ հաղթող, մինչդեռ անհասկանալի պատճառներով մրցույթը չշնորհվեց»։

«Ազգային առաջընթաց» կուսակցության ավագանու անդամի թեկնածու Քրիստինա Վարդանյանն ասաց․ «Կարծում եմ խափանումը, որը եղավ երկու ամիս առաջ, հիմնականում պայմանավորված է եղել կառավարչական մեխանիզմներով։ Աղբահանության հիմնարկը ժամանակի ճշտությամբ աշխատող հիմնարկ էր, լավ մակարդակով իրականացնում էին աղբահանության գործընթացը։ Սանմաքրման հետ կապված ասեմ․ այսպիսի ոչ սանիտարական բարվոք վիճակում Երևանը շուտվանից չեմ հիշում, թեև ավելացրինք հավաքարարների թիվը։ Եթե մենք ունենանք բավականին թվով փոշեկուլներ և տեխնիկական միջոցներ, կկարողանանք աշխատանքն անել այն մակարդակով, ինչպես հարկն է։ Անվերջ ավելացնելով հավաքարարների թիվը լուծում չենք ստանա»։

Ըստ Քրիստինա Վարդանյանի՝ «հեչ լավ չի, որ օրվա ժամը 3-4-ին կարող ենք Երևանում հանդիպել աղբահանության մեքենաների, որոնք իրականացնում են այդ գործընթացը։  Դա պետք է անել այն ժամերին, երբ բնակչությունը չի շարժվում՝ սկսած գարշահոտությունից, ավարտած խցանումները, ինչի հետևանքով արտանետումները ավելանում են։ Առավոտյան ժամը 5-6-ն էր արվում»։

Արմեն Գալջյանն էլ արձագանքեց․ «Ուղղակի դա նշանակում է, որը օրը մեկ անգամ մաքրենք։ Եթե օրը մեկ անգամ աղբը մաքրենք, պատկերացնո՞ւմ եք՝ քաղաքի իրավիճակն ի՞նչ կլինի»։

Աղբավայրի հետ կապված էլ Քրիստինա Վարդանյանն ասաց․ «Վերջին 40 տարիներին այս աղբավայրը գործում է, բայց աշխարհում չկա նման տիպի վերաբերմունք աղբահանությանը։ Ամբողջ աշխարհում թափոնների կառավարման ծրագրեր են»։

Արմեն Գալջյանը, արձագանքելով գործընկերներին, ասաց․ «Մենք պատրաստվում ենք կոնսերվացնել Նուբարաշենի աղբավայրը և ստեղծել նոր աղբավայր, պատրաստվում ենք ավելացնել աղբի տեսակավորման կետերը, դպրոցներում ներդնել աղբի տեսակավորման գործընթացները, իրազեկման աշխատանքներ տանել, որ հասարակությունը կարողանա հասկանալ՝ ինչպես վարվել աղբի հետ, որ ինքն էլ կարողանա օգնել քաղաքապետարանին»։

Դիտարկմանը՝ ներկա և նախկին իշխանությունները տարիներ շարունակ խոստանում են երևանցիներին, որը կկառուցեն նոր աղբավայրը, այս ծրագրային մոտեցումը կար նաև իշխող կուսակցության նախորդ նախընտրական ծրագրում, ուստի ի՞նչն էր պատճառը, որ չհաջողվեց, Արմեն Գալջյանը պատասխանեց․ «Աշխարհում չկա մի ուժ, որն իր նախընտրական ծրագիրը հարյուր տոկոսով է իրականացնում, միշտ կիսատ բաներ են մնում, որոնք պիտի հետո շարունակել։ Մենք հինգ տարում իրականացրել ենք երևի 15 տարվա աշխատանք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031