Այսօր անհետ կորած զինծառայողների ծնողները վաղ առավոտից գնացել են Պաշտպանության նախարարություն՝ պահանջելով հանդիպում նախարար Սուրեն Պապիկյանի հետ:
Քիչ առաջ մեզ հետ կապվեց ծնողներից մեկը եւ լացելով պատմեց, թե ինչ է կատարվել ՊՆ-ում. «Մայիսի 2-ից ՊՆ նախարարը մեզ խոստացել է հանդիպում, մինչեւ այսօր այդ հանդիպումը չի կայացել, այսօր եկել ենք, պահանջում ենք մեր երեխաներին: Իրանք էլ պատասխան են տալիս՝ մենք չգիտենք ձեր երեխեքը ուր են, ի՞նչ եք ուզում»:
Նա ասաց, որ Պապիկյանի փոխարեն հանդիպել են ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանի հետ, որն էլ նրանց այդպիսի պատասխան է տվել, թե՝ գնացեք. «Հանդիպումն անցավ շատ լարված, ընդհուպ մինչեւ իրար խփել են ծնողն ու…Էն աստիճանի, որ ոստիկանները փորձեցին խառնվել, իհարկե, իրենք թույլ չտվեցին, բայց բավականին թեժ էր այդ հանդիպումը: Իրենք մարդուն սարքում են պոտենցիալ հանցագործ: Ծնողը մի օր կդառնա հանցագործ, սամասուդ կանի սաղին, կպրծնի: Ես կին հալով դրան եմ ընդունակ արդեն, ուր մնաց տղամարդիկ: Բա այդ ի՞նչ պատասխան է՝ մենք ձեր երեխեքի տեղը չգիտենք, գնացե՛ք: Այսինքն, գնացեքը ո՞րն է, ձե՛զ ենք տվել, ումի՞ց բա գնանք ուզենք»:
Ճշտեցինք՝ որեւէ խոստում չտվեցի՞ն, որ որոնողական աշխատանքներ են տարվում, աշխատում ենք այդ ուղղությամբ եւ այլն՝ անհետ կորած զինվորի մայրն ասաց. «Ոչ մի խոստում: Սկզբից փափուկ բարձ էին դնում, խաբելով օր էին մթնացնում, հիմա մարդիկ կարճ ու կոնկրետ ասում են՝ չկա, չգիտենք ու վերջ, էդ է»:
Կարդացեք նաև
Ծնողները որոշել են ՊՆ-ի մոտ մնան այնքան, մինչեւ ՊՆ նախարարը իրենց չընդունի: Նա տեղեկացրեց, որ 25-ից ավելի ծնողներով շենքի մոտ են:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ