Գյումրիում սուբվենցիոն ծրագրի շրջանակներում վերանորոգվել են 11 բնակարաններ, որոնք ծառայելու են որպես սոցիալական բնակարաններ։ Ինչպես տեղեկանում ենք Գյումրու քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից, ծրագրի շրջանակներում կոսմետիկ վերանորոգում է իրականացվել, որի վրա ծախսվել է մոտ 13.5 մլն դրամ։
Գյումրու քաղաքապետարանի միջոցներով՝ 5 մլն դրամի շրջանակներում ևս երկու համայնքապատկան բնակարան են վերանորոգվել։ Տվյալ բնակարանները ևս ծառայելու են որպես սոցիալական բնակարաններ և տրամադրվելու են անօթևան ընտանիքների:
Aravot.am-ը Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանից հետաքրքրվեց, թե քաղաքի ո՞ր մասում են այդ բնակարանները։
Կարդացեք նաև
Պաշտոնյան պարզաբանեց, որ տարբեր հատվածներում են, անտեր մնացած բնակարաններ են, որոնք դարձել են համայնքապատկան, մի տեղ սանհանգույցը վերանորոգելու կարիք կար, մի տեղ դուռ-պատուհան կամ ջեռուցում տեղադրելու։
Այդ ամենն ավարտելով՝ կկարողանան քաղաքում թեթևացնել անօթևանության խնդիրը։
Քաղաքային իշխանության ներկայացուցիչներն այսօր շրջայց են կատարել բնակարաններ՝ ծանոթանալով տարվող աշխատանքներին, տեղում քննարկել են նաև բնակարանների բաշխման, շահառուների ընտրության հարցը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ