Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, օգոստոսի 30-ին ուղեկցել է Ֆրանսիայի մայրաքաղաքի եւ երկրի մի շարք ռեգիոնների կողմից Արցախի համար ուղարկված հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարների շարասյունը դեպի Կոռնիձոր։ Հումանիտար բեռներով 10 ֆրանսիական մեքենաներին Ադրբեջանը չթույլատրեց մուտք գործել Լեռնային Ղարաբաղ։ Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը եւ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը դիմավորելով ֆրանսիական պատվիրակությանը՝ նրանց ուղեկցեցին Կոռնիձոր։
Ֆրանսիացիներին Սերգեյ Ղազարյանն ու Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրին ստեղծված իրավիճակը։ Արդեն ասուլիսում Անն Իդալգոն ցեղասպանություն որակեց այն, ինչ այսօր կատարվում է Արցախում։
Օ-դը ֆրանս ռեգիոնի նախագահ Բերտրան Քսավիեն էլ նշեց, որ շատերը չգիտեն թե ինչ է կատարվում Արցախում։
Կարդացեք նաև
«Շատերը չգիտեն, որ 2023 թվականից Ադրբեջանը թույլ չի տալիս, որ արցախահայերը ապրեն: Շատերը չգիտեն, որ Արցախում երեխաները չեն կարողանում նորմալ սնվել, որ նորածին մանուկները բավականաչափ սնունդ չունեն եւ շատերը չգիտեն, որ խիստ սահմանափակ է նաեւ գազի, ջրի եւ էլեկտրաէներգիայի հասանելիությունը մարդկանց համար: Այդ մարդիկ այդ ամեն ինչից զրկված են Ադրբեջանի պատճառով, որը արհամարհում է միջազգային իրավունքը»,-ասաց Բերտրան Քսավիեն: Հենց այս պատճառով են Ֆրանսիայի տարբեր շրջանների ներկայացուցիչները միացել եւ կազմակերպել մարդասիրական այս աջակցությունը, որպեսզի մարդիկ կարողանան արժանապատիվ ապրել՝ մինչեւ միջազգային իրավունքի ամբողջապես գործելը: «Եվ դա մեզ արգելվեց: Եվ սա ենք ուզում ազդարարել եւ դատապարտել»,- նշեց Քսավիեն:
Օ-դը ֆրանս ռեգիոնի նախագահը կոչ արեց միջազգային հանրությանը դեպի Արցախ կազմակերպել նման նախաձեռնություններ։ «Ադրբեջանը ցանկանում է Լեռնային Ղարաբաղը բանտ դարձնել եւ այնտեղից քշել բնակիչներին: Մենք չենք ցանկանում, որ Լեռնային Ղարաբաղը դառնա վանդակ, այլ ցանկանում ենք, որ այնտեղի բնակիչները ազատ ապրեն»,- ասաց Բերտրան Քսավիեն:
Վերջինիս խոսքով՝ չպետք է սպասել, որ Արցախում հարյուրավոր զոհեր լինեն, որպեսզի միջազգային հանրությունը արթնանա:
Չնայած Ֆրանսիայից ժամանած պատվիրակության մեջ ամենատարբեր քաղաքական հայացքներ ունեցող քաղաքական գործիչներ են, բայց բոլորս պահանջը Ֆրանսիայի նախագահից նույն է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին ներկայացնել բանաձեւ՝ ի շահ Արցախի ժողովրդի։
Ֆրանսիայի Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետական» խմբակցության նախագահ, ԼՂ հարցով ուսումնասիրության խմբի ղեկավար Բրունո Ռըտայոն հայտարարեց, որ Արցախը վերածում է համակենտրոնացման ճամբարի՝ բաց երկնքի տակ։
«Այսօր տեղի ունեցողն Էթնիկ զտման եւ ցեղասպանության այդ փորձն ուղղված է 120 հազար մարդու դեմ, որից 30 հազարը երեխաներ են։ Մենք պահանջում ենք Ֆրանսիայի նախագահից, օգտվելով Ֆրանսիայի դիրքից, այսինքն՝ այն փաստից, որ Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է, ընդունել տալ մի բանաձեւ, որը վերջապես թույլ կտա բացել Լաչինի միջանցքը եւ դնել այն միջազգային պաշտպանության տակ, որպեսզի բացվի նաեւ երթեւեկությունը մարդասիրական ճանապարհով»,-ասաց ֆրանսիացի սենատորը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ