Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղդամի ճանապարհն այն վերջին ճանապարհն է, որով Արցախը կգնա դեպի սեփական մահապատիժ»․ Ձյունիկ Աղաջանյան

Օգոստոս 30,2023 20:00

«Այսօր արդեն փորձում են ստիպել Արցախի ժողովրդին համաձայնել չակերտավոր ինտեգրացիայի, որը հավասար է Արցախի ժողովրդի ցեղասպանությանը»,-«Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան, «Մայր Հայաստան» նախաձեռնության անդամ Ձյունիկ Աղաջանյանը։

Ըստ նրա՝ եթե մարդիկ համաձայն են նման դրույթի, ուրեմն համաձայնում են սեփական ձեռքով սեփական ժողովրդի մի մասին ցեղասպանել․ «Փորձում են պատասխանատվության բեռը բարդել ժողովրդի վրա։ Այսօր Արցախում տեղի ունեցողն այս տրամաբանության մեջ է։ Քանի դեռ կան ռուս խաղաղապահները, Արցախի հայաթափումը կամ ժողովրդի ցեղասպանությունը չի կարող իրականություն դառնալ։ Առնվազն ապահովում են նրանց անվտանգությունը։ Որպեսզի խաղաղապահներից ձերբազատվեն, պետք է հակառուսական տրամաբանություններ սերմանեն։ Կարմիր խաչի կողմից մեր հայազգի անձնավորությանը չպաշտպանելը և նրա առևանգումն Ադրբեջանի կողմից չէր կարող հակառուսական տրամադրությունների զարկ տալ։ Պետք էր նաև նման մի գործողություն արդեն ռուս խաղաղապահների միջոցով անել, դա ներկայացնել նաև՝ որպես բարոյական ճնշում Արցախի ժողովրդի համար, որ տեսեք՝ կապ չունի տարիքային ցենզը, բոլորն էլ մեր թրի տակով պետք է անցնեն, մենք կորոշենք՝ կապրեն Արցախում, թե՝ ոչ»։

Ըստ Ձյունիկ Աղաջանյանի՝ այս տարբերակը նաև Արցախում հանրային բողոքի ալիք բարձրացնելու համար էր․ «Բայց Արցախից եկած տեղեկություններից հասկացա, որ հանրությունը ցանկություն չի ունեցել այդ ճանապարհով գնալու։ Ցավոք, Արցախի ղեկավարությունը ևս տուրք է տալիս ՀՀ-ի գործող վարչախմբի պահանջներին, և ենթադրում եմ, որ տարբեր տեսակի ազդեցության գործոններ նրանք ունեն Արայիկ Հարությունյանի վրա։ Նա չի կարողանում խուսափել այդ թելադրանքն իրականություն դարձնելուց»։

Դիտարկմանը՝ խոսակցություններ կան, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը գիտեր, որ Ադրբեջանի կողմից առևանգված  երիտասարդները հետախուզման մեջ են և թույլ է տվել, որ նրանք գնան, Ձյունիկ Աղաջանյանը պատասխանեց․ «Տրամաբանության մեջ տեղավորվում է։ Այս ցուցակները հաստատվում են ամենաբարձր ղեկավարության կողմից։ Ղեկավարությունը նաև Արցախի ԱԱԾ կողմից համապատասխան կանաչ լույս է ստանում։ Հարց է ծագում, թե Արցախի ԱԱԾ-ն ինչո՞վ է զբաղվել, եթե նրանք տեղյակ չեն եղել, որ այդ երիտասարդների նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում»։

Անդրադառնալով այն փաստին, որ Ադրբեջանը Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով 40 տոննա ալյուր է ուղարկում Արցախ, Ձյունիկ Աղաջանյանն այսպես արձագանքեց․ «Եթե ուզում են Աղդամի ճանապարհն օգտագործել, պետք է հստակ մաքսային և այլ պետական ընթացակարգեր անցնեն, ինչպես Ադրբեջանը դա անում է Հակարի կամրջում։ Բնական է, նման հարցադրման դեպքում որևէ ադրբեջանական սննդամթերք չի ընդունի Արցախը, քանի որ ընդունելով այդ պայմանը, Ադրբեջանն ընդունում է, որ այնտեղ պետականություն գոյություն ունի, հետևաբար ընդունում է, որ ագրեսիա է իրականացրել և մարդկության դեմ հանցագործություն է կատարել։

Եթե Աղդամի ճանապարհը բացվում է առանց Լաչինի միջանցքի անվերապահ և առանց Ադրբեջանի կողմից մասնակի երթևեկի և շարժի իրականցման, դա նշանակում է, որ Արցախի ժողովուրդը համաձայնություն է տվել այն պայմաններին, որի ներքո նրանք պիտի ապրեն Ադրբեջանում։ Այս պարագայում մենք տեսնում ենք առևանգումներ, քրեական պատիժներ, չակերտավոր բարեգործության տրամադրման ներկայացում, տասնօրյա ժամկետ մեր երիտասարդներին։

Այսինքն՝ եթե Արցախի ժողովուրդը համաձայնում է Աղդամի ճանապարհի գործարկմանը առանց Արցախի ինքնուրույնության և պետականության ճանաչման, ժողովրդի ինքնուրույնության իրավունքի ճանաչման, առանց միջազգային մեխանիզմի, որը երաշխավորելու է հավասարը հավասարի բանակցությունների իրականացում, դա նշանակում է, որ Արցախի ժողովուրդը ստորագրել է չակերտավոր ինտեգրման տակ, որը միանշանակ կենթադրի առաջիկա առավելագույնը հինգ տարում Արցախի հայաթափում, ինչպես ունեցել ենք Նախիջևանում։ Աղդամի ճանապարհն այն վերջին ճանապարհն է, որով Արցախը կգնա դեպի սեփական մահապատիժը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031