Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր առաջարկները պոպուլիստական չեն, դրանք խիստ առարկայական են, հաշվարկված. Դավիթ Մարգարյան

Օգոստոս 30,2023 19:40

«Ապրելու երկիր» կուսակցության կողմից առաջադրվելու է որպես ավագանու անդամի թեկնածու Դավիթ Մարգարյանը գրում է.

Մեր թիմի նախընտրական ծրագրի կարևոր կետերից մեկը (ինքնա)կառավարվող լուսացույցներն են՝ խցանումները կարգավորելու նպատակով։

Որևէ մեկը ստույգ չգիտի, թե օրական Երևան քանի մեքենա է մտնում և դուրս գալիս, քանիսը տեղաշարժվում մի վարչական շրջանից մյուսը, օրվա որ ժամերին և ինչ ինտենսիվությամբ։ Մեր քաղաքի երթևեկությունը հնարավոր չէ ճշգրիտ կառավարել, եթե չկան այդ խիստ անհրաժեշտ տվյալները։ Այնինչ այդ տվյալները ստանալը դժվար չէ, եթե դա մարդու փոխարեն հաշվարկում է արհեստական բանականությունը։

Երևանի գրեթե բոլոր կարևոր խաչմերուկներում արդեն իսկ առկա են տեսախցիկներ, որոնց միջոցով հնարավոր է մեկ մեքենայի ճշտությամբ և 24-ժամյա ռեժիմով հսկել մեքենաների քանակը, տեղաշարժը օրվա ժամերին։

Օգտագործելով այս տվյալներն ու մեքենայական ուսուցումը (machine learning)՝ հնարավոր է վայրկյանի ճշգրտությամբ կարգավորել լուսացույցային ազդանշանները, մի քանի վայրկյան ավելացնելով կամ պակասեցնելով դրանց տևողությունը, հենց այդ պահին թեթևացնել երթևեկությունը խոշոր փողոցներում և պողոտաներում։

Առաջարկվող լուծման յուրահատկությունն այն է, որ կարգավորումները միայն կոնկրետ խաչմերուկներին չեն վերաբերում։ Համակարգը արդեն իսկ կանխատեսում է այս կամ այն խաչմերուկի հնարավոր ծանրաբեռնվածությունը՝ հիմնվելով դրանից մի քանի խաչմերուկ «վերև» կամ «ներքև» գտնվող խաչմերուկներում մեքենաների քանակի վրա։ Այն ավտոմատ կերպով հաշվում է ժամանակը, որը անհրաժեշտը կլինի փողոցի տվյալ հատվածի թողունակությունը հնարավորինս մեծացնելու համար՝ առանց չարաշահելու հատող փողոցներում սպասող վարորդների ժամանակը։

Ունենալով Երևան մտած մեքենաների թվաքանակը՝ կարելի է մեծ ճշգրտությամբ կանխատեսել նաև Երևանից դուրս եկող մեքենաների թվաքանակը, և ըստ այդմ էլ, կարգավորել քաղաք մտնող կարևոր փողոցների և մայրուղիների հատման հանգույցները։

Համեմատության համար նշենք, որ վերը նշված լուծման ամենապարզունակ մոդելը այսօր արդեն իսկ իրականացնում են պարեկային ծառայության աշխատակիցները, որոնք երթևեկության ծանր ժամերին փորձում են կարգավորել երթևեկությունը՝ «աշխատելով լուսացույցների փոխարեն», վտանգավոր միջավայրում՝ առանց պաշտպանիչ միջոցների (կեղտոտ օդ, խիստ վտանգավոր արտանետումներ և այլն)։ Եվ ինչքան մարդկային ռեսուրս է անտեղի վատնվում մի խնդիր կարգավորելու վրա, որը ամենայն հեշտությամբ կարելի է լուծել ինքնաշխատ համակարգերով։

Ավելորդ է նշել նաև, որ նման համակարգ ներդնելու դեպքում այն շատ ավելի լայն հնարավորություններ է բացում քաղաքային կառավարման համար, օրինակ՝ թույլատրելով հաշվարկել նաև, թե արդյոք նոր թաղամասի կառուցումը այս կամ այն հատվածում անթույլատրելի կերպով չի ծանրաբեռնելու հարող փողոցները, եթե չենք կառուցում նոր ճանապարհներ և այլն։ Համակարգը կհաշվարկի նաև Երևանին անհրաժեշտ կայանատեղերի օպտիմալ թվաքանակը, քաղաքային խոշոր կառուցապատման դեպքում այլընտրանքային երթուղիների հեշտ և արագ նախագծումը, առկա ազատ կայանատեղերի վերաբերյալ տեղեկություններ, բազում այլ առավելություններ և գրեթե անսպառ հնարավորություններ։

Մեր առաջարկները պոպուլիստական չեն, դրանք խիստ առարկայական են, հաշվարկված և իրատեսական։ Իսկ նման առաջարկներ ներկայացնելու նախապայմանը մեկն է՝ Մենք գիտենք ինչպես։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031