«Ամեն ինչ կարգավորված, պլանավորված է։ Քարոզարշավ չի նշանակում, որ առաջին օրվանից պիտի գնաս, բակային հանդիպումներ անես։ Քարոզարշավի մեջ ամեն ինչ մտնում է։ Մենք մեր քարոզարշավը շատ վաղուց սկսել ենք գեղեցիկ կերպով»,- Նոր Նոր վարչական շրջանում քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը։
Նա հավաստիացրեց՝ ինչ հետաքրքրում է երևանցիներին, այդ տեղեկատվությունը տալիս են։ Անիմաստ համարեց ամեն օր նույն հարցերի շուրջ խոսելը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ հիմա այնքան օրհասական է վիճակը Արցախի հարցով մի՞թե տեղին էին այս ընտրությունները, Հայկ Մարությանը պատասխանեց․ «Մեր երկրի համար այսօր ամենամեծ մարտահրավերն Արցախի հարցն է, մյուս կողմից չանել ընտրություններ, ճիշտ չէր լինի։ Մեր քաղաքական թիմն այն կարծիքին է, որ սա սկիզբ է նոր փոփոխությունների։ Իշխանությունն այսօր չի կարողանում ի կատար ածել ժողովրդի ցանկությունները, այն, ինչ մենք հայտարարել էինք 2018-ին՝ հեղափոխության ժամանակ։ Լավագույն և միակ ձևն այդ ամենից դուրս գալու հենց ընտրություններն էին։ Հենց դրա համար էինք հին իշխանությանը 2018-ին դեմ դուրս եկել, ուղղակի մեզ չէին թողնում ընտրություններով հասնել փոփոխությունների։ Հուսամ, որ գոնե այդ մի բանը 2018-ին ձեռք ենք բերել, որ կարող ենք ընտրությունների միջոցով հասնել փոփոխությունների»։
Կարդացեք նաև
Հարցին՝ այսինքն՝ քաղաքականություն մտնելու հա՞յտ է ներկայացնում և արդյոք պատրաստվո՞ւմ է նաև արտաքին քաղաքական թեմաներով զբաղվել, Հայկ Մարությանը պատասխանեց․ «Արտաքին դիսկուրս կլինի։ Ես և′ քաղաքապետ եմ, և′ քաղաքական ուժ ենք լինելու, մեր կարծիքն այս կամ այն գործընթացների վերաբերյալ հայտնելու ենք։ Սա մեր քաղաքական դաշտի առողջացման միակ ճանապարհն էր։ Ամենակարևորը, սա պետք է անել միայն ընտրությունների միջոցով, հենց դրա համար հորդորում եմ մեր երևանցիներին՝ անպայման գնացեք ընտրությունների»։
Aravot.am-ը Հայկ Մարությանին հիշեցրեց՝ ընդդիմախոսներն իրեն մեղադրում են այսպես կոչված «կուսակցություն վարձելու» հարցում, Հայկ Մարությանն արձագանքեց․ «Չեմ ուզում մեկնաբանել ինչ-որ մարդկանց ինչ-որ ասելիքները։ Սյուժեներից ինձ են ջնջում, իրենց ներկայացուցիչները թքում են մարդկանց վրա, չգիտեմ՝ էդ մարդիկ ինչո՞վ են առաջնորդվում»։ Հետաքրքրվեցինք՝ իրեն կադրից ջնջելու հարցով իրավական գործընթաց սկսելո՞ւ է, Հայկ Մարությանը պատասխանեց․ «Իրավական գործընթացի կարիք չկա, ժողովուրդն իր գնահատականը տվել է։ Դա շատ ավելի ուժեղ անդրադարձ է, քան իրավական խնդիրները»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ