Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանն, անտաղանդ բեմադրած ներկայացմամբ, կրկին փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը

Օգոստոս 30,2023 18:44

Միջազգային հորդորներն ու դատարանների վճիռներն արհամարհող Ադրբեջանն, անտաղանդ բեմադրած ներկայացմամբ, կրկին փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը:

Ութ ամիս շարունակ Արցախը պաշարած,  120 000 մարդու, այդ թվում 30 000 երեխաների սովի ու զրկանքների մատնած, Բերձորի «Լաչինի» միջանցքում ապօրինի տեղադրված անցակետում մարդկանց առևանգող  Ադրբեջանը հանկարծ «բարի կամք» է բեմադրում՝  «Կարմիր մահիկի» մեքենաներով 40 տոննա ալյուր ուղարկելով Ակնա (Աղդամ): Եվ դա «Կարմիր Խաչի» մեքենայից Արցախի Հանրապետության քաղաքացուն առեւանգելուց հետո…

Նման «գթասրտության» դրդապատճառները միանգամայն պարզ են.  առաջ անցնել Փարիզի և Ստրասբուրգի քաղաքապետերի բարձր հովանավորությամբ ու անմիջական մասնակցությամբ Արցախ ուղևորվող ֆրանսիական բեռնատարերից և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով պարտադրել ինտեգրման սեփական օրակարգը։

Ադրբեջանի նման մանիպուլատիվ հակատրամաբանական քայլերը գուցեև ընդունելի են շատերի համար, բայց հաստատ՝ ոչ արցախցիների։

Որևէ բեռի տրամադրում  մի պետության կողմից, որի պետական քաղաքականության հիմքում հայատյացությունն է, իսկ նպատակը՝ Արցախի վերջնական հայաթափումը,   ուղիղ սադրանք է անկանխատեսելի հետևանքներով։

Արցախի անվտանգության և զարգացման ճակատը շարունակում  է պնդել  Հակարիի կամրջին ադրբեջանական ապօրինի տեղադրված անցակետի ապամոնտաժման և Հայաստանի հետ անխափան կապի վերականգնման պահանջը և հետևողականորեն պայքարելու է՝ թույլ չտալու Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով ադրբեջանական բռնատիրական պլանի իրագործումը:

Միևնույն ժամանակ, Ճակատը Արցախի Հանրապետության իշխանություններին կոչ է անում ճգնաժամային այս իրավիճակում, զերծ մնալ «Հացի խնդրի» վերաբերյալ հանրության մեջ խուճապ հարուցող հայտարարություններից եւ   հանրապետությունում առկա պարենային պաշարների կառավարումն իրականացնել ռազմական դրության իրավական ռեժիմի պահանջներին համահունչ, հստակ մշակված մեխանիզմներով:

Արցախցին պատրաստ է հաղթահարել ցանկացած դժվարություն, սակայն պատրաստ չէ զիջելու իր արժանապատվությունը:

Արցախի անվտանգության և զարգացման ճակատ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031