«Ես խնդրում էի, որ մեզ գումար տրամադրեին, չէին տրամադրում։ Մեկ էլ ընտրություններից առաջ 10 միլիարդ դրամ։ Դա ահռելի գումար է։ Երբևէ չէինք կարող երազել, որ հնարավոր է այդքան գումար կառավարությունը տա»,- հարցին՝ ՔՊ-ն վարչական ռեսուրս կիրառո՞ւմ է, Նոր Նորք վարչական շրջանում լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից Երևան քաղաքին հատկացումներին։
Հայկ Մարությանն ասաց՝ ուրախ է, որ տվել են․ «Բայց մյուս կողմից մի փոքր մտահոգություն կա, որ այդ գումարներն ինչ-որ տեղ մսխվում են, քանի որ աշխատանքներն այն արագությամբ ու որակի են կատարվում, որ հետո նորից պիտի կատարվեն։ Օգտագործվում է հանրային ռեսուրսը։ Մեզ անընդհատ տարբեր տեղերից հայտնում են, որ պետական հիմնարկներում մարդկանց հավաքում, ասում են՝ դուք գիտեք, թե ում պիտի քվեարկեք, այլ քաղաքների համայնքի ղեկավարներ են արդեն զբաղվում Երևանի ընտրություններով»։
Հայկ Մարությանն ասաց՝ ինքը չէ, որ պիտի գնահատի՝ ՔՊ-ն վարչական ռեսուրս կիրառում է, թե՝ ոչ․ «Դա պիտի անեն դիտորդները։ Դիտելով իրենց զեկույցները՝ կարող եմ ասել, որ այո, արդեն կա այդ վարչական ռեսուրսը։ Կա երկու տիպի վարչական ռեսուրսի օգտագործում, որը ժողովուրդը տեսնում է և որը չի տեսնում։ Որը տեսնում է, դա այն է, որ կառավարությունը երկար տարիներ իմ խնդրանքներին արձագանքել է այնպես, որ մենք գումար չունենք, չենք կարող, զրո դրամ են հատկացրել քաղաքային իշխանությանն այն ժամանակ, երբ մենք լրջագույն խնդիրներ ունեինք՝ աղբահանություն, վերելակների խնդիր, տրանսպորտ, մեկ էլ ընտրություններից առաջ 10 միլիարդ դրամ»։
Կարդացեք նաև
Լրագրողների դիտարկմանը՝ պարզաբանել են, որ այդ գումարները չեն տրամադրվել, քանի որ 2018, 2019, 2020 թվականներին կատարողականի հետ կապված խնդիրներ են ունեցել, Հայկ Մարությանն այսպես արձագանքեց․ «Դա չի համապատասխանում իրականությանը, որովհետև կատարողականը միշտ պետք է կապել այլ աշխատանքի հետ, որը պիտի լիներ։ Մենք գումարներ էինք ուզում վերելակների և ավտոբուսների համար, այն մնացած աշխատանքի հետ կապ չունի։ Այդ աշխատանքներն առանձին ճանապարհով գնում էին, և դրանց կատարողականը հարյուր տոկոս կլիներ։ 2020-ին քովիդ ու պատերազմ էր, 2019-ին բյուջեն ես չէի կազմել, մենք պիտի ի կատար ածեինք, կարող էին փոքրիկ թերացումներ լինել»։
Աղբահանության խնդիրների մասին էլ Հայկ Մարությանն ասաց․ «Իդեալական աշխատող հիմնարկ ենք հիմնել։ Այս պահին թերացումներ կան, դա կապված է միայն կառավարման հետ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ