Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ․ «Նոր ուսումնական տարին մեկնարկում է բավականին փոփոխված ծրագրով եւ անելիքների մեծ ծավալով»

Օգոստոս 30,2023 17:41

ԿԳՄՍ նախարարության հանրակրթության նախնական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտը համակարգող փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այսօր ներկայացրեց նոր ուսումնական տարվա մեկնարկի նախապատրաստական աշխատանքները, նոր չափորոշչի ներդրման փուլային աշխատանքների ընթացքը։ Նա ասաց, որ նոր ուսումնական տարին մեկնարկում է բավականին փոփոխված ծրագրով եւ անելիքների մեծ ծավալով, որոնց համար նախապատրաստական աշխատանքները իրականացվել են ամբողջ տարվա ընթացքում եւ շարունակվում են ներկա փուլում։

«Առաջինը, որն ուղղակիորեն վերաբերում է կրթության արդյունավետությանը եւ մեծ ազդեցություն է ունենալու, հանրակրթության պետական չափորոշչի ներդրումն է հանրապետության բոլոր դպրոցների 2-րդ, 5-րդ եւ 8-րդ դասարաններում։ Այդ չափորոշիչը Տավուշի մարզում նախորդ տարիներին փորձարկվել է, համապատասխան կարգավորումները կատարվել են։

Իրականացվել են վերապատրաստումներ։ Մյուս կարեւոր բաղադրիչը նոր չափորոշչին համապատասխան դասագրքերի տպագրության մրցույթների եւ գործընթացների իրականացումն էր»,- ասաց նախարարի տեղակալը։

Նրա խոսքով, շուրջ 17 տարի մեր երկրում դասագրքեր ստեղծելու գործընթաց չէր իրականացվել, ինչի հետեւանքով իրենք բավականին լուրջ խնդիրներ են ունեցել ինչպես դասագրքաստեղծ խմբերի ձեւավորման, այնպես էլ դասագրքերի փորձաքննության կազմակերպման հետ կապված։ «Այն դասագրքերը, որոնք այս տարի կմտնեն դպրոց, փորձնական դասագրքեր են։ Եվ մենք շատ կարեւորում ենք մասնագիտական հանրույթից, ուսուցիչներից, նաեւ ծնողական համայնքից եկող արձագանքը»,-ասաց փոխնախարարը։

Տիկին Սվաջյանն անդրադարձավ նաեւ դպրոցներում ուսուցիչների վարձատրման նոր մոդելին։ «Մենք սեպտեմբերից ունենալու ենք ֆինանսավորման նոր մոդել, որը կոնցեպտուալ կտրուկ փոփոխություն է։ Եթե նախկինում գործող մոդելը երեխա թվով ֆինանսավորում էր դպրոցների համար, հիմա մենք դասարան թվով ֆինանսավորում ենք իրականացնելու, որն ուղղակիորեն հատկապես մեծ ազդեցություն է ունենալու փոքրաթիվ սովորողներ ունեցող դպրոցների վրա, որոնք իրենց աշակերտների փոքր համակազմով պայմանավորված՝ մշտապես խնդիրներ էին ունենում ֆինանսավորման հետ կապված։ Ֆինանսավորման նոր մոդելը թույլ է տալու այս խնդիրներից խուսափել։ Մենք ֆինանսավորման նոր մոդելի պայմաններում ունենալու ենք ուսուցիչների ֆինանսավորման նոր դրույքաչափ․ գործող 22 ժամվա փոխարեն 2-րդ դասարանում ուսուցիչները 18 ժամ են դասավանդելու, իսկ 5-րդ եւ 7-րդ դասարաններում՝ 20-ական ժամ»։

Նախարարի տեղակալի խոսքով՝ այս տարվանից դպրոցներն իրենց բյուջեն հաշվարկելու են ամբողջովին ավտոմատացված համակարգով։

«Կուզեմ խոսել նաեւ ֆինանսավորման երկու կարեւոր փոփոխության մասին եւս։ Մեկը հոգեբանական ծառայության ներդրումն է։ Հանրապետության բոլոր դպրոցներում ներդրում ենք հոգեբանի ծառայություն, որովհետեւ դպրոցն այն միջավայրն է, որը պիտի ոչ միայն գիտելիքներ, կարողություններ, հմտություններ ձեւավորի, այլ նաեւ արժեքային համակարգ։ Երեխան որպես անձ պիտի ձեւավորվի։ Դպրոցը պիտի դառնա այն միջավայրը, որտեղ երեխան որակյալ եւ արդյունավետ ուսումնառություն իրականացնելու հնարավորություն կունենա։ Հետեւաբար, հոգեբանի հաստիքի ներդրումը շատ կարեւորում ենք։

Հաջորդը վերաբերում է ներառական կրթության ֆինանսավորմանը։ Հիմա նոր ֆինանսավորման բանաձեւում ունենք երկու նպատակային տողեր, որոնցից առաջինը վերաբերում է ֆիզիկական միջավայրի հարմարեցումներին, որի համար առանձին ֆինանսական միջոցներ ենք հատկացնելու, որպեսզի դպրոցներում գոնե նվազագույն հարմարեցումներն ապահովվեն։ Եվ երկրորդ նպատակային տողով խելամիտ հարմարեցումների ապահովումն է, որն արդեն կոնկրետ երեխայի համար այս կամ այն տիպի միջավայրային ապահովման համար է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031