Լրահոս
Օրվա լրահոսը

Կան մարդիկ, որոնք քաղաքի հետ որևէ առնչություն չունեն. Դավիթ Խաժակյանը՝ մրցակիցների մասին

Օգոստոս 30,2023 17:32

Մարդիկ ինձ շատ հստակ ճանաչում են որպես քաղաքային գործիչ, նրանք ինձ դիմում են տարբեր հարցերով, հատկապես այդ զանգերի քանակն ավելացել է իմ հեռախոսահամարը հրապարակելուց հետո: Մարդիկ կոնկրետ ծրագրային դրույթներ տիրապետելով՝ պարտավորեցնում են ինձ համատիրությունների ծրագիրն անպայման կյանքի կոչել: Aravot.am-ին նման պատասխան տվեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը, երբ խնդրեցինք քարոզարշավի 8-րդ օրը գնահատել իրենց կուսակցության շանսերը:

Դավիթ Խաժակյանն այն կարծիքին է, թե քաղաքային ընտրությունների նկատմամբ մարդկանց տեղեկացվածությունը բարձր է, թեպետ դեռևս կողմնորոշման փուլում են: Նա վստահ է, որ սեպտեմբերից տեմպը կավելանա, քանի որ օգոստոսյան արձակուրդներով պայմանավորված՝ մարդկանց մի մասը քաղաքից բացակայում է:

Բայց արդյոք մարդկանց իսկապես հետաքրքրո՞ւմ են քաղաքի ընտրությունները, թե՞ նրանք ավելի Արցախի խնդրով են մտահոգ, մեր ճշտող հարցին՝ Խաժակյանը պատասխանեց․ «Մարդիկ կարծում են, որ Արցախի խնդիրը համապետական խնդիր է, բոլորը մտահոգ են, մենք էլ քննարկում ենք իրենց մտահոգությունները, բայց մարդիկ նաև ասում են, թե ի վերջո՝ այս քաղաքի խնդիրները պե՞տք է լուծվեն, թե՞ չլուծվեն: Մարդիկ փորձում են կողմնորոշվել, այն մարդիկ, ովքեր հավակնում են դառնալ քաղաքային կառավարման մաս՝ ուզո՞ւմ են զբաղվել քաղաքային խնդիրներով, թե՞ քաղաքական խնդիրները տրաֆարետ դարձնելով են փորձելու ձայն հավաքել: Ես իրենց պատասխանում եմ, որ մտահոգ լինելով բոլոր համապետական խնդիրներով՝ համարում եմ, որ քաղաքային խնդիրները պետք է շարունակվեն լուծվել»:

Նա դարձյալ չցանկացավ առանձնացնել որևէ քաղաքական ուժի, որպես իրենց մրցակցի, սակայն նշեց, որ կան մարդիկ, որոնք քաղաքի հետ որևէ առնչություն չունեն, «ավելի շատ քաղաքական կերպարներ են, բայց միևնույն է՝ եթե ունեն քաղաքի խնդիրներով զբաղվելու հավակնություն՝ այդ հավակնության գնահատականը տալու են քաղաքացիներն ընտրությունների ժամանակ»:

-Ձեր ծրագրի տարբերվող թեզը վերաբերում է համատիրությունների վերացմանն ու գործառույթները քաղաքապետարանին փոխանցելուն, նույնիսկ 4 մլրդ. դրամ հավաքագրված ու վատնված միջոցների մասին եք խոսել, այն դեպքում, երբ օրինակ «Հանրապետություն» և «Հաղթանակ» կուսակցությունները ճիշտ հակառակը՝ կարծում են, որ քաղաքապետարանի գործառույթները գերագնահատված են, ամեն ինչ կենտրոնացված է կառավարվում և ապակենտրոնացման կարիք կա: Ինչպե՞ս եք դա պատկերացնում, հակասություն չկա՞:

-Հակասություն չկա, քանի որ Երևանի վարչական շրջանները իրականացնում են Երևանի քաղաքապետարանի ծրագրերը, սա մեկ միասնական մարմնի տարբեր թևեր են: Այն, որ մեր վարչական շրջանների կարողությունները պետք է հզորացնել և դարձնել ավելի առարկայական և լիազորությունները պատվիրակել վարչական շրջաններին՝ սա աներկբա է, սա ընդունում եմ: Բայց վարչական շրջանների գործունեությունը պայմանավորված է քաղաքապետարանի բյուջեով, քաղաքապետարանի մշակած ծրագրերով, վարչական շրջաններն անկախ, ինքնուրույն մարմիններ չեն և չեն էլ կարող լինել, ուստի այս իմաստով, երբ ես ասում եմ, որ քաղաքապետարանի վրա պետք է դրվի բազմաբնակարան շենքերի կառավարման պարտականությունը՝ ես նկատի ունեմ, որ դա պետք է իրականացվի քաղաքային տարբեր ստորաբաժանումների միջոցով, ոչ միայն վարչական շրջանների, բայց առավելապես՝ վարչական շրջանների միջոցով:

Այսինքն Դուք եւս կողմնակից եք վարչական շրջանների հզորացմա՞նը։

-Այո, բայց ես միշտ կողմնակից եմ եղել նրան, որ բոլոր այն ծառայությունները, որոնք հնարավոր է կետրոնացնել, դարձնել «մեկ պատուհանի» սկզբունքով՝ այդպես անել։

-Դուք ձեր քարոզչության մարտավարությունը կառուցել եք քաղաքացիների բողոքների հիման վրա, կարծում եք դա արդարացվա՞ծ է։

-Այդ հանդիպումներին մենք դասական իմաստով քարոզչություն չենք իրականացնում, բուկլետներ չենք բաժանում, որովհետև կարծում ենք, որ մարդիկ մեզ հրավիրել են լսելու իրենց խնդիրները և ապագայում լուծումներ տալու: Մենք չենք ցանկանում իրենց խնդրի վրա մեր նախընտրական քարոզչությունը տարածել:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031