Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուբեն Վարդանյանը հայտնում է մտահոգություններ, Արայիկ Հարությունյանին թողած՝ Ռուբեն Վարդանյանին են սկսում քննադատել». Մեսրոպ Առաքելյան

Օգոստոս 30,2023 18:22

«Այդ մարդիկ իրենց ասածը չեն անում, մի հատ էլ ասում են՝ ասեք՝ կանենք: Ի՞նչ ասենք: Դուք եք ասել, որ Մինսկի խմբի շրջանակներում պետք է շարունակվի Արցախի ինքնորոշման իրավունքի գործընթացը, պետք է ամեն ինչ արվի Արցախի սահմանների վերականգման համար ԼՂԻՄ-ի շրջանակներում, այսինքն՝ Շուշին ու Հադրութը, դա ՔՊ-ի ծրագիրն է, որով պետք է զբաղվեին,ինչի՞ չեն զբաղվել»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանը:

Նա ասաց, որ մենք արցախցիներին իրավունք չունենք մենակ լինելու, այս պայքարը պետք է դառնա ՀՀ արտաքին ու ներքին քաղաքականության թիվ մեկ օրակարգ:

Հարցին՝ դուք գիտե՞ք ինչ է կատարվում Արցախում ներքաղաքական իրավիճակի հետ կապված, Արայիկ Հարությունյանին հրաժարականի պահանջ է դրվում, հետո նա է հայտարարում այդ մասին, հետո Ռուբեն Վարդանյանը գնահատականներ է տալիս Արայիկ Հարությունյանի որոշման փոփոխման հետ կապված, ասում է՝ 8 հոգու հետ հանդիպել են, դուք գիտե՞ք ովքեր են այդ 8 հոգին եւ Ռուբեն Վարդանյանը ի՞նչ առնչություն ունի հայտնի կամ անհայտ այդ ութնյակի հետ՝ Մեսրոպ Առաքելյանը պատասխանեց. «Ռուբեն Վարդանյանը խոսում է Արայիկ Հարությունյանից, հայտնում է մտահոգություններ, թողած Արայիկ Հարությունյանին՝ Ռուբեն Վարդանյանին են սկսում քննադատել, թե ինչ է ասել:

Լավ, Ռուբեն Վարդանյանին չեք սիրում, վատն է: Ռուբեն Վարդանյանը Արայիկ Հարությունյանի հրաժարականը չի պահանջել, մենք որեւէ մեկի հրաժարականը չենք պահանջել: Ռուբեն Վարդանյանն արձանագրում է, որ Արայիկ Հարությունյանը պարբերաբար խոսափում է առաջնորդություն ստանձնելուց: Արցախի պետական համակարգը ունի հստակ առաջնորդության կարիք:

Ներկա Սահմանադրությամբ պետք է առաջնորդությունը ստանձնի Արցախի նախագահը: Ռուբեն Վարդանյանը արել է առավելագույնը, որ Արցախի պետական համակարգը լինի ամուր: Գաղտնիք չէ, որ Արայիկ Հարությունյանը իր վարքագծում, քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություններ է անում, որը վտանգավոր է ոչ միայն Արցախի համար, այլ նաեւ հասարակության մոտ անընդհատ մթնոլորտի փոփոխություն առաջացնելով: Բնական է, դա մեծ լարվածություն է առաջացնում: Երեկվանից արդեն Ակնայի՝ Աղդամի մոտ հումանիտար բեռներ են ու ես խոնարհվում եմ արցախցիների կամքի առջեւ, որ արդեն երկար ժամանակ է՝ ցամաք հացի խնդիր ունեն, բայց իրենք են փակում այդ ճանապարհը: Մարդիկ սոված պահում են իրենց արժանապատվությունը ու մենք այդ արժանապատվությունը պետք է սարքենք մեր պետական քաղաքականության հիմնասյուն»:

Նա նշեց, որ իհարկե, Արցախի իշխանությունը չի խուսափում Ադրբեջանի հետ բանակցելուց, բայց ձեւաչափի հարցն է կարեւոր, Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների համար ՀՀ-ի առաջնորդությունն է պետք: Մինչդեռ այսօր Արցախի հարցը բերել հասցրել են մարդկանց ֆիզիկական գոյության հարցին:

Հարցին՝ ձեզ չի՞ մտահոգում այն, որ ԿԸՀ նախագահը Նիկոլ Փաշինյանի վաղեմի ընկերն է ու նրա միջոցով ընտրակեղծարարության հնարավորությունները հասանելի չե՞ն ՔՊ-ի համար՝ նա պատասխանեց. «Որոշել են, որ Վահագն Հովակիմյանն է ԿԸՀ նախագահը՝ ինքն է: Այլ անկախ կառույցներ էլ կան, որ ղեկավարում են պաշտոնյաներ, որոնք ուղիղ առնչություն ունեն իշխանության հետ: Այդ փաստը, ինչպես նաեւ իշխանության ռեսուրսների օգտագործման այլ փաստերը ընդունում ենք ի գիտություն: Մեր ռեսուրսները բավարարում են, որ հաղթանակ ապահովենք: Մի տեղ Վահագն Հովակիմյանն է, մի տեղ՝ այլ մարդ, չենք լարվում այդ փաստից»:

Մեսրոպ Առաքելյանը նաեւ ասաց, որ առնվազն 5 ուժ «Ապրելու երկրի» դեմ է պայքարում. «Այդ ուժերը միայն քարոզարշավի ժամանակ են իմացել, որ նման կուսակցություններ կան, անուններ չենք տալիս: Տարբեր ձեւերով՝ ուղղակի, անուղղակի սկսել են պայքարել, նորմալ ենք համարում»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031