«Առաջին տարին է այս տարին, որ Երեւանի քաղաքապետարանը 15 կմ կոյուղի է կառուցում»,- այսօր Աջափնյակ վարչական շրջան կատարած այցի ժամանակ լրագրողներին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։ Հարցին, թե ինչո՞ւ նախկինում չի արվել այդ աշխատանքը, Ավինյանը պատասխանեց․ «Չգիտեմ, լավ չեն աշխատել»։
Նա նշեց, որ նախկինում եղել է ժամանակաշրջան, երբ քաղաքապետարանն իր իսկ բյուջեն չի կարողացել ծախսել, ընդամենը 60 տոկոս կատարողական է ունեցել։ «Կառավարման հմտություններ չեն եղել ուղղակի»,- հավելեց նա։
Անդրադառնալով նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությանը, որ իր պայքարի շնորհիվ են Երեւան բերվել MAN մակնիշի ավտոբուսները, Տիգրան Ավինյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ ոմանց որ լսենք, հեղափոխությունն էլ են իրենք արել։ Իրենց ըլնի, ինչ արել են, ապրեն, իրենք են արել, թող իրենց մնա, դա էլ իրենցը թող լինի։ Ես էլ ինքս հեշտ մարդ չեմ եւ միշտ չէ, որ իմ գործընկերների հետ կարողանում ենք լեզու գտնել։ Կան հարցեր, որ շատ երկար վիճում ենք, շատ սուր ենք վիճում, բայց ես ձեզ վստահեցնում եմ՝ երբեւէ չի լինում, որ դրանից աշխատանքը տուժի, որ Երեւան քաղաքում երեւանցին տուժի այդ վեճերի պատճառով։ Ոչ, հակառակը, ամեն մարդու ամենակարեւոր խնդիրն է իր նպատակներին համահունչ իրականացնել այդ ծրագրերը։ Այո, կարելի է կռվել բոլորի հետ, թքել, դուռը շրխկացնել եւ դուրս գալ ու բոլոր ծրագրերը գցել ջրհորը։ Եվ դրանով ավարտել, ասել՝ էս էր մեղավոր, էն էր մեղավոր, սա լավը չէր, սա սեւ էր, սա սպիտակ էր, բայց էլի սեւ էր։ Անընդհատ դա կարելի է ասել, բայց դրանից ոչ մի բան չի փոխվում, միայն գործն է տուժում։ Թե բոլոր մեր նախկին գործընկերներն ինչեր են ասում, դա իրենց խնդիրն է։ Բայց ես մի բան գիտեմ՝ եթե շուրջբոլորը բոլորը վատն են, եւ միայն դու ես լավը, այդտեղ վստահաբար քո մեջ խնդիր կա»,- ասաց Ավինյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ