«Ադրբեջանն ակնկալում է ճնշումների միջոցով ծնկի բերել Արցախը, սակայն դա նրան չի հաջողվի: Մենք կարողանում ենք հարգել, բայց ծնկներս չենք ծալելու ու պայքարելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ հնարավորություն ունենք։ Չնայած նրան, որ արդեն աշխարհից, համաշխարհային հանրությունից, գերտերություններից ակնկալիքներ չկան, մենք շարունակելու ենք մեր պայքարը»,- ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի եւ ֆրանսիական պատվիրակության անդամների հետ ասուլիսին։
Արայիկ Հարությունյանը տեսակապի միջոցով էր միացել։ Նա շնորհակալություն հայտնեց ֆրանսիական պատվիրակությանը՝ հումանիտար օգնության համար։
«Արցախն իր ամենադժվար շրջանն է ապրում. Արցախը չի մոռանա իր լավ ընկերներին, որոնք այսօր աջակցում են իրեն»,-ասաց նա՝ նշելով, որ Արցախի համար արժանապատվությունը ավելի կարեւոր է:
Արմեն ԴԱՎԹՅԱՆ