«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը Աջափնյակ վարչական շրջան կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությանը, թե իրենք 50+ տոկոս ձայներ են ակնկալում։ «Ես ակնկալում եմ, որ մարդիկ մի քիչ ավելի իրատես լինեն իրենց քաղաքական ամբիցիաները հայտարարելիս։ Վստահ եմ՝ երեւանցիները սեպտեմբերի 17-ին իրենց կամքը կարտահայտեն եւ ցույց կտան»,- ասաց Տիգրան Ավինյանը։
«Մենք ակնհայտորեն այս ընտրություններում հաղթանակ ենք տոնելու։ Մի շատ կարեւոր բան՝ մենք երեւանցիների, մեր ժողովրդի հետ մեկ ենք։ Եվ երբ գնում էինք վարչական շրջաններ՝ իրենց հետ խոսելու, հասկանում ենք, որ մեր խնդիրներն էլ նույնական են։ Եվ մենք հասկանում էինք մարդկանց, մենք կաբինետներում չէինք փակվում եւ մտածում, որ մենք շատ խելացի ենք։ Մենք գնում էինք ամենահեռավոր թաղամասեր, 9-րդ, 8-րդ մասիվներ, գնում էինք Ներքին Չարբախ, Նոր Խարբերդ, եւ այդպես շարունակ։ Ամենահեռավոր թաղամասերում, երբ մարդկանց խնդիրները լսում ես ու տեսնում ես, թե որոշ պաշտոնյաներ ինչքան են մեկ-մեկ կտրվում այդ իրականությունից, հասկանում ես, որ մարդկանց հետ պետք է ուղիղ աշխատել, նամանավանդ, երբ քո գործը մարդկանց խնդիրները լուծելն է»,- հավելեց Ավինյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ