Արաբկիր վարչական շրջանի Գյուլբենկյան 44 հասցեի բազմաբնակարան շենքի վերելակն իսկը Փաշինյանի ասած՝ մահվան վերելակն է։ Այն ամեն ամիս մեկ-երկու, նույնիսկ երեք անգամ փչանում է։ Վերելակի անսարքությունը շտկելն էլ սովորաբար տեւում է մի քանի ժամից մինչեւ մեկ-երկու օր։
Օրերս էլ այս նույն շենքի վերելակի դռները խափանվել էին, առաջին հարկում մի դուռը (տե՛ս լուսանկարում եւ տեսանյութում) չէր փակվում, ավելի ճիշտ՝ կիսափակ վիճակում էր, վերելակի հորը բաց էր, այնքան բաց, որ եթե շենքի երեխաներից մեկը հետաքրքրությունից դրդված մոտենար ու անզգույշ շարժում աներ՝ կընկներ հորը։ Այսպես վերելակի հորը բաց մնաց մեկ շաբաթ։
2020-ին շենքի բնակիչներին Երեւանի քաղաքապետարանից վստահեցրել էին, որ այն փոխման ենթակա չէ, վերելակների փոխարինման ցանկում չկա, քանի որ մի քանի տարի առաջ են փոխել այն։
Օգոստոսի 28-ին Aravot.am-ը այս խնդրի առնչությամբ դիմել էր Երեւանի քաղաքապետարան։ Լրատվական բաժնից վստահեցրին՝ Գյուլբենկյան 44 հասցեի վերելակը երբեք չի փոխվել։ Ապա վերելակը սպասարկող ընկերության եւ քաղաքապետարանի աշխատակիցները տեղում ստուգել են վերելակը ու եզրակացրել․ «Վերելակի վրա միտումնավոր ներգործություն կար, դռան վրա ոտքի հետք կար, ինչը վկայում է այն մասին, որ ինչ-որ մեկը միտումնավոր վնասել է վերելակը»։ Մեր դիտարկմանը՝ վերելակն ամեն ամիս խափանվում է, քաղաքապետարանի լրատվականից՝ հղում անելով մասնագետների կարծիքին, ասաց՝ այդ շենքից ինչ-որ մեկը շատ է ցանկանում, որ իրենց վերելակը փոխարինման ցանկում ներառվի, դրա համար էլ վնասում է։ Նման պնդում անելու համար քաղաքապետարանը գոնե տեսանյութ կամ լուսանկար պետք է ունենա, որ բնակիչը միտումնավոր փչացնում է վերելակը, հակառակ դեպքում բնակիչներն էլ կարող են պնդել, որ քաղաքապետարանն իր անգործությունը փորձում է բարդել բնակիչների վրա։
Կարդացեք նաև
Քաղաքապետարանից նաեւ վստահեցրին, որ փորձաքննությունը պարզել է, որ վերելակի հանգույցները, մարտկոցը բարվոք վիճակում են, իսկ փոխարինման ցանկում առաջնային ներառվում են այն վերելակները, որոնք ծայրահեղ վատ վիճակում են։ Այդուհանդերձ, քաղաքապետարանից նաեւ վստահեցրին, որ տարեվերջին, երբ կազմվի վերելակների փոխարինման ծրագիրը, եւս մեկ անգամ կդիտարկվի նշված հասցեի վերելակը, եւ ըստ սպասարկող ընկերության եզրակացության էլ կորոշվի՝ փոխարինե՞լ այն, թե՞ ոչ։
Մեր ահազանգից հետո՝ քաղաքապետարանի եւ սպասարկող ընկերության ներկայացուցիչների այցից հետո, երեկոյան արդեն վերելակի դուռը կարգի էր բերվել։ Սակայն այսօր նյութը գրելու պահին վերելակը նորից փչացել էր։
Երեւանի քաղաքապետարանը այս տարվա հուլիսին հայտնել է, որ 2019-ից մեկնարկած ծրագրով Երեւանում արդեն իսկ 1041 վերելակ է փոխարինվել, ծրագիրը շարունակական կլինի նաեւ հաջորդող տարիներին՝ մինչեւ Երեւանի բազմաբնակարան բնակելի բոլոր շենքերի վերելակները կլինեն փոխարինված ու ապահով: Հասցեների ընտրությունն իրականացվում է ըստ առաջնահերթության՝ հաշվի առնելով, թե որ վերելակներն են առավել վթարային եւ որ հասցեներից են ավելի հաճախ ահազանգեր ստացվում խափանումների վերաբերյալ։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ