«Ես վստահ եմ, որ մենք մեծամասնություն ենք հավաքելու»,- այս մասին այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում Աջափնյակ վարչական շրջան կատարած այցի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։
Նա նշեց, որ իրականում երեւանցիները տեսնում են այն աշխատանքի ծավալները, որն իրականացնում են իրենք։ «Երեւանցիները տեսնում են, թե համատիրություն, վարչական շրջան, քաղաքապետարան, նախարարություններ եւ կառավարություն իրար հետ աշխատելով՝ ինչ արդյունքներ են տալիս։ 24 մանկապարտեզ է վերակառուցվում Երեւան քաղաքում, հիմնանորոգվում են սպորտդպրոցներ, պոլիկլինիկաներ, տասնյակ կիլոմետրերով ճանապարհներ են կառուցվում, էստակադաներ, նոր ճանապարհներ, նոր կամուրջներ։ Եվ ես պատասխանատու հայտարարում եմ՝ այս ծավալի աշխատանք Երեւան քաղաքում մեկ էլ Խորհրդային միության տարիներին է իրականացվել։ Եվ այս աշխատանքի տեմպը մենք շարունակելու ենք»,- ասաց նա։
Տիգրան Ավինյանը հավելեց, որ վստահ է՝ այլ ուժերի հետ կոալիցիա կազմելու կարիք չի լինելու։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ