«Երեկ, երբ ադրբեջանական բեռնատարները մոտեցել են, բանակցություն է տեղի ունեցել ռուս խաղաղապահների հետ»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը՝ անդրադառնալով Ստեփանակերտ-Ակնա ճանապարհին տիրող իրավիճակին։
«Ռուս խաղաղապահների հրամանատարի փոխարինողը նոր է ժամանել Արցախ, եւ դեռեւս քաջածանոթ չէ ներքին կացությանը, վիրտուալ առումով է այդ ամենին ծանոթ։ Եվ կան որոշ դրվագներ, այդ առումով անհրաժեշտ է, որպեսզի ռուսական կողմն ավելի մանրամասն տեղեկացված լինի։ Բայց նրանք, ովքեր այստեղ են, զորակազմի պատասխանատուներն ու պաշտոնյաները, վստահ եմ, որ շատ լավ տեղեկացված են մեր մոտեցումներին եւ նաեւ ադրբեջանական կողմի մոտեցումներին։ Այս քննարկումների արդյունքը դեռեւս ոչինչ չի տվել, համենայնդեպս ռուս խաղաղապահների առաջարկը, որ թույլատրվի ադրբեջանական մեքենաների մուտքը Արցախի Հանրապետության տարածք, որեւէ արդյունք չի ունեցել։ Արցախի իշխանությունների, նաեւ մեր համապատասխան պատասխանատուների, ՆԳՆ կողմից միջոցներ են ձեռնարկվել, եւ այդ քննարկումները դեռեւս ընթացքի մեջ են։ Ասել՝ ամբողջական ավարտված են, ոչ, բայց շատ կարեւոր է այստեղ արցախյան կողմի ընդհանուր դիրքորոշումը եւ ռուսական կողմին համապատասխան բացատրություններ տալը։
Ռուսական կողմը եւս պետք է տեղեկացված լինի այն ընդհանուր իրավիճակին, որը առկա է եւ այն տեսակետներին,որոնք ունի արցախյան կողմը։ Ես ուզում եմ հույս հայտնել, որ այդ բանակցությունները փոխըմբռնման մթնոլորտում էլ կավարտվեն եւ կունենան իրենց տրամաբանական ավարտը»,- ասաց Դավիթ Իշխանյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ