Aravot.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում արձանագրված խախտումները վերացնելու ուղղությամբ։
Հիշեցնենք՝ օրեր առաջ անդրադարձել էինք «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում գրանցված խախտումներին։
Նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը մեր գրավոր հարցմանը գրավոր պատասխանել է։ Մասնավորապես նշված է․«Տեղեկացնում ենք, որ «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում արձանագրված խնդիրների վերաբերյալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջին իսկ պահից իրականացրել է անհրաժեշտ միջոցառումներ` արձանագրված դիտարկումները շտկելու և մշտապես ուշադրության կենտրոնում պահելու ուղղությամբ, ավելին՝ աշխատանքները կրում են շարունակական բնույթ, և դրանք նախորդել են նաև իրականացված այցելություններին ևս։
Միաժամանակ, օգոստոս ամսվա ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կազմակերպվել է շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում՝ աշխատանքային խումբ ստեղծելու և առաջիկա քայլերը նախանշելու համար։ Ի թիվս մի շարք գերատեսչությունների՝ քննարկմանը մասնակցել է նաև ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը։ Նախարարության նախաձեռնությամբ՝ քննարկմանը մասնակցել է նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչը՝ ապահովելով նաև համայնքների միջոցով ընտանիքների հետ արդյունավետ աշխատանքի ուղիները։
Կարդացեք նաև
Միաժամանակ հայտնում ենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2023 թվականի օգոստոսի 25-ի N 126-Ա/1 հրամանով ստեղծված աշխատանքային խումբն իր գործունեության շրջանակում կիրականացնի ուսումնասիրություններ և իրականացված աշխատանքները կնպաստեն հաստատությունում խնամք ստացող երեխաների կյանքի որակի բարձրացմանը»։
ՀՀ ոստիկանությունում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաև «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունք դրսևորելու հետևանքով խախտվել են հաստատությունում բնակվող երեխաների իրավունքները: Ուստի հետաքրքրվել ենք՝ որևէ անձ արձանագրված խախտումների համար պատասխանատվության ենթարկվե՞լ է, այս առիթով նախարարությունից պատասխանել են․ «Տեղեկացնում ենք՝ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության՝ երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայություններ մատուցող պետական ոչ առևտրային կազմակերպություններում մշտադիտարկում իրականացնող հասարակական դիտորդական խմբի»՝ Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ 2023 թ. մարտի 29-ի այցի վերաբերյալ կազմված հրատապ զեկույցի հիման վրա՝ ապրիլի 11-ին գրություն է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն՝ զեկույցում առկա մի շարք ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ տեղեկություններն ուսումնասիրելու և իրավական գնահատական տալու նպատակով։
Նշված գրությանն ի պատասխան` նախարարությանը ապրիլի 14-ին ներկայացվել է տեղեկատվություն այն մասին, որ վերոնշյալ այցի վերաբերյալ հրատապ զեկույցը վերահասցեագրվել է ՀՀ քննչական կոմիտե՝ քննարկելու զեկույցում արձանագրված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքերով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քրեական վարույթ նախաձեռնելու հարցը: Համաձայն սույն թվականի մայիսի 05-ի քննչական կոմիտեի գրության՝ վարույթ չի նախաձեռնվել։
Հատկանշական է, որ հաստատությունում խնամք են ստանում դժվարին իրավիճակում հայտնված երեխաները, որոնք, ըստ գնահատված կարիքների, ունեն համակցված բազմաթիվ խնդիրներ՝ ուղեկցվող վարքային տարբեր դրսևորումներով։ Հաճախ, երեխաների հոգեհուզական վիճակի վրա բացասական ազդեցություններ են ունենում կոնֆլիկտային ծնողները, և այս հանգամանքը հաշվի առնելով՝ նախարարությունը «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ում ս.թ. երկրորդ եռամսյակից սկսած իրականացնում է իր ծավալներով եզակի՝ երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների շուրջ 600 մասնագետի՝ այդ թվում՝ սպասարկող անձնակազմի մասնակցությամբ վերապատրաստման եռամսյա դասընթաց, որին զուգահեռ ընթանում են մի շարք մասնագիտական վերապատրաստումներ։ Վերոնշյալ դասընթացներում ընդգրկված են Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ-ի աշխատակիցները։
Հարկ է նշել, որ ոլորտում իրականացվում են օրենսդրական լայնածավալ բարեփոխումներ՝ այդ թվում համայնքում երեխայի դժվարին իրավիճակի կանխարգելման, երեխաների վերամիավորման և երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության համար արդյունավետ մեխանիզմների ներդրման նպատակով։ Օրենսդրական փաթեթի շրջանառությանը զուգահեռ՝ շարունակվում են նաև ենթաօրենսդրական իրավական ակտերի լրամշակման գործընթացները, հաստատությունների վերանորոգման նախագծանախահաշվարկային աշխատանքների իրականացմանն ուղղված աշխատանքները, իսկ որոշ հաստատությունների դեպքում արդեն իսկ մեկնարկել են վերանորոգման աշխատանքները, երեխաների հետ տարվող աշխատանքները ևս կրում են շարունակական բնույթ՝ շարունակելով ներդնել կարիքահեն միջոցառումներ»։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և աշխատակազմի իրավասու ներկայացուցիչների «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության այցի վերաբերյալ կազմված ամփոփագրում արձանագրված են մի շարք խախտումներ։ Օրինակ՝ հաստատությունում պահպանված չեն անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսներ, սենյակներում առկա չեն փոքր պահարաններ և աթոռներ, սենյակներում 3 կամ 4 անձի համար առկա է 1 հանդերձապահարան, բժշկական ծառայությունների համար նախատեսված տարածքում գործող սենյակը ծառայում է որպես ընդունարան, բժշկի աշխատասենյակ և հանգստի սենյակ, երեխաների հանգստի և դասերը պատրաստելու համար առանձին սենյակներ հատկացված չեն ապահովված երեխաների տարիքային խմբերի առանձնահատկություններին համապատասխան։ Հաստատությունում ապահովված չի առանձնացված պայմաններում երեխաների նեղ անձնական կարիքները ինքնուրույն բավարարելու հնարավորություններով, անկողնային պարագանների, սրբիչների, սանրերի, ատամի խոզանակների անհատականացումն իրականացվում է առանց դրանց շփոթելու հավանականությունը բացառելու պատշաճ նշումների, առաջնային հրդեհաշիջման միջոցները ոչ բարվոք վիճակում են, իսկ որոշ տեղերում ուղղակի բացակայում են, կազմված ճաշացուցակը միատարր է, չի պարունակում տարվա եղանակի, երեխաների տարիքային խմբի, կերակրատեսակների չափաբաժնին համապատասխան սննդային նյութերի, էներգետիկ արժեքների, վիտամինների, միկրոտարրերի վերաբերյալ տեղեկություններ:
Հարցին՝ այս խախտումները վերացվե՞լ են, նախարարությունից պատասխանել են․ «Հայտնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ առկա է սերտ համագործակցություն․ աշխատանքային խմբի գործունեության շրջանակն ընդգրկում է ՄԻՊ կողմից բարձրացված հարցերը»։
Ըստ ՀՀ ոստիկանությունում եղած նյութերի՝ «պարզվել է նաև, որ «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում անվտանգության ծառայություններ մատուցող «Սուր և Նիզակ» ՍՊԸ աշխատակից, պահնորդ Ռ․ Գ․-ն իր հերթապահությունների ընթացքում պարբերաբար ՊՈԱԿ-ի սաներ Հ․ Կ․-ի, Վ․ Մ․-ի , Ս․ Մ․-ի նկատմամբ հնչեցրել է սպառնալիքներ և ցույց տալով իր մոտ եղած դանակը՝ ասել է, որ «կսպանի, եթե իրենց խելոք չպահեն»: Հետաքրքրվել ենք՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են այս տեղեկությունները։ Այժմ այդ անձը շարունակո՞ւմ է աշխատել ՊՈԱԿ-ում, նա պատասխանատվության ենթարկվե՞լ է։ Նախարարությունից ստացված պատասխանում նշված է․ «Տեղեկացնում ենք, որ հաստատության ՊՈԱԿ-ի հոգեբան, տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարող Ա. Վարդանյանի բանավոր փոխանցման համաձայն՝ «Սուր և Նիզակ» ՍՊԸ-ի պահնորդ Ռ.Գ. աշխատակից հաստատության մատյաններում գրանցված չէ, որը դարձյալ հարցաքննության ընթացքում հերքվել է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ