Այսօր հրավիրած ասուլիսում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն անդրադարձավ հարցին, թե հնարավո՞ր է այս փուլում Արցախի Հանրապետության ճանաչման գործընթաց լինի։ «Մեր արտաքին քաղաքականության ընդհանուր կարեւոր բաղադրիչն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է։ Մենք գիտենք, թե անցած 30 տարիների ընթացքում այդ ուղղությամբ ինչպիսի աշխատանքներ են տարվել։ Տարբեր երկրների նահանգների մակարդակով տեղի է ունեցել ճանաչման գործընթաց։ Եվ հաշվի առնելով այսօրվա մեր իրավիճակը եւ հնարավորությունները՝ բնականաբար շատ դժվար է կանխատեսել, թե ինչպիսի հաջողություններ կարող ենք արձանագրել։ Եթե մենք խոսում ենք ճանաչման գործընթացի մասին, այսօր ունենք միջազգային պրակտիկայում ընդունված «ճանաչում հանուն փրկության» հասկացությունը, որը կիրառվել է Կոսովոյի պարագային եւ կարող է կիրառվել նաեւ մեր պարագային»,- ասաց նա։
Իշխանյանը հիշեցրեց, որ Արցախի խորհրդարանն իր ուղերձով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ ՄԱԿ անդամ բոլոր երկրներին կոչ է անում, որ ճանաչեն Արցախի Հանրապետությունը։ «Մենք այս գործընթացի մեջ ենք հիմա, բոլոր երկրներին ուղղակի հասցնելու իրազեկելու եւ նաեւ մեր պահանջը ներկայացնելու ճանաչման գործընթացի հետ կապված։ Բավական բարդ է այդ ամենն այսօր որպես իրականություն տեսնելը, բայց մենք չպետք է հրաժարվենք մեր այդ գաղափարից։ Առկա՞ են այդ պայմանները, ես կարծում եմ՝ ոչ, բայց կարո՞ղ ենք ստեղծել համապատասխան քաղաքական պայմաններ, կարծում եմ՝ այո։ Կարեւոր է, որ մեր ընդհանուր արտաքին քաղաքականության գերակայության մեջ ամրագրենք եւ պահենք Արցախի միջազգային ճանաչման գործընթացը»,- նշեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ