Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք գտնվում ենք ազգային ազատագրական պայքարի շատ ծանր փուլի մեջ»․ Դավիթ Իշխանյան

Օգոստոս 30,2023 13:12

Այսօր հրավիրած ասուլիսում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն անդրադարձավ հարցին, թե ո՞րն է իր տեսլականը, հնարավո՞ր է, որ մի հաստատվի, որ 120 հազար մարդ այսքան զրկանքներ կրել ու կրում է հանուն ոչնչի։ «Շատ ծանր բառեր են՝ «հանուն ոչնչի», որը շատ հայտնի անձի կողմից արտաբերվեց ժամանակին։ Ես վստահ եմ եւ համոզված եմ, որ հանուն ոչնչի գոնե մեր պարագայում ոչինչ չի լինում։ Եվ հասարակության մեջ ձեւավորված այն մտայնությունը, որ 1990-ական թվականների մեր հաջողությունը զրոյացվեց 2020 թվականին, այդպես չէ։ Մենք պետք է արձանագրենք՝ ճակատամարտը տանուլ ենք տվել, բայց պատերազմը շարունակվում է։ Այն, ինչ տեղի է ունենում այսօր, եւս պատերազմի շարունակությունն է։ Եթե ուղղակի ռազմական գործողություններ չկան, սա չի նշանակում, որ պատերազմն ավարտված է։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը մի փաստաթուղթ է, որը մենք պետք է ընդունենք որպես զինադադար։ 120 հազար մարդու եւ նաեւ այն 21 500 մարդու ճակատագիրը, որ այսօր Արցախից դուրս են, ես կարծում եմ՝ մենք պարտավոր ենք ունենալ մեր տեսլականի մեջ՝ փայլուն ապագայով։ Երբ դու ունես նպատակ եւ այդ նպատակին հասնելու համապատասխան միջոցներն ես փնտրում, դու կարող ես հասնել քո նպատակին»,- ասաց նա։

Ըստ Դավիթ Իշխանյանի՝ իր տեսլականն այսօր շատ դժվար է հանրությանը մարսելի դարձնել։ «Իսկ այդ տեսլականը բխում է այն նպատակներից, այն ռազմավարական սկզբունքներից, որ մենք ամրագրել ենք 30 եւ ավելի տարիներ առաջ։ Եվ թերեւս նույնիսկ կվերադառնամ 1920-ական թվականներ, 100 տարի առաջվա այն տեսլականին, երբ Ղարաբաղը բռնակցվում էր Ադրբեջանին։ Իրադարձություններն այնպիսին էին, որ Արցախի ժողովրդին պարտադրաբար բռնակցեցին Ադրբեջանի խորհրդային հանրապետությանը։ Եվ այս օրերից պայքարը չի մարել, այդ պայքարը չի մարել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, չէր մարվել 1960-ական, 70-ական թվականներին եւ այդ պայքարը վերսկսվեց 1988-ին։ Ես պետք է ասեմ, որ այդ պայքարը շարունակվում է։ Այսօր մեր հանրությանը այս ծանր իրավիճակի մեջ դա թերեւս դժվար ընկալելի լինի, բայց այնուհանդերձ կան առողջ ուժեր, կան քաղաքական գործիչներ, որոնք ունեն համապատասխան տեսլական։ Այդ տեսլականը մեր ինքնորոշման իրավունքի իրացման մեջ է, այդ տեսլականը մեր այն նպատակների մեջ է, որ մենք ամրագրել ենք 1988 թվականին՝ մայր հայրենիքին վերամիավորվելու գաղափարով։ Սա ազգային ազատագրական պայքար է, մենք գտնվում ենք ազգային ազատագրական պայքարի շատ ծանր փուլի մեջ»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031