Հայաստանի Հանրապետությունն իր անվտանգային երաշխավորի դերը զիջել է կամ գրեթե չկա, զրոյացված է։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը։ Նա նշեց, որ Արցախում միասնական անվտանգային համակարգ ունենալու անհրաժեշտություն կա։
«Ռուս խաղաղապահներն այստեղ են, նաեւ գիտենք, թե ինչ թվակազմ ունեն, այդ առաքելությունն ինչ դերակատարություն ունի։ Եվ, անշուշտ, մեզ համար հիմնական եւ կարեւոր անվտանգության երաշխիքը մնում է Արցախի Պաշտպանության բանակը։ Իսկ Արցախի Պաշտպանության բանակի գործունեության հզորացումն անհրաժեշտություն է։ Եվ սա նաեւ բխելու է օրենսդրական փոփոխություններից ու նախաձեռնություններից։ Պետք է ասեմ, որ անցած երկու տարիների ընթացքում որոշակի փոփոխություններ տեղի են ունեցել, օրինակ՝ զենքի մասին օրենքում, ինքնապաշտպանության հետ կապված օրենսդրական մի շարք փոփոխություններ են եղել, ազգ-բանակ հայեցակարգի գաղափարն իրականություն դարձնելու եւ մի շարք այլ նախաձեռնություններ են եղել։ Ես առիթ ունեցել եմ Պաշտպանության բանակի հրամանատարի հետ քննարկելու այդ հարցերը, մենք ունենք պահեստազորի հնարավորությունները, ունենք աշխարհազոր, որի մասին ընդունված է օրենք։ Եվ այս ամենով հանդերձ՝ անհրաժեշտություն կա մեկ միասնական կենտրոնացված ուժեղ համակարգ ունենալու։ Դեռեւս վաղ է այդ մասին խոսել, հաշվի առնելով նաեւ այն, որ խորհրդարանն արձակուրդի մեջ է։ Բայց քննարկումները անվտանգային համակարգի դերակատարների եւ ԱԺ հետ շատ կարեւոր կլինի համապատասխան նախաձեռնություններ ցուցաբերելու»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ