Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արդեն 12 տարի է՝ օգոստոսի 30-ը աշխարհում նշվում է որպես բռնի անհետացման զոհերի միջազգային օր

Օգոստոս 30,2023 13:08

Խորը մտահոգություն արտահայտելով աշխարհի տարբեր տարածաշրջաններում բռնի անհետացման դեպքերի աճի կապակցությամբ և ողջունելով  «Բռնի անհետացումից բոլոր անձանց պաշտպանության միջազգային կոնվենցիայի» ընդունումը՝ 2010 թվականի դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր 65/209 բանաձևով որոշեց օգոստոսի 30-ը հռչակել բռնի անհետացման զոհերի միջազգային օր, որը նշվում է 2011 թվականից:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով 1988-2005 թթ. անհայտ կորածների թիվը ՀՀ-ից կազմում է 437 անձ, որոնցից 224-ը՝ զինծառայող, 213-ը՝ խաղաղ բնակիչ: Արցախից/ԼՂ-ից անհայտ կորած է համարվում 723 անձ, որոնցից 250-ը՝ զինծառայող, 473-ը՝ խաղաղ բնակիչ:

2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմական գործողություններից հետո անհայտ կորած անձանց թիվը, ըստ ՀՀ քննչական կոմիտեի տվյալների կազմում է 195 անձ, որոնցից 175-ը՝ զինծառայող, 20-ը՝ խաղաղ բնակիչ։

2007 թ. (մայիսի 24-ին) ԵԽԽՎ-ն ընդունեց անհայտ կորածների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների վերաբերյալ 1553  բանաձևը։  Հայաստանը՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություն,  ստանձնեց ԵԽԽՎ բանաձևերի ու հանձնարարականների իրագործման  պարտավորությունը։

2022 թ․-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը անհայտ կորած անձանց ճակատագրի, գտնվելու վայրի, կորչելու հանգամանքների, ինչպես նաև նրանց ընտանիքների խնդիրների վերաբերյալ գրությամբ դիմել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին։ Գրությամբ ՀՔԱՎ-ը ներկայացրել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի այցելության կազմակերպման հրատապությունը Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ, որպեսզի գնահատվի հակամարտող երկրների կողմից 2007 թ. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունած Անհայտ կորածների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների վերաբերյալ ԵԽԽՎ 1553 (2007) բանաձևի իրականացումը, անդրադարձ կատարվի նշված բանաձևում ամրագրված մոտեցումներին և  ուսումնասիրության առարկա դառնա հակամարտության կողմերի պատասխանատվությունը, ինչը կարող է խթանել մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը և հետագայում կոնֆլիկտի դե-էսկալացիան: Ի պատասխան մեզ տեղեկացրել են, որ ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով զեկուցող Փոլ Գավանը 2021-ին եղել է Հայաստանում և Ադրբեջանում և իր այցի արդյունքներն ամփոփել զեկույցով, որի հիման վրա էլ ընդունվել է ԵԽԽՎ 2391 (2021) բանաձևը՝ կոնֆլիկտի հումանիտար հետևանքների վերաբերյալ:

Չնայած վերոնշյալ բանաձևերի ընդունմանը, պետությունը օրենսդրական մակարդակում բավարար չափով չի կատարում իր պարտավորությունները անհայտ կորածների և նրանց հարազատների հանդեպ։

Ներկայումս ՀՀ-ում օրենսդրական մակարդակով ամրագրված չէ անհայտ կորածի իրավական կարգավիճակը, ինչի հետևանքով անհայտ կորածների հարազատները ստիպված են դատական կարգով հասնել հարազատի նշված կարգավիճակի հաստատմանը՝  պետության կողմից սահմանված սոցիալական աջակցությունը ստանալու նպատակով:

Ի դեպ, դատական կարգով անձին անհայտ բացակայող ճանաչելու մասին որոշման ուժի մեջ մտնելուց հետո վերջիններիս հարազատներին սոցիալական աջակցությունը տրամադրվում է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի կողմից։ Մինչև հիմնադրամի շահառու դառնալը անհայտ կորած անձանց հարազատները ֆինանսական աջակցություն են ստանում «Կամուրջ» ծրագրի շրջանակներում՝ համապատասխան ուժային կառույցի՝ ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կամ ՀՀ ոստիկանության տրամադրած անհայտ կորած անձանց անվանացանկի հիման վրա։

2020 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ կառավարությունը N 2001-Լ որոշմամբ հաստատեց 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը, համաձայն որի սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր անհայտ կորած զինծառայողի հաշվով ամսական 300,000 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 6 ամսվա համար՝ սկսած սույն միջոցառումը հաստատելու ամսվանից։ Հետագայում սույն որոշման մեջ 11 անգամ կատարվեց փոփոխություն և յուրաքանչյուր անգամ աջակցության ժամկետը երկարաձգվեց 3 կամ 6 ամսով։ Որոշման մեջ վերջին փոփոխությունը կատարվեց 2023 թ. հունիսի 22-ին, երբ աջակցության ժամկետը երկարաձգվեց ևս 2 ամսով՝ մինչև 2023 թ. օգոստոս ամիսը։

ՀՔԱՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031