Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ Բաքվի կողմից Արցախ ուղարկվող «հումանիտար բեռի» մասին հարցին։ Հիշեցնենք, որ արցախահայերը շարունակում են փակ պահել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը՝ թույլ չտալով, որ այդ բեռը մտնի Արցախ։
Հարցին, թե ի՞նչ ակնկալիք ունի Ադրբեջանն այդ քայլին դիմելով, եւ արդյոք հարցը քննարկվե՞լ է Արցախի ԱԺ ընդլայնված խորհրդակցության ընթացքում, ի՞նչ քայլեր են նախաձեռնվել իշխանությունների մակարդակով, Դավիթ Իշխանյանը պատասխանեց․ «Նախ պետք է ի սկզբանե արձանագրենք, որ մենք ունենք մեկ ճանապարհ, որը կոչվում է Լաչինի միջանցք։ Եվ այդ միջանցքով թե հումանիտար բեռներ, թե ընդհանրապես Արցախից Հայաստան, Հայաստանից Արցախ անխափան երթեւեկությունը պետք է վերականգնվի եւ ապահովվի։ Սա ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթով, եւ մենք պետք է նաեւ ներկայումս էլ արձանագրենք, որ կա մեկ ճանապարհ։ Ինչ վերաբերում է Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի գործարկման ադրբեջանական այդ թեզին, դա նորույթ չէ։ Գոնե նվազագույնը երեք շաբաթվա ժամանակահատվածի պատմություն ունի, երբ ադրբեջանական կողմն արեւմտյան, ռուսական գործընկերների միջոցով փորձել է այլ առաջարկը ներկայացնելով հանդերձ՝ նաեւ իրականություն դարձնել։ Երեկվա ադրբեջանական կողմի քայլը մեզ համար շատ հասկանալի է։ Նախ, անընդունելի է, երկրորդ, անցած երեք շաբաթների ընթացքում բավական քննարկումներ են եղել, այդ քննարկումները շատ հրապարակային չեն եղել, բայց կարծում եմ՝ մեր հանրությունը պետք է բավական տեղեկացված լիներ, որ Արցախի իշխանությունների քննարկումները միայն հանգել են այն փաստին, որ այդ ճանապարհի գործարկումը մեզ համար անընդունելի է։ Անընդունելի է մի շարք պատճառներով, ես պատճառներից մեկը նշեցի, որ մենք ունենք միայն մեկ ճանապարհ միջանցքի կարգավիճակով, եւ մենք երկրորդ միջանցքի հասկացությունը մեզ համար չպետք է ամրագրենք»։
Ըստ Դավիթ Իշխանյանի՝ Ադրբեջանը քաղաքական նպատակներ հետապնդելով հանդերձ՝ փորձում է ցույց տալ աշխարհին, որ սա ներքին խնդիր է, եւ Արցախում տեղի ունեցող այս հումանիտար ճգնաժամը որեւէ առումով չի կարող առնչվել արտաքին աշխարհին։ «Այս հարցը հասել է ՄԱԿ-ի ԱԽ, համապատասխան քննարկումներ, մենք նաեւ մեր ձեռքի տակ ունենք Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Օկամպոյի հայտնի զեկույցը, թե Ադրբեջանն ինչպիսի ցեղասպան քաղաքականություն է վարում։ Ադրբեջանը հերթական քաղաքական սադրիչ քայլն է անում եւ փորձում է աշխարհին ցույց տալ, որ իրենց կողմից հնարավոր բոլոր քայլերն արվում են Արցախի ժողովրդի կարիքներն ապահովելու համար։ Կա նաեւ մեկ այլ նրբություն, այն է, որ Ադրբեջանն իր Կարմիր մահիկի միջոցով փորձում է դուրս մղել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակը։ Իսկ միջազգային այդ կառույցի ներկայությունը մեզ համար առավելություն եւ հնարավորություն է, 30 տարի է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը Ստեփանակերտում գործում է որպես առանձին միավոր՝ ուղիղ Ժնեւի ենթակայությամբ։ Եվ մեզ համար գաղտնիք չէ, որ 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը բոլոր ջանքերն ուղղել էր եւ մինչ այսօր էլ փորձում է այդ գրասենյակը դուրս բերել Արցախի Հանրապետությունից»,- ասաց Դավիթ Իշխանյանը։ Նա հավելեց, որ Ադրբեջանը չի թաքցնում իր քաղաքականությունը։
Անդրադառնալով Արցախի իշխանությունների քայլերին՝ Դավիթ Իշխանյանն ասաց, որ պետական կառույցները տվել են իրենց համապատասխան ցուցումները։ «Մենք գիտենք, որ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին տեղակայված է ռուս խաղաղապահների համապատասխան բլոկ պոստը, նաեւ կա մեր Ներքին գործերի նախարարության համապատասխան պարեկային հսկողության կետը։ Կան համապատասխան ցուցումներ, ես կարող եմ ի լուր աշխարհի տեղեկացնել, որ, այո, կա հստակ որոշում՝ այդ ճանապարհը փակ պահելու, այդ ճանապարհը չօգտագործելու։ Եվ մեր հասարակությունը չպետք է անվստահության միտումներ ունենա ու տարբեր մեկնաբանություններ տա»,- ընդգծեց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ