Այսօր «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանը հրավիրած մամուլի ասուլիսում ամփոփեց նախընտրական քարոզարշավի մեկ շաբաթը:
Լրագրողները հարցրեցին «Ապրելու երկրի» նախաձեռնած լյուստրացիայի մասին, ըստ որի՝ խորհրդակցություններ են անցկացրել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հետ՝ պարզելու, թե ովքե՞ր են պատրաստ հրապարակավ հայտարարել, հռչակագիր ստորագրել, որ չեն համագործակցելու ՔՊ-ի հետ եւ իրենց ձայները չեն միավորելու իշխանությանը:
Մեսրոպ Առաքելյանը պատասխանեց. «Նման դեպքեր ունեցել ենք մարզերում՝ Ալավերդիում, Նոյեմբերյանում: Մեր համար կարեւորը բովանդակությունն է, ոչ թե ձեւը: Եթե քաղաքական ուժը դիրքորոշում է հայտնել, ընդունում ենք այդ դիրքորոշումը: Եթե քաղաքական ուժեր կան, որ պատրաստ են համագործակցել ՔՊ-ի հետ, նորմալ է: Եթե այդ մարդիկ պատրաստ են դրան, թող հանրությունը իմանա: Մենք խնդիր ենք դնում, որ ՔՊ-ն ընտրությունների միջոցով պետք է հեռանա, որովհետեւ իշխանափոխության արդյունավետ ճանապարհը մեզ համար ընտրությունների միջոցով է: Մենք ունենք փորձը ընտրությունների միջոցով իշխանազրկելու, բայց հաշվի առնելով, որ մեր քաղաքացիները որեւէ ուժի 50+ տոկոս ձայն չեն տալիս, մենք պատրաստ ենք համագործակցել այլ ուժերի հետ: Շատ կարեւոր է, որ քաղաքական ուժերը հայտարարեն՝ պատրա՞ստ են համագործակցել ՔՊ-ի հետ, թե՞ ոչ: Հասարակության գերակշիռ մասն ուզում է, որ ՔՊ-ն հեռանա»:
Հարցին՝ երեկ ձեր եւ Հայկ Մարությանի պատահական հանդիպման ժամանակ խոսել եք ձայները ընտրատեղամասերում պահելու պատրաստակամությունից, ի՞նչ մտավախություններ ունեք, ահազանգե՞ր եք ստացել, որովհետեւ միշտ խոսվել է, որ թաղային հեղինակություններ են զբաղված այս ընտրություններում, մարդիկ, որոնք նախկին իշխանությունների համար են աշխատել, հիմա աշխատում են Ավինյանի համար՝ Մեսրոպ Առաքելյանը պատասխանեց. «Մեր մոտ ընտրությունների հնարավոր կեղծման դեմ պայքարը առաջնահերթ պրոցես չի: Մեր մոտ նման խնդիր չունենք, մարզերում մասնակցել ենք ընտրություններին եւ քաղաքական գործընթացի ստանդարտ մասն է, չենք վախենում, որ ընտրությունների պատկերը կարող է այլ լինել: Բոլորս գիտենք, որ մարզերում ընտրությունները ավելի շուտ են կեղծվում, իսկ մենք մարզերում որքան ձայն ստացել ենք, պահել ենք մեր ձայները: Երեւանում որ ընտրությունները կարող են կեղծվել ու մենք այս պահից հայտարարենք՝ չէ: Մենք վստահեցնում ենք քաղաքացիներին, որ այն ձայները, որոնք տալու են, մենք միանշանակ պահելու ենք»:
Կարդացեք նաև
Նա հաստատեց, որ «ընտրական տասովշիկների» համակարգը իսկապես կա, գործում է. «Թվում էր՝ արդեն պիտի արխիվի մաս հանդիսանային, բայց այսօր ՔՊ-ի համար թաղերում, օրինակ, մեր թաղում, որտեղ ես ապրում եմ, այնպիսի մարդիկ են աշխատում, որ 2018-ին լույսի արագությամբ ուզում էին փախնել ՀՀ-ից, որ չդատվեն ու հիմա այնպես հավեսով են աշխատում Ավինյանի համար, որ այդքան հավեսով չեն աշխատել Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի համար:
Երբ քաղաքում ման գաք, ամեն գարաժի, ամեն շինության հետեւում մի ընտրական գործընթաց է, այդ բուդկեքը պատահական չեն հայտնվել: Քաղաքը դրանով այլանդակել են»:
ՔՊ-ն ասում է՝ «Ասեք՝ կանենք»: Մեսրոպ Առաքելյանը արձագանքեց. «Ցավում եմ, որ իշխանությունները չեն իմանում ինչ անեն, պիտի ասեն: Մենք գիտենք՝ ինչ անենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ