Լրահոս
Օրվա լրահոսը

«Բավական բարդ գործընթաց է տեղի ունեցել»․ Դավիթ Իշխանյանը՝ Արցախի ԱԺ նախագահ ընտրվելու եւ իր օրակարգի մասին

Օգոստոս 30,2023 11:55

Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ հարցին, թե երեք հոգուց բաղկացած ՀՅԴ խմբակցության անդամն ինչպե՞ս է ընտրվել Արցախի ԱԺ նախագահ։ «Ես կարծում եմ՝ հետեւել են թե մեր լրագրողները, թե հասարակությունը, թե ինչպիսի գործընթաց է տեղի ունեցել։ Այո, առաջին հայացքից կարծես թե անտրամաբանական է հնչում, որ երեք հոգանոց խմբակցության անդամը լինի Ազգային ժողովի նախագահ։ Բայց մենք այդ հարցին տվել ենք սպառիչ պատասխաններ։ Ես փորձեմ կրկնվել՝ մենք դասական իրավիճակում չենք, եթե մենք լինեինք դասական իրավիճակում, եւ դասական քաղաքական գործընթացներ տեղի ունենային, այդ պարագայում հասկանալի ու տրամաբանական էր, որպեսզի քաղաքական մեծամասնությունը ինքը ունենա խորհրդարանի նախագահ։ Երբ նախագահի կողմից հնչեց առաջարկ, երբ նախագահն ինձ հրավիրեց իր մոտ եւ առաջարկեց ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնել, բնականաբար, քննարկվեց հարցն այլ ուղղությամբ՝ քաղաքական մեծամասնությունը պետք է ունենա իր թեկնածուն եւ քաղաքական մեծամասնությունից պետք է լինի Ազգային ժողովի նախագահը, որպեսզի շահարկումների տեղիք չտա։ Ես պետք է ասեմ, որ այդ առաջարկը հնչելուց հետո բոլոր ընթացակարգերն անցել է, ասել՝ միանգամից դա ընդունվել է, ոչ։ Բավական բարդ գործընթաց է տեղի ունեցել, նախ մեր ներկուսակցական քննարկումների նյութ է դարձել, այնուհետեւ քննարկվել է խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ղեկավարների եւ խմբակցությունների անդամների հետ՝ հաշվի առնելով մեր իրավիճակը։ Եվ այդ ընթացակարգն անցնելուց հետո է միայն վերջնական առումով համաձայնություն տրվել։ Եվ իմ կուսակցության, իմ կողմից կայացվեց համապատասխան որոշում՝ համաձայնություն տալու»,- ասաց Իշխանյանը։

Նա հիշեցրեց, որ օգոստոսի 7-ին Արցախի խորհրդարանի իշխող «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունն ԱԺ նախագահի պաշտոնի համար առաջադրեց իր թեկնածությունը, եւ կայացավ ընտրությունը։

Հարցին, թե ի՞նչ օրակարգով է եկել, եւ արդյոք դա կարելի է ընկալել որպես կոնսենսուս քաղաքական ուժերի միջեւ, Դավիթ Իշխանյանը պատասխանեց․ «Նախ ուզում եմ արձանագրում անել, որ պատերազմից հետո նախագահը՝ պարոն Հարությունյանը հայտարարեց, որ ինքն այլեւս կուսակցության անդամ չէ եւ չի ներկայացնում քաղաքական մեծամասնությունը՝ որպես կուսակցական։ Եվ այս առումով պետք է դիտարկենք, որ նախագահը բոլոր կուսակցությունները պետք է իր համար դիտարկի որպես հենարան՝ լինի դա իշխանական, թե ընդդիմադիր քաղաքական ուժեր։ Ինչ վերաբերում է կոնսենսուսին, ես ասացի, որ անցել ենք մի փուլ, եւ եթե չլիներ քաղաքական կոնսենսուս, այդ համախոհությունը չլիներ, դժվար թե լիներ նաեւ այդ որոշումը։ Անշուշտ, այստեղ պետք է արձանագրենք, որ խորհրդարան ներկայացված հինգ քաղաքական ուժերից միայն չորսն են համախմբվել իմ թեկնածության շուրջը, բայց չի կարելի ասել, որ մյուս քաղաքական ուժը՝ ի դեմս «Միասնական հայրենիքի», արմատապես դեմ էր։ Դեմ քվեարկելը դեռեւս չէր նշանակում դեմ լինել»։

Իշխանյանն ասաց, որ ծրագրային ելույթ չի ունեցել, բայց ներկայացրել է այն հիմնական կետերը, որոնց շուրջ լինելու է իր ու ԱԺ գործունեությունը։ «Եվ երբ խոսում ենք համախոհության մասին, մեր համախոհությունը բնականաբար արտաքին հիմնախնդիրներին է վերաբերում, իսկ ներքին հարցերի հետ կապված, անշուշտ, մենք ունենք որոշ պատկերացումների տարբերություններ, բայց ես կարծում եմ, որ այդ պատկերացումներն իրար մոտեցնելու ոչ միայն անհրաժեշտություն, այլ նաեւ մղումները կան։ Համենայնդեպս իմ եւ ԱԺ կողմից փորձեր արվել, արվելու են, որպեսզի մենք կարողանանք ընդհանուր մթնոլորտ ձեւավորել ոչ միայն քաղաքական, այլ նաեւ մեր հանրային դաշտում, որովհետեւ իշխանություն-հասարակություն դաշտում մենք ունենք որոշակի անջրպետ, եւ այդ անջրպետը պետք է վերացվի»,- հավելեց նա։

Դավիթ Իշխանյանն ասաց, որ ԱԺ լիազորությունների ընդլայնումը պետք է տեղի ունենա օրենսդրական ճանապարհով կամ սահմանադրական փոփոխությունների միջոցով։ «Անշուշտ, մենք ունենք սահմանադրական փոփոխությունների ընդհանուր փաթեթ, որին մենք ապագայում կանդրադառնանք, բայց խնդիրն Ազգային ժողովի դերի բարձրացումը չէ, խնդիրն այստեղ խորհրդարանի հնարավորություններն օգտագործելու մասին է։ Եվ հաշվի առնելով իմ՝ ՀՅԴ բյուրոյի անդամ լինելու եւ այնպիսի կուսակցության, ինչպիսին ՀՅԴ-ն է, իր հնարավորություններն առավել օգտագործելու մասին է։ Կա նաեւ այն թյուր պատկերացումը, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանի խոսքից հետո հետեւյալ ձեւակերպումը, որ Դաշնակցությունը մինչեւ հիմա չէր անում, Դավիթ Իշխանյանի պարագային կանի։ Ոչ, սրանք շատ սխալ մեկնաբանություններ են, սկսած 1988-1990-ականներից մինչեւ այսօր Դաշնակցությունն իր հնարավորություններն օգտագործել, օգտագործում եւ օգտագործելու է ի շահ Արցախի ժողովրդի, ի շահ Արցախի Հանրապետության, հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության։ Մենք ունենք համահայկական մեծ ցանց աշխարհում, այդ ցանցի լիարժեք օգտագործման մասին է խոսքը»,- նշեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031