Ֆրանսիան, փաստացի, միակ երկիրն է, որը Հայաստանի եւ Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ աշխատանքներ է տանում
Օգոստոսի 29-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Նրանք անդրադարձել էին տարածաշրջանում առկա իրադրությանը: Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի օրեցօր խորացումը, ինչպես նաեւ շեշտել դրա հաղթահարմանն ու լուծմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը: «Զրուցակիցներն ընդգծել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետեւողական ջանքերի կարեւորությունը», հաղորդեց կառավարությունը:
Ֆրանսիան նոր թափով է լծվել Հայաստան-Ադրբեջան խնդիրների լուծմանը: Ֆրանսիան, փաստացի, միակ երկիրն է, որը Հայաստանի եւ Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում:
Օգոստոսի 28-ին Փարիզում Ֆրանսիայի դեսպանների խորհրդաժողովում Մակրոնը հայտնեց, որ Լաչինի միջանցքում ստեղծված կացությունն առաջիկա օրերին քննարկելու է Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ։ «Մենք պահանջելու ենք լիարժեքորեն պահպանել Լաչինի մարդասիրական միջանցքի կենսագործունեության պայմանները։ Այս ուղղությամբ մենք միջազգային մակարդակով կրկին հանդես կգանք դիվանագիտական նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով ուժեղացնել ճնշումը», – ասել էր Մակրոնը։
Կարդացեք նաև
Այս ելույթից ընդամենը օրեր առաջ Ֆրանսիայի նախագահն ուշագրավ հայտարարություններով էր հանդես եկել ֆրանսիական մամուլին տված հարցազրույցում: Նախ, Figaro-ն հայտնել էր, որ Ֆրանսիան պատրաստվում է բանաձեւ ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ օգնելու Ադրբեջանի շրջափակման պատճառով սովամահության եզրին կանգնած Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչներին։
Իսկ «Լը Փուէն» ֆրանսիական պարբերականին տված հարցազրույցում նախագահ Էմանուել Մակրոնն ասել էր՝ այլեւս դիվանագիտության ժամանակը չէ, Ֆրանսիան պետք է պահպանի ճնշումը հումանիտար հասանելիության առումով, եւ իրենք շարունակում են օգտակար նախաձեռնություններով հանդես գալ, որպեսզի կենսական անհրաժեշտության ապրանքներ, դեղամիջոցներ ուղարկեն ու ազատ մուտք ապահովեն դեպի Լեռնային Ղարաբաղ։ Բայց թե ի՞նչ նախաձեռնության մասին է խոսքը, արդյոք հենց բանաձեւի, ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ Ֆրանսիայի նախագահը չէր մանրամասնել։
Մակրոնը հստակ ընդգծել էր. «Մենք միշտ ասել ենք, որ կողմ ենք ժողովուրդների ինքնիշխանությանը։ Լեռնային Ղարաբաղի հարցը բարդ է, այդ թվում՝ ժողովուրդների հավասարության առումով։ Ես չեմ կարող հետեւել այս հարցում կոշտ գծի կողմնակիցներին։ Այսօր մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեւական խաղաղություն հաստատվի, եւ ժողովուրդների ու մշակույթների ապահովություն գտնվի։ Այդ խաղաղության պայմանագիրն անհրաժեշտություն է, բայց այն պետք է համահունչ լինի միջազգային իրավունքին»։
Իսկ թե երբ է պատրաստվում Ֆրանսիան Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով բանաձեւ ներկայացնել, Figaro-ն չէր մանրամասնել, միայն ընդգծել էր, որ 120 հազար կանանց, երեխաների եւ տղամարդկանց կյանքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ձեռքում է: Արդյոք Փարիզը ԱԽ մշտական մյուս չորս անդամների (Միացյալ Նահանգներ, Ռուսաստանի Դաշնություն, Չինաստան եւ Մեծ Բրիտանիա) հետ աշխատանքնե՞ր է տանում այս ուղղությամբ, առայժմ հայտնի չէ: Հստակ է, որ հենց հնգյակի դիրքորոշումը կարող է վճռորոշ ազդեցություն ունենալ նաեւ ոչ մշտական անդամների պահվածի վրա:
Այսպիսով, Ֆրանսիան ադրբեջանական շրջափակումը դատապարտած այն եզակի պետությունն է, որը փորձեց նաեւ հումանիտար օգնություն հասցնել Արցախ։ Արցախցիներին այդպես էլ չհասած հայկական բեռնատարների կողքին Կոռնիձորում նաեւ ֆրանսիական բեռներն են կանգնած՝ «Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների մարդասիրական օգնությունը Արցախին» գրությամբ։
Օրերս հայտնի դարձավ, որ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն է պատրաստվում այցելել Լաչինի միջանցք՝ ի նշան Արցախի հետ համերաշխության: Այս այցը կազմակերպվել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) կողմից: Փարիզի քաղաքապետի նախաձեռնությամբ` Ֆրանսիայի մայրաքաղաքը, մի շարք շրջանների հետ համատեղ, ի աջակցություն ԼՂ բնակչության միավորվել են` արտակարգ հումանիտար օգնություն ցուցաբերելու համար: Միավորված խմբի կողմից ուղարկված առաջին բեռնատարը վերջերս է Երեւանից ուղեւորվել սահմանամերձ Կոռնիձոր գյուղ, որտեղ միացել է ՀՀ կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղ ուղարկված` 20 բեռնատարից բաղկացած շարասյանը: Հայտնի դարձավ, որ շարասյանը կմիանա նաեւ ֆրանսիացի պաշտոնյաներից կազմված պատվիրակությունը, որոնք աջակցում են հօգուտ արցախցիների մարդասիրական այս նախաձեռնությանը։ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն գլխավորում է Երեւանից դեպի Լաչինի միջանցք ուղեւորվող հումանիտար օգնության շարասյունը։ Հումանիտար օգնությունը հատկացրել են Փարիզը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։
Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ ֆրանսիական կողմի հերթական աջակցության մասին, պաշտոնական Բաքուն պատասխան «հումանիտար» թեմայով տեղեկատվություն տարածեց, թե` երկու բեռնատարով 40 տոննա ալյուր է ուղարկում Լեռնային Ղարաբաղ՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով:
Բաքուն, սակայն, չհստակեցրեց՝ արդյո՞ք համաձայնություն է ձեռք բերել Արցախի իշխանությունների հետ՝ բացել Աղդամի ճանապարհը: Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության նախագահ, պատգամավոր Նովրուզ Ասլանն ասել էր, թե դրական արձագանք են ակնկալում Ղարաբաղի հայերից։
Միեւնույն ժամանակ Բաքուն քննադատեց Ֆրանսիայի նախագահ Մակրոնին «Լաչինի հումանիտար միջանցք» եզրույթի համար: Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաեւան դժգոհեց, թե ֆրանսիացի որոշ ընտրված պաշտոնյաներ ուղեկցում էին դեպի Լեռնային Ղարաբաղ հայերի համար մարդասիրական ավտոշարասյունը, ինչը, ըստ նրա, հանգեցրեց իր երկրի «դեմոնիզացմանը» եւ այն պնդումներին, որ Ադրբեջանը հումանիտար աղետ է ստեղծել, որն, ըստ դեսպանի, «անհիմն հայտարարություն» է:
Ադրբեջանի արտգործնախարարության մամլո խոսնակ Այխան Հաջիզադան եւս քննադատել է Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը՝ նրա հայտարարությունները որակելով «կողմնակալ»: Բացի այդ, ըստ Ադրբեջանի արտգործնախարարության մամլո խոսնակի՝ Ֆրանսիայի նախագահի կողմից «Լաչինի հումանիտար միջանցք» եզրույթի օգտագործումն անթույլատրելի է՝ հանդիսանալով Ադրբեջանի տարածքային ամբողջականության գաղափարի ոտնահարում։
Ստեփանակերտի պատասխանը Բաքվի «հումանիտար» քայլին միանշանակ էր: Նախ, օգոստոսի 29-ի գիշերը Արցախի խորհրդարանի մոտ ցուցարարների հետ զրույցում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նշել էր. «Ճանապարհի հետ կապված հարցը. ճանապարհը՝ գործելու է մի ճանապարհ եւ դա Լաչինի ճանապարհն է, ուրիշ ճանապարհ չկա»:
Այնուհետեւ «Արցախպրեսի» խնդրանքով, արձագանքելով Բաքվի հայտարարությանը, Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը նշել էր. «Եթե Ադրբեջանը իրոք հետաքրքրված է Արցախի ժողովրդի հումանիտար աղետի վերացմամբ, պարզապես պիտի չարգելի Լաչինի միջանցքով մատակարարումների վերականգնումը»։ Ընդգծելով, որ տվյալ հարցով արցախյան կողմի հետ որեւէ պայմանավորվածություն չի եղել, Ավանեսյանը նկատել էր՝ հետեւաբար, այդ քայլը ուղղված է խնդիրները խորացնելուն, բայց ոչ լուծելուն։
Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի՝ սահմանված ռեժիմի վերագործարկման խնդիրը եղել եւ մնում է առաջնահերթ, ասել է Ավանեսյանը, շեշտելով՝ ադրբեջանական կողմի հետ որեւէ երկխոսություն պետք է ծավալվի նախեւառաջ այդ հարցի շուրջ։ «Միջանցքը պետք է ազատ եւ անխափան գործի ինչպես մարդկանց, այնպես էլ բեռների ու մեքենաների երկկողմանի տեղաշարժի համար։ Եթե Ադրբեջանի իշխանություններն իրոք հետաքրքրված են Արցախի ժողովրդի ծանրագույն հումանիտար աղետի վերացմամբ ու ցեղասպանության կասեցմամբ, ապա պետք է ոչ թե կեղծ մարդասիրություն խաղան, այլ պարզապես չարգելեն Լաչինի միջանցքով Արցախի մատակարարումների վերականգնմանը, ինչպես նախատեսված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ եւ Արդարադատության միջազգային դատարանի հրամաններով»,- ընդգծել էր խոսնակը։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 30.08.2023