Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվի ուղերձները միանշանակ են

Օգոստոս 30,2023 10:00

Անցած շաբաթ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը «լուրջ բացահայտում» է արել: «Մեզ հավաստի տեղեկություններ են հասել, որ ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանի բացելու՝ ԼՂ-ից ելք թույլ տալու, սակայն մուտք թույլ չտալու ուղղությամբ», – ասել է վարչապետը:

Երբ լրագրողն է խոսում «հավաստի տեղեկությունների» կամ «օդում կախված» լուրերի մասին, նա նկատի ունի, որ չի կարող կամ չի ցանկանում բացահայտել իր տեղեկության աղբյուրը: Պետության առաջին դեմքը, սակայն, առաջնորդվում է իրեն ներկայացվող հրապարակային կամ գաղտնի զեկույցներով:

Բայց պե՞տք է, արդյոք, գաղտնի գործակալական ցանց ունենալ՝ հասկանալու համար Ադրբեջանի մտադրությունները: Դրանց մասին Ալիեւը բազմիցս հայտարարել է՝ նշելով, որ այն արցախցիները, որոնք չեն ուզում ապրել Ադրբեջանի տիրապետության տակ, կարող են լքել Արցախը, իսկ նրանք, ովքեր ցանկանում են մնալ, պետք է ընդունեն ադրբեջանական քաղաքացիություն եւ ենթարկվեն այդ երկրի օրենքներին:

Այնպես որ, թշնամու մտադրությունները բացահայտելու համար «հավաստի աղբյուրներ» կամ լրտեսներ պետք չեն: Բաց թողնելով ելքը ու թույլ չտալով մուտքը, Ադրբեջանը ձգտում է վերացնել հայկական էթնոսը Արցախից, որովհետեւ պարզ է, որ արցախցիներն ադրբեջանական տիրապետության տակ չեն կարողանա ապրել, եթե նույնիսկ ցանկանան: Եվ այս հարցում նույնպես՝ Բաքվի ծրագրերը հասկանալու համար հետախուզական տվյալներ պետք չեն: Ամեն ինչ չափազանց թափանցիկ է՝ ուղերձները հստակ են ու միանշանակ: Վագիֆ Խաչատրյանի, իսկ այնուհետեւ արցախցի երեք երիտասարդների առեւանգմամբ Ադրբեջանի իշխանությունը հասկացնում է մեզ, թե ինչպես է վարվելու Արցախի հայերի հետ, երբ նրանք, այսպես ասած, իրենց ձեռքն ընկնեն:

Չեմ կարծում, որ աշխարհում կամ Հայաստանում կան միամիտներ, որոնք կարծում եմ, թե հայերն Արցախում ապրելու են խաղաղ ու բարեկեցիկ կյանքով: Չհասկացողներ չկան, բայց կան «իրենց գժի տեղ դնողներ»:

Այս համատեքստում, կարծում եմ, պարզ է, թե ինչ է նշանակում «Ադրբեջանի մարդասիրական օգնությունը Աղդամով»: Հացաբուլկեղենի հետ գալու են նաեւ ադրբեջանցի պաշտոնյաները եւ ուժայինները, իսկ թե ինչ է դրան հետեւելու, չեմ էլ ուզում նկարագրել: Իհարկե, արցախցիներն իրենք պետք է որոշեն, թե ինչպես վարվել. այստեղից, առայժմ անվտանգ Երեւանից խորհուրդներ տալը կամ նույնիսկ առաջարկություններ անելը բարոյական չէ:

Բայց ես այս սցենարի դեպքում ապագան հստակ եմ պատկերացնում: Հիշելով Բաքուն եւ Սումգայիթը, Գուրգեն Մարգարյանին եւ Քյարամ Սլոյանին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031