Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանը՝ ռուս խաղաղապահների և Ադրբեջանում տիրող աղքատության ու անգրագիտության մասին

Օգոստոս 30,2023 00:35

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ Re:public of Artsakh թելեգրամյան ալիքով կազմակերպված ուղիղ եթերի ժամանակ հարց հնչեց այն մասին, թե Ռուսաստանի Դաշնության՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի վերջին նիստում արտահայտած դիրքորոշումից հետո, թե Աղդամը կարելի է դիտարկել որպես այլընտրանքային ճանապարհ, որքանո՞վ է ռուս խաղաղապահ զորակազմի առաքելությունն արդյունավետ, հատկապես որ մարդկանց մոտ կան արդարացի դժգոհություններ վերջինիս գործունեության հետ կապված։ 2020 թվականի նոյեմբերյան պայմանագրի համաձայն՝ Լաչինի միջանցքը պիտի մնար ռուս խաղաղապահների հսկողության տակ, մինչդեռ այն շրջափակված է․ Արցախում հումանիտար աղետ է։

Ռուբեն Վարդանյանը պատասխանեց․ «Եկեք հարցը բաժանենք երեք մասի․ մի քիչ երկար պատասխանեմ ձեր հարցին, որ հասկանալի լինի։ Երեք խնդիր կա ռուս խաղաղապահների Կովկասյան տարածաշրջանում գտնվելու հետ։ Առաջին և ամենադժվար խնդիրն այն է, որ երբ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, երբ որ մի փաստաթուղթ ստորագրվեց, սովորաբար ժամանակի հետ նոր լրացումներ, փոփոխություններ են առաջ գալիս՝ նոր հրահանգներ։

Ցավոք սրտի, ի դժբախտություն մեզ և ոչ որևէ մեկի, երբ որ այդ փաստաթուղթը ստորագրվել էր նոյեմբերի 9-ին, աշխատանքային խումբ էր ստեղծվել, որը պետք է բոլոր կետերն առանձին ներկայացներ, որովհետև տարբեր բաներ կային ու այլ մեկնաբանության տեղիք չտար։

Մանավանդ, երբ կողմերից մեկն ունի առավելություն, կարող է ցանկացած կերպ մեկնաբանել փաստաթուղթը։ Եվ այդ առումով մեծ բացթողում էր մեր կողմից, որովհետև չկարողացանք հավուր պատշաճի կատարել մեր տնային աշխատանքը, որովհետև չկարողացանք փաստաթղթի փաթեթ ներկայացնել, ուր բոլոր մանրամասներով համաձայնագրի առանձին կետերը կներկայացվեր։

Երկրորդ կետը խաղաղապահների հետ կապված, ցավոք սրտի, մենք լավ չենք պատկերացնում, թե ինչքանով թույլ է խաղաղապահների գործառույթն ինքն իրենով։ Ձեզանից շատերը երևի տեսել են, թե ոնց էր Հյուսիսային Կիպրոսում բուլդոզերը ճզմել խաղաղապահների մեքենան։

Այդ իմաստով խաղաղապահները, որոնց թվաքանակը և գործառույթները շատ սահմանափակ են, ավելի շատ զսպող են, քան կոնկրետ գործողություններ նախանշող։

Եթե կողմերից մեկը չի ուզում կատարել իր պարտականությունները, ամենուրեք, այդ թվում` Աֆրիկայում ենք մենք տեսել, կարևոր չէ միջազգային խաղաղապահներ են, թե ինչ խաղաղապահներ են, եթե կողմերից մեկը չի ուզում կատարել իր պարտականությունները, ցանկալի արդյունքի չենք հասնի։

Մենք բազմաթիվ տեղերում տեսել ենք դա՝ լինի ռուսական, լինի ֆրանսիական, սահմանափակ են նրանց գործառույթները»,-ասաց Ռուբեն Վարդանյանը։

Ըստ նրա , ՌԴ-ի՝ որպես ՀՀ-ի ու Արցախի անվտանգության երաշխավորի, որպես գործընկերոջ, որպես պաշտպանի հարցում կան առարկություններ, բողոքներ։

«Հայ հասարակությունը, ինչպես միշտ, բաժանված է ռուսամետների և ռուսատյացների։ Դա շատ պրիմիտիվ և ոչ ճիշտ մոտեցում է, ոչ ոք ոչնչով ոչ մեկին պարտավոր չէ։

Այս ցինիկ աշխարհում ոչ ոք ոչ մեկին ոչնչով պարտավոր չէ։ Մենք ականատես եղանք, թե ինչպես Ֆրանսիան և Անգլիան հանձնեցին Չեխիան Գերմանիային 1938 թվականին, մենք շատ նման դեպքերի ականատես ենք եղել, թե ինչպես ամերիկացիները հեռացան Աֆղանստանից։

Հայերի մոտ մի նման մոտեցում կա, թե մեզ բոլորը պարտավոր են և մենք բոլորի համար կարևոր ենք, մեր կարիքը կա։ Դա է մեր խնդիրը, ոչ մեկը մեզ ոչ մի բան պարտավոր չէ։ Որպեսզի մենք կարևոր լինենք և մեզ հետ հաշվի նստեն, պետք է ազդեցիկ լինենք, որպեսզի նորմալ դաշնակիցներ ունենանք, պետք է լինենք հզոր և հույսը մեր վրա լինեն»։

Ըստ բանախոսի, պետք է Արևմուտքի ևս հարաբերություններ կարգավորել, պետք է աշխատել թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի հետ, բայց չելնելով այն հանգամանքից, որ մենք քրիստոնյա ենք ու մեզ պետք է փրկեն, այլ պետք է ուժդ ու հզորությունդ ցույց տաս, ցույց տաս, որ պիտանի ես։

«Այդ առումով Արցախը Ռուսաստանի համար 140-րդ տեղում է, հաստատ ոչ առաջին կամ երկրորդ տեղում է, կամ 20-րդ տեղում է կամ 140։ Ռուսաստանը գերտերություն է, ունի սեփական խնդիրները։ Ես հասկանում եմ, որ արցախյան հիմնախնդրով զբաղվում է ռուսական ղեկավարությունն այն ծավալով, որն իրեն ձեռնտու է։ Իսկ մենք պետք է այնպես դրսևորենք, որ Ռուսաստանի այդ դիրքորոշումից չտուժենք, պետք է գործես տարբեր ուղղություններով, ճիշտ դասավորես հարաբերություններդ տարբեր երկրների հետ»։

Ըստ Ռուբեն Վարդանյանի, մեր հնամյա պատմության ընթացքում այդպես էլ չհասկացանք, որ այս աշխարհում մեզ ոչ համար ոչ մեկը ոչինչ պարտավոր չէ անել։

«Պետք է լինել հմուտ և միաժամանակ աշխատել մի քանի ուղղություններով՝ ելնելով սեփական շահերից, այլ ոչ թե օտարների։ Բայց հաշվի անելով նաև մյուսների շահերը, դա մեծ քաղաքական արվեստ է, շատ ուժեղ չենք այդ հարցում մենք, կան բնագավառներ, որտեղ մենք ավելի ուժեղ ենք»։

Հարցին, թե տնտեսական ու քաղաքական առումով Ադրբեջանն ավելի գրավիչ է ու կարևոր Ռուսաստանի համար, քան Հայաստանը, ՌԴ-ն իր դիրքորոշմամբ հավաստում է այդ մասին, և ՌԴ-ն այդ կերպ բացառում է հարցի լուծումը Արցախի ժողովրդի ինքնորոշման հիման վրա, միակ լուծումը, ըստ ՌԴ-ի, հայ բնակչություն ինտեգրումն է Ադրբեջանի կազմում, Ռուբեն Վարդանյանը չհամաձայնեց։

«Մարդիկ թող չկարծեն, թե այդ հարցը մեկ-երկու ամսում լուծում կստանա։ Ես կտրուկ դեմ եմ ինտեգրացիա բառի կիրառմանը, ուզում եմ կոռեկտ լինել, հայ բնակչությունը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ամբողջ հարցն այն է, թե ինչպես կարգավորել հարաբերությունները հարևան երկրի հետ։

Շատ ծանր է․ ինչպե՞ս է Ադրբեջանը պատկերացնում Ադրբեջանի զինված ուժերում հայկական արմատ ունեցող զինվորների ծառայությունը։ Ես շատ դժվար եմ պատկերացնում։ Բոլորն էլ դա շատ լավ հասկանում են, թեև ցույց են տալիս, թե չեն հասկանում։

Առաջինն անհնար է դա, երկրորդը՝ Հայաստանն ունի ֆանտաստիկ առավելություն»։

Ռուբեն Վարդանյանը նշեց, որ սփռված լինելով աշխարհի բոլոր երկրներում՝ կարող ենք հիմա շատ ավելի կարևորություն ներկայացնել միջազգային հանրության համար՝ ունենալով պրոֆեսիոնալիզմ, բարձր մտավոր պոտենցիալ, տեխնոլոգիական կարողություններ, որոնք կիրառության մեջ են դրվել աշխարհի շատ և շատ երկրներում։

«Մենք բուֆերային երկիր կարող ենք լինել Արևմուտքի և Ռուսաստանի համար, ինչպիսին էր Ֆինլանդիան Խորհրդային Միության և Եվրոպայի համար։ Ճիշտ է՝ Ադրբեջանի պես գազ ու նավթ չունենք, բայց Ադրբեջանի գազը Եվրոպայի գազի 10 տոկոսն է։

Ադրբեջանը շատ խնդիրներ ունի, ես հիմա չեմ ուզում շատ մանրամասնել, միջին վիճակագրական ադրբեջանցին շատ ավելի վատ է ապրում, քան միջին վիճակագրական հայը, իհարկե, պրոպագանդան չի ներկայացնում այդ թվերը, բայց այնտեղ, գյուղերում ավելի աղքատ են և կա անգրագիտության խնդիր։

Հայաստանը նման է բռնցաքամարտիկի, որը պարտվել է, բայց հիմա վճռականությամբ է լցված հաջորդ պայքարում հաղթելու համար և վախենում է նոր հարվածներից, դա շատ կարևոր է ներքին վիճակը հաղթահարելու համար։

Պետք չէ ձեռքերը վայր իջեցնել, որովհետև դեռ ոչինչ ավարտված չէ։ Ես ոչ մի կերպ չեմ պատկերացնում, ինչքան էլ ծանր վիճակում լինենք․ Ադրբեջանը, որ Արևմտյան Ադրբեջանի, Սևանի մասին է խոսում, այդ ամենն այնքան անլուրջ է, պրոպագանդիստներն են դա անում՝ մեզ՝ հայերիս վրա ճնշում գործադրելու նպատակով։ Դա անլուրջ է ու ավելի մեծ թվով խաղացողներ կներգրավվեն այդ պրոցեսում։

Ամենակարևորը դա ոգին է, պատրաստակամությունը, կամքը և ռիսկի գնալու պատրաստակամությունն է։ Մենք պիտի ասենք՝ մենք փոքր ենք, բայց կարող ենք կոկորդդ կտրել կամ կարող ենք այնքան պրոբլեմներ հարուցել քո համար, քեզ քեզ քիչ չթվա։

Ես գտնում եմ, որ ամենակարևորն այն է, որ կողմերից մեկը չպիտի ձգտի առավելագույնի, պահանջի ամեն ինչ։ Ես գտնում եմ, որ դա ճիշտ չէ, խաղաղություն կլինի միայն այն ժամանակ, երբ երկու ուժեղ կողմերը կգան այն համոզման, որ պայմանավորվածություն ձեռք բերեն խաղաղության հասնելու համար, դա եղել է Անգլիայի և Ֆրանսիայի միջև, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև և ոչ միայն Եվրոպայի, այլ երկիր մոլորակի այլ երկրների։

Չի ստացվում մի կողմին ստանալ ամեն ինչ, մենք պետք է հասկանանք, որ մեզանից շատ բան է կախված, մենք պետք է հույսներս դնենք մեր վրա․ պատրաստ լինելով հարվածներ ընդունել՝ չի նշանակում պատրաստ չպիտի լինես ինքդ հարվածներ հասցնես, որպեսզի քո վրա հարձակվող ամբոխը վախենա կամ հարձակվելուց առաջ մտածի, որ պրոբլեմների մեջ է հայտնվելու»։

 Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Շատ դիպուկ բացատրություններ են և պատահական չէ, որ Արցախի ժողովրդի մեծամասնությունն ընդունում է Ռուբեն Վարդանյանի մարտնչողական քաղաքականությունը, քան արայիկի հարմարվողական և պարտվողական պահվածքը։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031