Ադրբեջանի ահաբեկչական ու ցեղասպանական ղեկավարությունը, Ադրբեջանական Կարմիր Մահիկի Ընկերությանը դիմելով և կազմակերպելով Արցախին այսպես կոչված «հումանիտար բեռների» փոխանցում Ակնայի ճանապարհով, փաստում է, որ՝
-ընդունում է Արցախում հումանիտար աղետի գոյությունը, այլապես ինչու է արցախահայությանը հարկավոր պարենամթերք, եթե ըստ ադրբեջանական կողմի՝ այնտեղ չկա շրջափակում եւ շրջափակման հետեւանքով առաջացած հումանիտար աղետ,
-ստանձնում է Բերձորի միջանցքը կեղծ էկոակտիվիստներով, այնուհետև ուժային կառույցների աշխատակիցներով և ապօրինի անցակետի տեղադրումով արգելափակելու միջոցով Արցախի հայ ժողովրդին հումանիտար աղետի հանգեցնելու ամբողջ մեղքը,
-դառնում է ՄԱԿ-ի՝ ցեղասպանություն իրականացնող առաջին անդամ երկիրը, որն ակամա ընդունում է պաշարման պատճառով թերսնմամբ պայմանավորված մահերի, հայրենազրկման, հողազավթման, առևանգումների և պատանդառությունների ողջ պատասխանատվությունը:
Կարդացեք նաև
Նաև փաստենք, որ Ադրբեջանը այլ հաշվարկ է ունեցել՝
-հերքել հումանիտար աղետի գոյությունն Արցախում,
-բանեցնել քրիստոնյա-մահմեդական միջկրոնական կեղծ հակադրության առաջացման իր վաղեմի մարտավարությունը,
-ցույց տալ, որ իբր Արցախի Հանրապետության վարչակազմն է շրջափակել Արցախը:
Սակայն սա այն դեպքն է, երբ Ադրբեջանի իրականացրած տակտիկական գործողությունն ամբողջապես մերկացնում է իր վարած քաղաքականության իրական վերջնանպատակը՝ միջազգային հանրության համար դառնալով ակտիվորեն գործելու մեկնարկային կետ, որով պետք է պատժվեն Ադրբեջանի բռնապետական ղեկավարությունն ու իր հովանավորները:
Այսպիսով՝ կոչ ենք անում հայ հանրությանը է՛լ ավելի մեծ թափով լծվել հայ ժողովրդի մեջ հույս բացելու, միջազգային հանրությանն իրավիճակի մասին իրազեկելու, միջազգային մեխանիզմներն գործարկելու, և մեր ներքին դիմադրողականությունն ու ինքնապաշտպանական հզորություններն ավելացնելու միասնական գործին:
Ինչպես նաև պահանջում ենք ՀՀ Կառավարությունից, օգտագործելով Ադրբեջանի այս քայլը, ինչպես նաև մեր կողմից գերտերությունների ղեկավարներին ուղղված ուղերձներում ներառված հիմնավոր ու կենսական կետերը, հայցել ՄԱԿ ԱԽ-ից վճռական բանաձևի ընդունում:
Այդ կենսական կետերն են՝
– մարդասիրական օգնության փոխանցում. իրականացնել մարդասիրական օգնության անհապաղ առաքումը Բերձորի միջանցքով: Ժամանակին գործողությունները չափազանց կարեւոր են հումանիտար իրավիճակի է՛լ ավելի վատթարացումը կանխելու համար։ Այլընտրանքային ճանապարհները նսեմացնում են արցախցիների ազատ կամարտահայտումը եւ լեգիտիմացնում Ադրբեջանի ու վերջինիս հովանավորների կողմից խաթարված կենսական միջանցքի արգելափակման փաստը՝ հիմնախնդրի էությունը քաղաքականից նենգափոխելով սոսկ հումանիտարի։
– Բերձորի միջանցքի բացում եւ անխափանության ապահովում. բացել Բերձորի միջանցքը, որպեսզի ապահովվի Արցախի հայ ժողովրդին անհրաժեշտ մարդասիրական օգնության առաքումը, ստեղծելով երաշխիքներ դրա հետագա անխափան գործունեության համար: Այս փրկօղակը էական նշանակություն ունի հայության տառապանքը թեթեւացնելու եւ բնակչության հիմնական կարիքները բավարարելու համար:
– Պատասխանատվության հաստատում. վկայակոչելով «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» ՄԱԿ 1948թ. դեկտեմբերի 9-ի կոնվենցիան՝ Ադրբեջանի ղեկավարությանը եւ նրա հանցակիցներին պատասխանատվության ենթարկել Արցախի հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկելու համար: Միջազգային հանրությունը պետք է համախմբված լինի նման զազրելի խախտումների եւ խոշտանգումների դեմ։
– Խախտված իրավունքների վերականգնում. հաստատել Արցախի հայ ժողովրդի իրավունքները, ներառյալ նրա կյանքի ու քաղաքական ինքնորոշման անքակտելի իրավունքը։ Այս հիմնաքարային սկզբունքը որպես միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք՝ պետք է ճանաչվի եւ հարգվի։