Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրահայտ երգի վերնագիրը մեզ համար ուղեցույց չի եղել, բայց այն, որ женщина всегда права, այդպես եղել է եւ կլինի»

Օգոստոս 30,2023 13:00

Հարցազրույց «Ուժը հայրենյաց» կուսակցության Երեւանի ավագանու անդամի թեկնածու Ժակլին Սարխոշյանի հետ

– Տիկին Սարխոշյան, բոլոր ժամանակներում կոնկրետ Երեւանի քաղաքապետարանի ավագանու կազմում գործունեություն են ծավալել նաեւ  տարբեր տրամաչափի արվեստագետներ, որոնք նախընտրական  քարոզարշավներում հավաստիացրել են, որ ընտրվելու դեպքում հնարավոր եւ անհնար ամեն ինչ անելու են արվեստագետի սոցիալական ու ստեղծագործական կյանքը բարելավելու նպատակով։ Այսօր էլ որոշ կուսակցությունների քարոզարշավներում դարձյալ անպակաս են նման խոստումները, օրինակ՝ ինչ-ինչ գործընթաց իրականացնելուց հետո Երեւանում տրանսպորտն անվճար դարձնելուց մինչեւ ձեր կուսակցության՝ Երեւանի զարգացման տեսլականի առաջին կետը՝ Երեւանը միջազգայնորեն ճանաչել մեգապոլիս, եւ այլն։ Նկատում ենք, որ ձեր կուսակցության ներկայացրած ավագանու թեկնածուների ցուցակում գերակշռում են կանայք։ Հավանաբար առաջնորդվել եք հանրահայտ «Женщина всегда права» երգի վերնագրով, որը վաղուց կարծես թեւավոր խոսք է դարձել։

– Իհարկե, հանրահայտ երգի վերնագիրը մեզ համար ուղեցույց չի եղել, բայց այն, որ женщина всегда права, այդպես եղել է եւ կլինի (ժպտում է- Ս. Դ.)։ Այո, Երեւանը ոչ թե պետք է, այլ պարտադիր է, որ լինի միջազգայնորեն ճանաչված մեգապոլիս։ Ի հավելումն ասվածի՝ նշեմ ծրագրի երկրորդ կետը. Երեւանը պետք է լինի կոմպակտ քաղաք, առավելապես եվրոպական կենսակերպով՝ արեւելյան մշակույթի տարրերով։

– Հասկանալի պատճառով չենք կարող ներկայացնել ձեր կուսակցության նախընտրական  ծրագիրն ամբողջությամբ, դրանք «Երեւանցու կամքով՝ հանուն Երեւանի» խորագրով բուկլետում առկա են։ Փոխարենը կուզեինք լսել ձեր՝ բալետի պրիմա պարուհու, ՀՀ վաստակավոր արտիստի խոստումները։ Կարծում ենք՝ դրանցում տեղ է գտել պարողների՝ ընդհանուր հիմունքներով վաստակած հանգստի մեկնելու հարցը, որի մասին ոչ միայն դուք, այլեւ «Առավոտը» շուրջ քառորդ դար բարձրաձայնում է։

– Իմ անհատական ծրագրում պարարվեստի եւ սպորտի ոլորտների կնճռոտ հարցերն են։ Այս ոլորտներում պրոֆեսիոնալ կյանքը կարճ է եւ, այո, ծիծաղելի է, որ շուրջ երեք տասնամյակ այդ մասին խոսվում է, քննարկվում՝ առանց արդյունքի։ Օրինակ՝ խորհրդային տարիներին, կոնկրետ բալետի արտիստը կամ պարողը, 20 տարվա մասնագիտական գործունեությունից հետո թոշակավորվում էր։ Իսկ այսօր կան պարողներ, սպորտսմեններ, որոնք տարիքի պատճառով ոլորտից հեռանալուց հետո անելանելի դրության մեջ են, այն դեպքում, երբ տարիներ շարունակ բարձր են պահել մեր երկրի պատիվը տարբեր միջազգային հարթակներում։ Հասկանալի է, որ բոլորը չէ, որ կարող են դասավանդել, բեմադրել, աշխատել որպես մարզիչ եւ այլն։ Գործընկերներիցս ոմանք, որոնք իրենց բեմական կյանքը շարունակել եւ ավարտել են եվրոպական երկրներում, տվյալ պետությունից ստացել են անվճար երկրորդ մասնագիտություն ձեռք բերելու հնարավորություն։ Օրինակ, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Միքայելյանը, որի հետ քանիցս հանդես եմ եկել Խաչատրյանի «Սպարտակում»,  Գերմանիայում կարիերան ավարտելուց հետո անվճար ստացավ երկրորդ մասնագիտություն՝ Health coach (առողջության մարզիչ) եւ այլն։

– Պարային կոլեկտիվների համար Երեւանում այդպես էլ չունեցանք գոնե մեկ, այսպես կոչված՝ հարմար բեմ կամ համերգասրահ։

– Դա իմ ծրագրի կետերից մեկն է։ Ունենք հիանալի պարային կոլեկտիվներ՝ Պարի պետական, «Բարեկամություն», Երգի-պարի, «Բերդ» անսամբլներ, որոնք ելույթ են ունենում կամ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, կամ օպերային թատրոնում։ «Խաչատրյան» համերգասրահի հարդարման սենյակները գտնվում են նկուղային հարկում։ Յուրաքանչյուր համարից հետո արտիստները պետք է զգեստափոխվեն եւ պատկերացրեք, թե ծանր տարազը հագին ի՜նչ արագությամբ պետք է իջնեն, փոխվեն, հետո էլ նույն նեղլիկ աստիճաններով, իրար հրմշտելով բարձրանան ու հեւիհեւ հասցնեն բեմ դուրս գալ։ Ինչ վերաբերում է օպերային թատրոնին, այստեղ ամեն ինչ կա բալետի արտիստի համար, բայց ոչ պարային կոլեկտիվի։ Այստեղ էլ հարդարման սենյակները մոտիկ չեն, սակայն բալետի արտիստը հաճախ չի զգեստափոխվում։

Ժամանակին Երեւանի պարարվեստի քոլեջն ուներ տուն-ինտերնատ, որտեղ անվճար բնակվում էին մարզաբնակ սաները, սփյուռքահայերն ու այլազգիները։  Իսկ մենք մարզերում ունենք հիանալի երեխաներ… Սա էլ մտածելու տեղիք է տալիս։

Շատ կուզեի, որ մեր թատրոնները, համերգասրահները, որոնք վերանորոգվում են կամ հիմնանորոգվում, պահպանեն իրենց նախնական տեսքը։

Երեւանյան թատրոնների խաղացանկում, իհարկե, կան մանկական ներկայացումներ, կուզեի, որ դրանք շատ լինեն եւ, ընդհանրապես, երեխաների համար մշակութային, կրթական բազում ծրագրեր իրականացվեն։ Մի քանի տարի է՝ մեզանում «լռել» են մեծամասշտաբ, մասսայական միջոցառումները։ Հասկանալի է, որ դրա ժամանակը չէ։ Իսկ արդյոք ժամանա՞կն է աշխարհահռչակ, 6 միլիոն դոլար արժողությամբ ռեփեր հրավիրելու… Քիչ մնաց մոռանայի, որ հայկական բալետային դպրոցի ներկայացուցիչները վաղուց ցանկալի են աշխարհի հեղինակավոր թատրոններում ու խմբերում։ Ոչ թե ժամանակն է, այլ վաղուց պետք է Երեւանում անցկացվեին ե՛ւ բալետի արտիստների միջազգային մրցույթներ, ե՛ւ փառատոներ։ Պետք է չմոռանանք, որ հայկական մշակույթը տարածվում է աշխարհում որպես մեր ազգային ինքնության հիմնական ցուցիչ։ Սպորտում արդեն կան մեկ-երկու անվանի մարզչի անվան մրցույթներ, իսկ ինչո՞ւ պարարվեստում էլ չլինեն, մանավանդ որ ունենք հնչեղ անուններ, այդ թվում՝ Թերեզա Գրիգորյան, Ազատ Ղարիբյան, Վանուշ Խանամիրյան, Վիլեն Գալստյան եւ այլն։

– Տիկին Սարխոշյան, ձեր թվարկած կետերը հիանալի են, անհրաժեշտ, բայց չմոռանանք, որ Ադրբեջանը տարածքային նկրտումներ ունի մեր երկրի տարածքների, ընդհուպ՝ Երեւանի նկատմամբ։

– Մեր ծրագրի հիմնադրույթներից մեկը մասնագիտորեն ու բարեխղճորեն քաղաքի բնակիչներին ծառայելն է։ Երկրի պաշտպանությունն ու անվտանգությունը պահպանելը պետության առաջնահերթ խնդիրն է, պետությունը պարտավոր է այն կատարել։ Իսկ քաղաքապետարանի ավագանու խնդիրը կանաչ, մաքուր, խելացի, անվտանգ, ռեսուրսախնայող եւ գիտելիքահեն, բազմամշակութային ու հանդուրժող մայրաքաղաք ունենալն է։ Թվարկածս եւ ավելին ներկայացված են մեր բուկլետում՝ համայնքային ենթակայության նոր մանկապարտեզների լայնածավալ շինարարությունից,  դպրոցականներին ամենօրյա անվճար տաք սննդից մինչեւ ժամանակակից, մշտական ու անխափան գործող կոմունալ տնտեսություն եւ այլն։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
29.08.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031