Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա իմ ընտրությունն է, ծայրահեղորեն եմ սիրում թատրոնը»

Օգոստոս 30,2023 12:30

«Առավոտի» զրուցակիցը Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասանուհի Տաթեւ Ղազարյանն է

– Տաթեւ, շատերին է հետաքրքրում՝ դերասանական ուղիդ որտեղի՞ց ես սկսել։

– Դերասանական ուղուս մասին երեւի ժամանակ չունեցա մտածելու, սա լավ իմաստով։ Հենց տասնվեց տարեկանում ընդունվեցի ինստիտուտ, այդ տարիքից նաեւ թատրոնում եւ դերը դերի հետեւից խաղացել եմ։ Ժամանակ չունեցա մտածել՝ ինչպես եմ իմ ուղին կառուցելու։ Իմ դերակատարումները դարձան բնազդային, ավելի շատ բնազդով եմ ստեղծագործում։ Խաղալու ժամանակ ինձ մոտ ի հայտ է գալիս ոչ թե ձեւը, այլ բովանդակությունը եւ գնում եմ բնազդային խաղի։

Հետոն էլ չեմ պատկերացնում՝ ինչ դերեր կուզենայի խաղալ, չեմ էլ ուզում մտածել։ Ամեն դեր ստանալուց վստահ եմ լինում, որ ես հենց այդ ուղղության, բնավորության դերի դերասանուհի եմ։

– Թատրոնն այստեղ ու այս պահի արվեստ է, իսկ կինոն ավելի մեծ ընդգրկում ունի… Ընտրությունդ ինչո՞վ է պայմանավորված։

– Իմ կարծիքով՝ այսօր հայ թատրոնը շատ ավելի է կարողանում հասարակությանն իր մոտ բերել եւ շատ ավելի է առաջընթացի մեջ, քան հայ կինոն։ Ես բավական պասիվ եմ կինոարտադրության մեջ, շատ փոքր դերերում եմ հանդես եկել։ Սերիալներում չեմ նկարահանվել, խորին համոզմամբ, որ սերիալում կատարվածը եւ իմ մասնագիտությունը լրիվ տարբեր բաներ են։ Ոչ ոքի չեմ մեղադրում, թե ինչու են նկարահանվում սերիալներում, ինքս այդ փորձն արել եմ, որ ավելի համոզված խոսեմ, բայց հասկացել եմ, որ ես ու սերիալն անհամատեղելի ենք։ Դրա համար հեռացել եմ ու զբաղվում եմ իմ սիրելի գործով։ Թատրոնը շատ ավելի մարդկային է, կենդանի է եւ խոսում է հանդիսատեսի հետ։ Իմը թատրոնն է…

– Մի քանի կրթօջախներում ես դասավանդում։ Ինչպիսի՞ն է դերասանուհի-մանկավարժի աշխատանքը։ Երկու տարբեր սերունդներ հաճա՞խ են բախվում։

– Ես գործող դերասանուհի եմ, բեմում ապրած, «փորձած եւ ճշտած» ամեն բան կարողանում եմ փոխանցել ուսանողներին։ Անհավանական հետաքրքիր է աշխատել ուսանողների հետ, դրական լիցքեր ու մեծ էներգիա եմ ստանում, միշտ ասում եմ՝ ես գուցե ձեզնից ավելին եմ սովորում, քան դուք ինձնից։ Առհասարակ իմ աշխատելաոճի մեջ գերակշռում է սերը, իսկ եթե ես սիրում եմ՝ սերունդների բախում ուսանողների հետ չի կարող լինել։

Գուցե ունենում ենք քննարկումներ, որոշակի անհամաձայնություններ, որից միտք է ծնվում եւ փորձում եմ ճանապարհներ ցույց տալ… Շատ հաճախ ես եմ նրանց լսում, իրենց առաջարկած ճանապարհով եմ քայլում, չեմ վախենում այդ ամենը բարձրաձայնել։

Այս սերնդին շատ եմ սիրում։ Մեր սերունդը վախկոտ է մեծացել, շատ հարցերում ունեցել ենք մեր կարծիքն ու դիրքորոշումը, բայց վախեցել ենք արտահայտել, որովհեհտեւ դա «չէր մտնում» սովետական դաստիարակության կանոնների մեջ եւ այլն, եւ այլն։ Այսօրվա սերունդը համարձակ լինելուն զուգահեռ՝ իր իրավունքներին տեր է կանգնում։ Իհարկե, երբեմն սահմանը կորցնում են եւ վերածվում է ամբարտավանության, ծայրահեղության, որը լավ չէ, բայց երբ իր իրավունքներն ու պարտականությունները երիտասարդը գիտի, ապա երբեք բախում տեղի չի ունենում։ Չափի զգացողությունը շատ կարեւոր է։ Ես այդ զգացողությամբ առաջնորդվում եմ ե՛ւ կյանքում, ե՛ւ արվեստում։

– Ստեղծագործական ոլորտում հիասթափություններ ունեցե՞լ ես։

– Իսկ ինչի՞ց հիասթափվեմ՝ թատրոնի՞ց, իմ մասնագիտությունի՞ց, որը սիրում եմ աշխարհի չափ… Գրեթե քսանհինգ տարի է՝ թատերական աշխարհում եմ, ունեցել եմ տարատեսակ փորձություններ, խոչընդոտներ, անկումներ, բայց երբեք չեմ հիասթափվել։ Որովհետեւ սա իմ ընտրությունն է, ես ծայրահեղորեն եմ սիրում թատրոնը։ Ինչպե՞ս կարող եմ իմ ծնողից հիասթափվել։ Ինչպե՞ս կարող եմ հիասթափվել իմ հայրենիքից, չնայած այսօր հիասթափվելու շատ կետեր կգտնվեն։

– Ճիշտ բնավորության, ներշնչանքի մասին էլ խոսենք…

– Իմ դասախոս ու սիրելի խաղընկեր Դավիթ Հակոբյանն ուսանողական տարիներին միշտ ասում էր՝ թատրոնում տաղանդից կարեւոր է ունենալ ճիշտ բնավորություն։ Ինքն ինձ շատ է սովորեցրել դա։ Այս պատգամն այսօր ուսանողներիս եմ փոխանցում։ Գիտեք, շատ տաղանդավոր մարդիկ իրենց բնավորությանը գերի դառնալով առաջ չեն գնացել, հիասթափությունների են տրվել, մանրուքներից մեծ վեճեր են առաջացրել։ Բնավորությունդ էլ հստակություն պետք է չունենա։ Ոչ թե դու տեսակ չպետք է ունենաս, չէ, դու անշուշտ պետք է ունենաս քո տեսակը, սկզբունքները, բայց դեպքեր կան, որ տեսակդ փոքր-ինչ զիջող լինի, չնկատող ու լռող լինի, եթե դու ուզում ես ունենալ այդ էներգիան, բաց շունչը, բեմում ստեղծագործելու մոտիվացիան։ Ուզո՞ւմ ես առաջ շարժվել, ուրեմն քայլիր։ Իսկ եթե կա քայլ, շարժում, ապա կան որոշակի փոխզիջումներ։

– Տաթեւ, իսկ ընդհանրապես եղե՞լ է դեր, որին ուշ ես ընտելացել կամ ընդհանրապես չես հարմարվել։

– Այդպիսի մեկ դեր եմ ունեցել։ Սովորաբար ես չեմ խաղում այնպիսի դերեր, որոնց չեմ ընտելանում, ամեն կերպ փորձում եմ սարքել իմը։

Այդ ներկայացմանը միացել եմ առաջնախաղից տասն օր առաջ, Վիգեն Չալդրանյանի բեմադրությամբ «Համլետը» ներկայացման մասին է խոսքը։ Չգիտես ինչու՝ բեմադրիչը որոշել էր, որ ես կարող եմ խաղալ Գերտրուդի կերպարը, որը ոչ մի կապ չուներ ոչ իմ տեսակի, արտաքինի, զգաղոցությունների հետ, առավել եւս ոչ էլ իր բեմադրած տարբերակի հետ։ Ինձ պարզապես ռեժիսորը վերցրեց եւ «տեղադրեց» իր ներկայացման մեջ։ Ներկայացումը բեմում կարճ կյանք ունեցավ։ Ամեն անգամ ներկայացումից առաջ, ընթացքում եւ վերջում լաց էի լինում, որովհետեւ իրոք ինձ զգում էի արհեստականորեն տեղադրված, ոչ մի կերպ չկարողացա սիրել այդ դերակատարումը։ Այս պատմությունը միշտ տխրությամբ եմ հիշում։

– Ի՞նչ ես կարծում՝ արտիստի համար ճանաչումը պե՞տք է առանձնահատուկ նշանակություն ստանա։

– Եթե արտիստը երբեւէ մտածի դրա մասին, ապա դա կլինի իր պարտությունը։ Երբեք չեմ կարող ստեղծագործելու ընթացքում մտածել՝ սա ինձ բերելո՞ւ է ճանաչում կամ մրցանակ։ Բայց, անշուշտ, երբ կա հաջողությունը, ճանաչումը, գնահատանքը, ապա հաճելի է լինում, քո գործի պտուղներն ես քաղում։

Զրուցեց ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
29.08.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031