Այն, ինչի մասին փորձում եմ գրել, ահազանգել, հսկայածավալ վեպերի նյութ է, չափազանց պարտադիր, սակայն այսօրվա իրավիճակն այնքան ողբերգական ու օրհասական է, որ ժամանակը թույլ չի տալիս դա անել (գուցե, հետագայում դա կարվի), քանզի Արցախի մեր ժողովուրդն ու Հայաստանն այսօր հայտնվել են այնպիսի օրհասական իրավիճակում, որ հապաղելը կործանարար է եւ վայրկյանն անգամ ճակատագրական նշանակություն ունի …
Լավ, էլ ի՞նչ ասվի ու արվի մեր ազգի գլխին, որ հասկանանք, թե մենք ով ենք, ինչ կշիռ ունենք աշխարհում եւ այս պարագայում ինչ է սպասվում մեզ: Ցավոք, չենք նայում մեր անցյալին եւ եթե ուշադիր լինենք մեր պատմությանը, ապա հիմնականում մեր խելքից, հաճախ ենք հայտնվել նմանատիպ, մի քիչ այսկողմ, մի քիչ այնկողմ իրավիճակներում եւ Տիրոջ կամքով, տվյալ պահի մեր ցուցաբերած համառությամբ ու միասնությամբ: Հենց այդ իրավիճակներում մենք պետք է վերլուծեինք, թե ինչ սխալներ ենք թույլ տվել, ինչու ենք հայտնվել նման իրավիճակներում, որը կամ չենք արել կամ չափազանց թռուցիկ ենք արել, որից լուրջ հետեւություններ եւս չենք արել՝ ոչ նախորդ դարերում, ոչ խորհրդային տարիներին, ոչ էլ նորանկախ Հայաստանի՝ մինչեւ մեր օրերն ընկած ժամանակահատվածում …
Եվ այսպես. համայն աշխարհն է քաջատեղյակ, որ 2020թ. 44-օրյա արցախա (հայ)-ադրբեջանա(թուրքական) պատերազմից հետո (ավելորդ է խոսել մինչ դա եւ դրանից հետո մինչ այսօր Արցախի ու Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունների կողմից թույլ տված բազում սխալների մասին), ինչ իրավիճակում են հայտնվել Արցախն ու Հայաստանը: Մեր երկու հայկական պետությունների տարածքային, մարդկային եւ այլ բազմաթիվ կորուստներից հետո, այնքան սխալներ են թույլ տրվել, եւ թույլ են տալիս մինչեւ այսօր էլ, որ Ադրբեջանը համարձակորեն օգտվեց դրանցից եւ ոչ ավելի, ոչ պակաս՝ փակեց Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ Արցախին, Հայաստանին, աշխարհին հասկացնելով, որ ինքն այնքան հզոր է, որ ինքն ինչ ուզի, կարող է աշխարհի աչքի առջեւ անել ու մնալ անպատիժ, որը ցավոք՝ առ այս պահն իրականություն է: Արդեն ութ ամսից ավելի է, ինչ փակ է այդ միջանցքը, ավելին, միջանցքի սկզբնամասից մինչեւ Հակարիի կամուրջ մի շարք բետոնապատված անցակետեր են տեղադրել՝ լիովին պաշարելով Արցախ աշխարհը: Բոլորիս, նաեւ աշխարհին է հայտնի, թե ինչ «իրադարձություններ» տեղի ունեցան դրանից հետո, որոնք շարունակվում են մինչ այսօր:
Հակիրճ ներկայացնենք, որ այս ամենի հետ կապված՝ Արցախում եւ Հայաստանում ձեւավորվեցին դժգոհություններ բարձրաձայնող որոշակի տարբեր մարդկային խմբեր (Արցախում մի քանի անգամ նաեւ համաժողովրդական դժգոհությունների ալիքներ բարձրացրին), որոնք բարձրաձայնում էին Արցախում ստեղծված եւ օր օրի ձեւավորվող ու շարունակվող աղետալի իրավիճակի վերաբերյալ: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման քայլն այնքան արտառոց, զարմացնող ու ճչացող է, որ միջազգային հանրությունը հասկանալով տեղի ունեցածի վտանգավորությունը եւ հակամարդկային լինելը, պարտադրված սկսեց իր վերաբերմունքը ցույց տալ այդ դաժանությանը՝ սկսած ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի վճիռներից, վերջացրած միջազգային տարբեր մարմինների ու կառույցների միջամտություններով, որը, ցավոք, անգամ այդքան շատ միջամտություններից եւ պահանջներից հետո, առ այսօր ոչ մի արդյունք չի տալիս, քանզի միջանցքը շատ ավելի խստացված եղանակներով դեռեւս փակ է ու ավելորդ է ներկայացնել, թե ինչ հումանիտար՝ անհետաձգելի աղետի առջեւ է կանգնած Արցախի 120 000-անոց բնակչությունը: Բազմիցս եւ տարբեր ձեւերով ներկայացվել է, որ աշխարհն արտաքուստ իբր ընդդիմանում է Ադրբեջանի քայլերին, շարունակաբար բարձրաձայնում, որ Ադրբեջանը պարտավոր է ենթարկվել միջազգային դատարանի ու միջազգային հանրության պահանջներին եւ անմիջապես բացել հումանիտար միջանցքը, սակայն Ադրբեջանը համառորեն, հավանաբար, այդ երկրների հետ ներքին պայմանավորվածություններով, վճռականորեն փակ է պահում այն եւ այն բացելու փոքրիկ նշույլ անգամ ցույց չի տալիս: Փաստացի, նվազագույնը՝ կույր եւ հիմար պետք է լինել, չհասկանալու համար, որ դա ընդամենը կազմակերպված եւ ցուցադրական խաղ է Ադրբեջանի ու այդ երկրների միջեւ ու այն այդպես էլ շարունակվելու է: Դա նաեւ պարզորոշ նշանակում է՝ հայեր դուք միայնակ եք մնացել եւ եթե ուզում եք բացել այդ կյանքի միակ միջանցքը, ապա պետք է ինքներդ ձեւը գտնեք ու փորձեք ինքներդ բացել այն, քանզի ձեզ օգնող չի լինելու: Իհարկե, աշխարհը նաեւ պարտադիր բարձրաձայնելու է, որ ինչ ուզում եք, արեք, միայն հանկարծ նոր պատերազմ չսկսվի, քաջ հասկանալով, որ այդ փորձերն ամենայն հավանականությամբ բերելու են նոր պատերազմի սանձազերծման, որին երախը բաց սպասում է Ադրբեջանը…
Կարդացեք նաև
Փաստորեն, եւ Արցախը, եւ Հայաստանի ժողովրդի հայրենասեր հատվածը կանգնած է մեծ երկընտրանքի առջեւ, կամ պետք է փորձի ուժային եղանակով բացել միջանցքը, կամ պետք է հաշտվի այն իրողության հետ, որ Արցախը պետք է հայաթափվի եւ՝ բոլորը զոհվեն հանուն հայրենիքի՝ Արցախի: Իհարկե, մինչ այժմ միջանցքը բացելու շատ սցենարներ են քննարկվել, սակայն դրանք իրատեսական չեն եւ մնում են վերջին երկու տարբերակները: Կարծում եմ, ուժային տարբերակին գնալու ճանապարհը միակն է. պետք է ողջ հայության այն հատվածը, ովքեր հնարավորություն ունեն, ի հնարավորին՝ որոշակի պատրաստվածությամբ, արագ մեկնեն դեպի Լաչինի միջանցք, իսկ անհետաձգելի աշխատանքով զբաղվածները եւ ժողովրդի մի որոշ մասը մնան ու թիկունքից մշտապես ապահովեն Արցախ հասած մեր հայրենակիցներին: Պետք է եւ աշխարհը, եւ Ադրբեջանը տեսնեն, որ հայ ժողովուրդը՝ չափազանց մեծաքանակ կազմով, հասել է Լաչինի միջանցք, կանգնած է Արցախի իր քույրերի ու եղբայրների թիկունքին, ոչ մի պարագայում նրան մենակ չի թողնելու եւ մինչեւ վերջ մնալու է նրա կողքին, որ ոչ միայն Արցախը երբեք Ադրբեջան չէ եւ վերջ, այլեւ դա համայն հայ ժողովրդի հարցն է ու նա պետք է լուծի այդ հարցը: Կույրին անգամ տեսանելի է, որ Արցախը կորցնելով, միանշանակ կորցնում ենք նաեւ Հայաստանը եւ հայկական ողջ հայրենիքը: Եթե այս ողբերգական իրավիճակում էլ չենք հասկանում, որ Արցախը ոչ թե արցախցիների, այլ ողջ հայության միակ առաջնային խնդիրն է եւ բոլորս միասին՝ մեր ամենավերջին հնարավորությունը ներդնելով միայն կարող ենք փրկել ոչ միայն Արցախը, այլ նաեւ մեր հայրենիքը, ապա ամեն ինչ վերջացած է: Այս պահին կշեռքի նժարին դրված է հենց մեր հայրենիքի լինելիության՝ լինել-չլինելու հարցը եւ եթե միասնաբար չփրկենք Արցախը, ապա չենք ունենալու նաեւ հայրենիք:
Անկեղծ ասած, գաղտնիք չկա եւ բոլորին է պարզ, որ եւ աշխարհը, եւ հայ ժողովրդի դավաճան հատվածը հակված են Արցախը հանձնել Ադրբեջանին՝ բացահայտորեն կեղծելով ու խաբելով, որ սա է Հայաստանի՝ խաղաղության հասնելու միակ բանալին: Եվ, սա այն պարագայում, երբ իրականում սա է Հայաստանի եւ ողջ հայության կործանման միակ բանալին, որը ցավալիորեն մեր ժողովուրդն այնքան էլ խորը չի հասկանում …
Բերեմ մի օրինակ, որից ավելի ծիծաղելի բան դեռ չեմ լսել: Եվ Հայաստանի, եւ աշխարհի բազմաթիվ երկրների, եւ Ադրբեջանի իշխանությունները մշտապես բարձրաձայնում են, որ եթե Արցախը մնա Ադրբեջանի կազմում, ապա ապահովագրված կլինի եւ Արցախի ու նրա ժողովրդի, եւ Հայաստանի անվտանգությունը, սակայն զուգահեռաբար՝ հենց այսպես կոչված՝ «խաղաղության փորձաշրջանի» ամեն վայրկյանն Ադրբեջանն առանց թաքցնելու, աշխարհի աչքի առջեւ՝ օրը ցերեկով, անմիջապես օգտագործում է՝ անընդհատ հարձակումներ գործելով եւ Արցախի, եւ Հայաստանի տարածքների վրա, անընդհատ թուլացնելով երկու հայկական պետությունների եւ նրանց ժողովրդի անվտանգությունը: Այսքանից հետո, Արցախի եւ նրա բնակչության ի՞նչ անվտանգության մասին կարող է խոսք լինել, եթե նրանք իրենց այսկերպ են պահում՝ անգամ այն պարագայում, երբ դեռեւս կնքված չէ՝ այսպես կոչված՝ «խաղաղության» պայմանագիրը: Եթե արդեն կնքված լիներ նման անհեթեթ պայմանագիր, ապա պատկերացնո՞ւմ եք, թե այդ պարագայում ինչ քայլերի կարող է գնալ Ադրբեջանը: Այդ պայմանագրի կնքման հաջորդ վայրկյանից սկսած, նրա միակ գործը կլինի՝ վայրկյան շուտ Արցախի հայաթափումը եւ Հայաստանի՝ մաս-մաս գրավումը: Իհարկե, այդ դեպքում եւս, ինչպես Լաչինի միջանցքի բացման հարցում, դարձյալ կսկսվի աշխարհի թատրոն-վայրահաչը, որ հանգիստ թողեք Հայաստանին, մի գրավեք այն, իսկ նույն Ադրբեջանը, նույն կերպ՝ ինչպես Լաչինի միջանցքի պարագայում, նույն կերպ՝ աշխարհին միայն կասի՝ մի խառնվեք Ադրբեջանի ներքին հարցերին եւ Թուրքիայի հետ միասին, սարսափելի մեծ ուժերով ու միջոցներով կշարունակի ոչնչացնել ու հերթով գրավել Հայաստանի տարածքները: Նա ոչ մեկին ոչինչ չի ասի, ուղղակի հանգիստ իր գործը կանի եւ միայն Հայաստանի վերջնականապես գրավումից հետո, հետեւյալ կոչով կդիմի աշխարհին. «արդարությունը վերջապես հաղթեց», մենք ետ բերեցինք մեր պատմական տարածքները ու հիմա ժամանակն է, որ դուք՝ աշխարհը ճանաչի այն, վերականգնվի պատմական արդարությունը եւ աշխարհում վերջապես ավարտվի այլ երկրների նկատմամբ ագրեսիան ու աշխարհը գա իր հին՝ «պատմական տեսքին»: Ադրբեջանը թմբկահարելու է նաեւ, որ մենք եղանք առաջին երկիրը, ով հիմք դրեց՝ այլ երկրների նկատմամբ ագրեսիայի դադարեցմանը՝ աշխարհին բերելով այնքան սպասված «արդարությունը եւ խաղաղությունը»:
Հայեր, լավ հիշեք, որ մենք մեր անտարբերությամբ գնում ենք լոկ սրան եւ արդյունքում ունենալու ենք այն, ինչ վերեւում ասվեց:
Սա վերջն է, բերեք խելքի գանք, հայեր:
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ
Լուսանկարը՝ «Արցախ» լրատվականի
«Առավոտ» օրաթերթ
29.08.2023