Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Էրդողանն ու Ալիեւն սպասում են Պուտինի հետ հանդիպմանը

Օգոստոս 30,2023 12:00

Հիմա, առավել քան երբեւէ, Ալիեւին հարկավոր է Մոսկվայի լիակատար աջակցությունը

Անցյալ շաբաթվա վերջին Բաքու ժամանեց Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։ Երկու երկրների ռազմական ոլորտի ղեկավարների օրակարգում երկկողմ համագործակցության, տարածաշրջանային անվտանգության վերաբերող հարցերն էին:

Կիրակի օրը ընդունելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերին` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդգծել է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի զինված ուժերի համագործակցությունը գտնվում է` «շատ լավ մակարդակի վրա»։ Նրանք շեշտել են՝ «Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ բարեկամական եւ եղբայրական հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական ոլորտում»։

Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ընտրվելուց հետո առաջին պետական այցին Ադրբեջան՝ Ալիեւն ընդգծել է այդ այցի ընթացքում ռազմաօդային ուժերի նոր Կենտրոնական հրամանատարական կենտրոնի բացման կարեւորությունը: Իր հերթին Թուրքիայի պաշտպանության նախարարն ասել է, որ երկու երկրների ղեկավարների միջեւ սերտ հարաբերություններն ու շփումները դրական են անդրադարձել երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման վրա, եւ ընդգծել է, որ իրականացվում է արդյունավետ փոխգործակցություն ադրբեջանցի գործընկերների հետ: Նրանք նաեւ համոզմունք են հայտնել, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ բարեկամական եւ եղբայրական հարաբերությունները բարեհաջող կզարգանան բոլոր, այդ թվում` ռազմական ոլորտներում:

Ալիեւը Էրդողանի վերընտրությունից հետո ձգտում է ի ցույց դնել թուրք-ադրբեջանական խորքային հարաբերությունները, հատկապես` ռազմական ոլորտում, այդպիսով նաեւ աշխարհին հիշեցնելով, որ վայելում է Թուրքիայի բացարձակ աջակցությունը:

Բաքուն ու Անկարան առաջիկայում մեր տարածաշրջանային խնդիրները քննարկելու են ռուսական կողմի հետ: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Անկարայում անցյալ շաբաթ հանդիպեց Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովի հետ։

Նախատեսվում է Ֆիդանի այցը Ռուսաստան։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

Ավելի վաղ Milliyet թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Հաքան Ֆիդանը սեպտեմբերին կայցելի Մոսկվա։ Օրերս «ՌԻԱ Նովոստի»-ին Անկարայում դիվանագիտական աղբյուրը հայտնել էր, որ Թուրքիայի ԱԳ նախարարը սեպտեմբերի սկզբին կայցելի Մոսկվա: Այցի ընթացքում ծրագրվում է քննարկել հացահատիկի գործարքը, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների իրավիճակը եւ գազային հանգույցի նախագիծը:

Մինչդեռ Պուտին-Էրդողան հանդիպումը չկայացավ օգոստոսին, ինչպես պաշտոնական Անկարան էր ավելի վաղ հայտարարում, թե հույս ունեն օգոստոսին հանդիպել ՌԴ ղեկավարի հետ

Այժմ, Էրդողանը հույս է հայտնում, որ սեպտեմբերին կհաջողվի հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Սեպտեմբերին Հնդկաստանում տեղի կունենա G-20-ի հանդիպումը, ԱՄՆ-ում նախատեսված է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստ, մենք պարոն Պուտինի հետ կքննարկենք (հացահատիկային գործարքը), եթե նման հնարավորություն ստեղծվի խիտ գրաֆիկի պատճառով»,- ասել է Էրդողանը։ Նա նաեւ նշել է, որ Անկարան ջանքեր է գործադրում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ խաղաղ բանակցությունների հասնելու համար։

Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, սակայն, հղում կատարելով սեփական աղբյուրներին, հայտնում է, որ դեռեւս հստակություն չկա Էրդողանի եւ Պուտինի անձնական բանակցությունների վերաբերյալ։

Նկատենք, որ ամերիկյան կողմը Անկարայի հետ տարածաշրջանային հարցեր արդեն իսկ հասցրել է քննարկել: Դեռեւս հունիսի վերջին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Լոնդոնում Ուկրաինայի վերակառուցմանը նվիրված միջազգային երկօրյա համաժողովի շրջանակում հանդիպում էին ունեցել, եւ ի թիվս այլ հարցերի, քննարկել էին նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցը: Իսկ օգոստոսի սկզբին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, ՆԱՏՕ-ի ընդլայնումը, ինչպես նաեւ՝ Սեւ ծովում անվտանգության հարցը։ ԱՄՆ պետքարտուղարությունը մասնավորապես նշել էր. «Պետքարտուղար Բլինքենը խոսել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ՝ ընդգծելու հայ-ադրբեջանական խաղաղության քննարկումների կարեւորությունը…»։

Թուրքիայի ԱԳՆ-ն, ի դեպ, հայտնել էր, որ այդ հեռախոսազրույցը կայացել էր ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, եւ որ կողմերը քննարկել էին Հարավային Կովկասում առկա իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, հացահատիկի գործարքն ու ՆԱՏՕ-ի ընդլայնումը։

Հայաստան-Ադրբեջան խնդիրներում թե՛ Արեւմուտքը, թե՛ Ռուսաստանն ակնհայտորեն Թուրքիայի հետ են այժմ խոսում: Նկատելի է, որ Արեւմուտքին  առայժմ հաջողվում է զսպել Ադրբեջանին: Օրերս Ալիեւը հերթական անգամ հանդես է եկել ադրբեջանական կողմի ապօրինի գործողություններն «արդարացնելու» ելույթով, միեւնույն ժամանակ ուշագրավ խոստովանություն անելով:

Ահա, Ալիեւը հայտարարել է, թե Բաքուն Լաչինի միջանցքում անցակետը տեղադրել է «միջազգային իրավունքի» համաձայն, միաժամանակ նշելով, թե այդ քայլի պատճառով Ադրբեջանը ճնշումների է ենթարկվել։ «Մենք դա արեցինք՝ եւս մեկ անգամ ցույց տալով կամք, քաջություն, ինքնավստահություն»,- Լաչինի շրջանում ելույթ ունենալով՝ ասել է Ալիեւը՝ հավելելով, որ անցակետի բացման պատճառով Ադրբեջանը բախվել է ուժեղ ճնշումների ու սպառնալիքների։ «Սա շարունակվում է այսօր. տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանն ու դրա նմանները տարբեր դավադրություններ են հյուսում մեր դեմ։ Բայց ոչինչ չի կարող մեզ ստիպել շեղել մեր ճանապարհից»,- ասել է Ալիեւը եւ հերթական անգամ պնդել, որ Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը «Ադրբեջանի տարածքային ամբողջականության ամբողջական վերականգնում է»։

Անցյալ շաբաթ շփվել են նաեւ Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխարտգործնախարարները: Ռուսաստան կատարած այցի շրջանակներում Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովը հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ։ Նրանք քննարկել են Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ երկկողմ համագործակցության հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանում առկա իրավիճակը։

Փոխնախարար Էլնուր Մամեդովը Գալուզինին տեղեկացրել է նաեւ տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի եւ խաղաղության օրակարգի աշխատանքների մասին եւ հայկական կողմին մեղադրել «սադրանքների» համար, որոնք, ըստ նրա, «հակասում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը», հայտնում էին ադրբեջանական գործակալությունները։

Ինչպես փոխանցում է ադրբեջանական կողմը, զրուցակիցները նշել են, որ երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության մակարդակը, տարբեր ոլորտներում փոխգործակցությունը, այդ թվում՝ տնտեսական, առեւտրային, մշակութային, հումանիտար, գոհունակություն է առաջացնում: Ի դեպ, նշյալ հանդիպման վերաբերյալ ռուսական կողմի հաղորդագրության մեջ որեւէ խոսք չկար հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի քննարկումից կամ Լաչինի միջանցքի փակ լինելու փաստից։

Էրդողանն ու Ալիեւն, ըստ ամենայնի, սպասում են Պուտինի հետ առաջիկա հանդիպմանը, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների միջեւ բանակցությունների արդյունքներին, որպեսզի ճշգրտեն հետագա անելիքները:

Ալիեւի հրապարակային վերջին խոստովանությունները ի ցույց են դնում նրա մոտ որոշակի դժգոհությունը հատկապես արեւմտյան երկրների պաշտոնյաների կազմակերպությունների հայտարարություններից:

Հիմա, առավել քան երբեւէ, Ալիեւին հարկավոր է Մոսկվայի լիակատար աջակցությունը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 29.08.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031