Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ համար է պետք ազատվել սեփական «նաֆսից»

Օգոստոս 30,2023 14:30

Որեւէ օգտակար «նյութ» լցնելու համար անհրաժեշտ է «դատարկել անոթը»

Մենք առօրյա կենցաղում հաճախ ենք օգտագործում «նաֆս» բառը՝ նկատի ունենալով, որ մեր նկատմամբ բացասական հույզերով լցված մարդը ինչ-ինչ տհաճ իմպուլսներ է «արձակում» մեր ուղղությամբ, եւ դրա հետեւանքով մեր ծրագրերը ձախողվում են: Պակաս հաճախ ենք օգտագործում «ծանրանաֆաս մարդ» բառակապակցությունը՝ այսինքն ծանր շուրչ ունեցող. դա, վերջին  հաշվով, նույնպես կապվում  է բացասական աուրայի, դժկամության, շփման խնդիրների հետ:

Սակայն իսլամի սուֆիստական ուղղություններում արաբական «նաֆս» բառն էապես այլ իմաստ ունի: Դա մոտավորապես այն է, ինչ արեւմտյան մշակույթում կոչվում է «էգո»: Այդ ուղղության հայտնի ներկայացուցիչներից մեկը՝ Ջավադ Նուրբախշը «նաֆսը» բնութագրում էր «բնազդային կենդանական ոգի», «աշխարհիկ «եւս»-ը»: Դրան հակադրվում են «ռուհ»ը՝ շունչը, քամին, մարդու աստվածային որակներր:

Հոգեւոր վերափոխման ճանապարհը, հետեւաբար, «նաֆսից» հրաժարվելն է, այն հաղթահարելը: Նուրբախշը մեջբերում է Մուհամմադ մարգարեի խոսքը. «Իմ փառքը հոգեւոր աղքատությունից է: Ես փառաբանվեցի բոլոր մարգարեներից ավելի բարձր, քանի որ օժտված էի հոգեւոր աղքատությամբ»: Դուք, իհարկե, նկատել եք, որ նույն գաղափարը կա նաեւ քրիստոնեական ուսմունքում. «Երանի՜ հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է երկնքի արքայությունը (Մատթեոս 5:3)»:

Գոյություն ունեն այդ գաղափարի հարյուրավոր մեկնություններ: Իմ համեստ կարծիքով, դա նշանակում է հետեւյալը. ինչ-որ օգտակար, որակյալ նյութ լցնելու համար դու պետք է անոթը դատարկես: (Ի դեպ, բուդդիստների մոտ նույնպես կա «դատարկության» գաղափարը): Հոգեպես զարգանալու, կատարելագործվելու համար պետք է «տեղ ազատես», եւ այդ իմաստով լինես աղքատ, դատարկ: Իսկ ինչի՞ց ես դու ազատվում, ի՞նչն ես գցում աղբարկղը: Կարծում եմ, պիտի պարզ լինի նախորդ շարադրանքից՝ «նաֆսը», «էգո»-ն, աշխարհիկ «ես»-ը:

Աշխատանքիս բերումով ես հաճախ եմ շփվում տարբեր մասնագիտությունների եւ սոցիալական դիրքի մարդկանց հետ, ուզում եմ իմանալ այսօրվա մեր ճգնաժամից դուրս գալու նրանց պատկերացումների մասին: Իմ զրուցակիցների 90 տոկոսն իրենց պատասխանների գրեթե ամեն նախադասությունում օգտագործում է «ես» դերանունը՝ ինչ է նա արել այս տարիների ընթացքում, ինչ ծառայություններ եւ առաքինություններ ունի: Դա ինձ թույլ է տալիս եզրակացնելու, որ ճգնաժամը, որի մեջ մենք ապրում ենք, նախեւառաջ հոգեւոր բնույթի է:

Հատկապես սոցցանցային իրականությունը մեծապես նպաստում է «նաֆսի» զարգացմանը: Մարդիկ մշտապես «կապի մեջ են», անընդհատ հուզվում են, թե քանի հոգի է իրենցով հիանում, քանիսն է հայհոյում: «Նաֆսի» մակարդակից դուրս գալու համար պետք է, թող պարադոքսալ չթվա, որոշակի միայնություն: Դա այն միայնությունը չէ, որը մեկուսացնում է մարդկանցից: Դա հոգեւոր անկախություն է, երբ մարդն իր առջեւ խնդիր չի դնում փաղաքշել սեփական «էգո»-ն եւ այդպիսով ոչ թե տարանջատվում է, այլ, հակառակը, միանում է բոլոր մարդկանց «ռուհ»-ի՝ աստվածային որակների հետ:

Կարծում եմ, պարզ է, թե ինչու է այդ ամենը հիմա մեզ՝ հայերիս համար կարեւոր: Եթե պարզ չէ, մի քանի րոպե խորհեք այն մասին, թե ինչու են այդքան շատ մեզ տարանջատող բաժանարար գծերը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.08.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031