«Ժողովուրդը շատ բան էր սպասում այս իշխանություններից: Դատավարություն եղավ, արդարացավ այդ մարդը՝ Քոչարյանը: Ո՞նց կարող են կառավարել Երեւանը, երբ ժողովրդին տված խոստումը չեն կատարել: Ես Թանդիլյանի դեմ բան չունեմ, նա գրագետ կին է»,- այսօր Նուբարաշեն վարչական շրջանում «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ բնակիչներից մեկը այսպես սկսեց բողոքել իշխանություններից՝ ստանալով քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանի նկարով նախընտրական ծրագիրը:
Նա սկզբում չէր ճանաչել, որ բուկլետ տվողը հենց Թանդիլյանն է: Երբ ներկայացավ, նա զարմացավ. «Դո՞ւ»: Նուբարաշենցին Թանդիլյանից արդարություն էր պահանջում:
Կարդացեք նաև
«Ասեք, ի՞նչ արդարություն ապահովեմ ձեզ»,- հարցրեց թեկնածուն՝ ասելով. «Հիասթափություն կա ուրեմն, որ խոստացել են ու չեն արել: Պետք է փոխել»:
Նուբարաշենի մեկ այլ բնակիչ Մանե Թանդիլյանին հրավիրեց իր տուն. «Սա իմ օջախն է: Ես մշեցի եմ, եղա՞վ, մեռնեմ ձեզի: Երեք ժառանգ ունեմ, երեքն էլ ծառայել են հայրենիքի համար, ոչ մեկին չեմ փախցրել: Ես ուրախ կլինեմ, որ էս հայրենիքը մեր թոռների ապագան կլինի»:
Մի բնակիչ էլ Մանե Թանդիլյանից հետաքրքրվեց. «Իմ հայաթում ուզում եմ բասեին սարքեմ, դրա համար պիտի մի միլիոն պետությանը փող մուծե՞մ, որ թողեն սարքեմ»: Մանե Թանդիլյանը պատասխանեց, որ քաղաքապետարանը ընդամենը պիտի տեղյակ լինի, եթե դա ձեր սեփական տունն է: Պարզվեց՝ փող են ուզում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ