Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստուգե՞լ եք միջազգային լաբորատորիաներում, որ հանկարծ ալյուրի արտադրման ու մատակարարման շղթայում ընդգրկված ադրբեջանցիները ալյուրի հետ թունավոր նյութեր խառնած չլինեն». Արտակ Բեգլարյան

Օգոստոս 29,2023 23:40

ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ալիևյան ցեղասպան ռեժիմը, 261 օր շրջափակելով և 77 օր լիակատար պաշարման պայմաններում պահելով Արցախի ժողովրդին, որոշել է հերթական էժանագին քարոզչական քայլը կատարել:

Նրանք սպասել են մինչև իրենց ցեղասպանական քաղաքականության հետևանքով Արցախում ալյուրի սղությունը հասնի կրիտիկական մակարդակի և հազարավոր ընտանիքներ ընդհանրապես հաց չունենան, որից հետո Կարմիր մահիկի բեռնատարներով ալյուր ուղարկեն Ակնա (Աղդամ)՝ իբր Արցախի ժողովրդին «օգնության» նպատակով: Նրանց թատերական ու սադրիչ մեքենաները գտնվում են իրենց վերահսկողության տարածքում և չեն կարող անցնել արցախյան անցակետը:

Մի քանի հարց այս «սուպեր հումանիստական» մտքի հեղինակներին՝

  1. Եթե այդքան շատ եք անհանգստանում Արցախում սննդի սղության խնդրով, ապա ինչու՞, ի հեճուկս ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրամաններին և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, այսքան ժամանակ չեք բացում Բերձորի (Լաչինի) միջանցքը և չեք թույլատրում, օրինակ, հուլիսի 26-ից միջանցքի մուտքի մոտ կուտակված հումանիտար բեռների մուտքը:
  2. Ինչու՞ հենց հիմա հանկարծ «հումանիստ» դարձաք, երբ շաբաթներ շարունակ մարդիկ տառապում են և նույնիսկ մահանում՝ ձեր կողմից հարուցված սննդի և այլ կենսական ապրանքների սուր սղության պատճառով:
  3. Եթե դա իրոք հումանիտար բեռ է, ապա ինչու՞ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով չեք ուղարկել բեռը, այլ ստիպված ներգրավել եք ձեր փաստացի ենթակայության տակ գործող Կարմիր մահիկին՝ միաժամանակ փչացնելով այդ կառույցի չեզոք ու ապաքաղաքական հեղինակությունը:
  4. Ստուգե՞լ եք միջազգային լաբորատորիաներում, որ հանկարծ ալյուրի արտադրման ու մատակարարման շղթայում ընդգրկված ադրբեջանցիները ալյուրի հետ թունավոր նյութեր խառնած չլինեն՝ ձեր իսկ կողմից խրախուսված հայատյացության ու հայասպանության քաղաքականության ոգով:
  5. Ստուգե՞լ եք, թե արդյոք բեռնատարներում հայատյացությամբ լցված անձ կամ դիվերսանտ չկա թաքնված՝ նպատակ ունենալով առևանգել կամ սպանել հայերի Արցախում:
  6. Արդյո՞ք հարցրել եք Իսրայելի իշխանությունների ձեր «արժանապատիվ» ընկերներին կամ այս ցեղասպանության սցենարի խորհրդատուներին, թե ինչ կանեին, եթե հայտնվեին նացիստական համակենտրոնացման ճամբարում և 261-օրյա կամ նույնիսկ 77-օրյա հալածանքներից հետո հանկարծ Հիտլերի «հումանիստ» անվամբ ճոխ ընթրիք առաջարկվեր նրանց:
  7. Արդյո՞ք ձեր «հումանիստական» մտքով չի անցել, որ «օգնության» հասցեատիրոջը հարցնեք իր կարիքների ու դիրքորոշումների մասին, ինչպես ընդունված է ողջ հումանիստական աշխարհում:
  8. Կարո՞ղ է հանկարծ ձեր սցենարիստները խորհուրդ տված լինեին ձեզ, որ նախօրոք ծանոթանայիք միջազգային իրավունքի հումանիտար սկզբունքներին՝ մարդասիրությանը, չեզոքությանը, անաչառությանը և անկախությանը, որոնք ամրագրվել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 46/182 և 58/114 բանաձևերով: Եթե այո, ապա կասե՞ք, թե այդ չորս սկզբունքներից որ մեկին է համապատասխանում ձեր էժանագին շոուն»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031