Ինչպես տեղեկացրել ենք, այսօր «Ապրելու երկիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավ իրականացրեց Նուբարաշեն վարչական շրջանում: Կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանն ասաց. «Մենք գիտենք, որ ձեզ միշտ խոստումներ են տվել ու չեն իրականացրել, դրա համար դուք մեր ծրագրերում կտեսնեք ժամանակ նշված ու կարող եք այդ գործողությունները վերահսկել, տեսնել դրանք իրականություն դառնալը: Մենք մեզ հետ բերում ենք իրապես կարողության թիմ, որն իր խոստումներին տեր է կանգնելու: Սեպտեմբերի 17-ի ընտրությունները վճռական են լինելու Երեւանի եւ Հայաստանի զարգացման համար»:
Նա հորդորեց գնալ ընտրության ու իշխանազրկել ՔՊ-ին, որոնք արհավիրքի առջեւ են կանգնեցրել մեր պետությունն ու պետականությունը:
Կարդացեք նաև
Թանդիլյանը Նուբարաշենում խոսեց թափառող շների, օդի աղտոտվածության, աղբի վերամշակման գործարանի մասին: Բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ անպայման գնալու է ընտրության. «Իմ ձայնը չեմ ծախելու, որոշել եմ ում եմ ընտրելու: Ով հայրենիքը սիրում է, երկիրը սիրում է, նրան եմ ընտրելու: Մեր Հայաստանը շատ լավ երկիր է, ով ուզում է նստի,պիտի առաջինը Հայաստանը սիրի, հետո նոր չգիտեմ ինչը»:
Հարցրեցինք՝ գո՞հ եք իշխանություններից, նա պատասխանեց. «Է՞ս: Ուֆ լավ, հա, տղուս տրամադրությունը մի գցի»,- ասաց նա՝ ցույց տալով գրկի նորածնին:
Նա ասաց. «Գիտե՞ս ինչից եմ գոհ՝ Աստծուց, որ էդ 5000 երեխեքը մեռան, 5000-ն էլ ծնվում են…»:
Մանե Թանդիլյանը մոտեցավ Նուբարաշենի զրուցարաններից մեկին որտեղ հավաքված էին բնակիչներ, բարեւեց ու փոխանցեց կուսակցության նախընտրական ծրագրի սեղմագիրը: Հարցին՝ իշխանություններից գո՞հ եք՝ բնակիչներից մեկը մի քիչ մտածելուց հետո պատասխանեց. «Բերեք էդ կարծիքը թողեք չարտահայտեմ»: Ճշտեցինք՝ չեք ուզում ասել՝ դժգոհ ենք, որ հանկարծ չգան, բերման չենթարկե՞ն՝ նա պատասխանեց. «Չեմ կարծում նման բաներից ենք խուսափում,ուղղակի ցանկություն չկա այդ թեմայով խոսելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ