«Հաղթանակ» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը Երեւանի ավագանու ընտրության քարոզարշավի շրջանակներում այսօր այցելեց Նորք Մարաշ վարչական շրջան։ Aravot.am-ը զրուցեց նրա հետ։
-Ձեր քաղաքական ուժը ընդդիմադի՞ր է, կիսաընդդիմադի՞ր, թե՞ իշխանամետ։
-Առաջինը։ Իրական ընդդիմադիր։ Երեւանում հիմա չի լինի ոչ ընդդիմադիր։ Լինեմ անկեղծ։ Մեր օրակարգը այդքան շատ քաղաքական չէ մնացածների նման։ Բայց եկեք հասկանանք մի բան։ քաղաքականությունն առաջացել է քաղաքներից։ Եթե կարողանանք ճիշտ կառավարել քաղաքները, հետագայում ճիշտ քաղաքականությունով կարող ենք զբաղվել։ Չերչիլը ժամանակին ասել է․ մենք կառուցում ենք շենքեր, հետո շենքերը կառուցում են մեզ։ Մեր այսօրվա կառուցած շենքերը համապատասխանում են այն վատ վիճակին, որը կա մեր երկրում։
-Երեւանում այսքան շենքեր են կառուցվում։ Այդքան պահանջարկ կա՞։
Կարդացեք նաև
-Վատ չի։ Բայց ամեն ինչը պետք է գոտիավորված լինի։ Իսկ եթե բնակարանները գնում են, ուրեմն պահանջարկ կա։ Եվ չմոռանանք, որ խոսքը միայն երեւանցիների մասին չէ։ Շատ սփյուռքահայեր են գալիս։ Հատկապես 44-օրյայից հետո շատ հայեր ուզում են մասնակից լինել, ինչ-որ բանով օգտակար լինեն։ Ռուսաստանից են շատերը վերադառնում։ Այստեղ ստրատեգիական հարց էլ կա։ մեր բնակֆոնդը հնանում է, մենք պիտի կարողանանք նորը ունենալ։
-Ավագանու ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերից շատերը եւ նրանց աջակցողները ասում են, որ Երեւանի ավագանու ընտրությունները պետք է դարձնել իշխող քաղաքական ուժին ոչ ասելու հանրաքվե։ Համաձա՞յն եք։
– Համաձայն եմ։
-Ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերը»:
-Բավականին բարձր, որովհետեւ մենք եզակի թիմերից ենք, որ խոսում ենք Երեւանի առջեւ ծառացած իրական խնդիրներից եւ եզակի ենք, որ մեր թիմի անդամների մեծ մասն ունի քաղաքային կառավարման եւ քաղաքային պլանավորման փորձ։
-Դուք երբ ժամանակին ստանձնեցիք Կենտրոն համայնքի ղեկավարի պաշտոնը, հայտարարեցիք Օպերայի շենքի հարակից այգիները սրճարաններից մաքրելու մասին։ Բայց չհաջողվեց։ Ինքներդ դուրս եկաք ու այդ սրճարանները մնացին տեղում։ Այս մասին ի՞նչ կասեք։
-Ես դիմում գրեցի ու դուրս եկա, որովհետեւ թաղապետի լիազորությունները թույլ չէին տալիս, որպեսզի մենք ավելի մեծ ապամոնտաժումներ անեինք։ Եվ ես հիմա մասնակցում եմ ավագանու ընտրություններին, որպեսզի կարողանանք գրագետ քաղաքաշինական եւ պլանավորման փաստաթղթեր կազմել, որ այլեւս պուրակների եւ կանաչ տարածքների հաշվին բետոնե մասերով սրճարաններ կառուցեն եւ որպեսզի ավարտենք Օպերայի չավարտածը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ