Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն անարգում է այն ամենը, ինչը սրբություն է հայ ժողովրդի համար

Օգոստոս 29,2023 23:35

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

www.TheCaliforniaCourier.com

Օր չկա, որ չանցնի առանց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մի նոր կոպիտ սխալի։

Ահա թե ինչ է լինում, երբ դեղին մամուլի լրագրողը հայտնվում է իշխանության ղեկին։ Հայերի մեծ մասը, կուրացած նախկին ղեկավարների հանդեպ ունեցած բացարձակ հակակրանքից, նրան սկզբում ընդունեցին գրկաբաց:

Բարեբախտաբար, Փաշինյանի ժողովրդականությունը կտրուկ անկում է ապրել՝ հինգ տարի առաջվա 80 տոկոսից անցյալ ամիս նվազելով մինչև 13 տոկոս: Տարիների ընթացքում հայաստանյան տարբեր հարցախույզներ վկայում են նրա վարկանիշի շարունակական անկման մասին: Այնուամենայնիվ, նա մնում է իշխանության ղեկին և մերժում է հրաժարական տալ, հատկապես 2020 թվականի պատերազմի իր աղետալի սխալ կառավարումից հետո, ինչը հանգեցրեց Արցախի Հանրապետության մեծ մասի կորստի և հազարավոր հայ զինվորների մահվան ու վիրավորման։

Փաշինյանն այնքան սխալներ է թույլ տվել, որ դժվար է դրանք բոլորը նշել։ Նրա ամենամեծ սխալը՝ Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում ճանաչելն էր, դրանով իսկ անարգելով հազարավոր զոհված և վիրավոր հայ զինվորների զոհաբերությունը։ Նա իրավունք չուներ Արցախը «նվիրելու» Ադրբեջանին, քանի որ Արցախի Հանրապետության տարածքը Հայաստանի Հանրապետության իրավասության ներքո չէր։

Փաշինյանի բազմաթիվ այլ կոպիտ սխալների թվում են՝ 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ օդում մուրճը ճոճելը, քաղաքական մրցակիցների գլուխները ջարդելու և ասֆալտին փռելու սպառնալիքը։ Այնուհետև նա արհամարհեց հայերի վաղեմի պաշտամունքը Արարատ լեռան նկատմամբ և քննադատեց Հայաստանի երկու ամենանվիրական պետական խորհրդանիշները՝ զինանշանը և օրհներգը:

Բոլորովին վերջերս Փաշինյանը դժգոհեց 1990 թվականի Հայաստանի Անկախության Հռչակագրից՝ սկզբնական փաստաթղթից, որը ճանապարհ է հարթել Հայաստանի Հանրապետության հիմնադրման համար՝ յոթ տասնամյակի կոմունիստական իշխանությունից հետո։ Նա սխալմամբ հայտարարեց, որ Անկախության հռչակագիրը հակամարտություններ է հրահրել Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ինչը հակասում է իր «խաղաղության օրակարգին»:

Անկախության հռչակագրում հղում է արվել 1989 թ. վերամիավորման մասին որոշմանը, որն ընդունվել է Խորհրդային Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի օրենսդիր մարմինների կողմից։ Նրանում ամրագրված է նաև, որ Հայաստանի Հանրապետությունը «սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։ Հետագայում, Հայաստանի Սահմանադրությունը հղում է կատարել Անկախության հռչակագրին։

Անցյալ շաբաթ Անկախության հռչակագրի 33-րդ տարեդարձի կապակցությամբ Փաշինյանը հայտարարեց. «Հռչակագրի տեքստի քննական վերլուծությունն ի ցույց է դնում, որ մենք ի վերջո ընտրել ենք այնպիսի խոսույթ և բովանդակություն, որի հիմքում դրված է մեզ Խորհրդային Միության մաս դարձրած բանաձևը. խոսքը տարածաշրջանային միջավայրի հետ կոնֆրոնտացիոն խոսույթի մասին է, որ մեզ անընդհատ կոնֆլիկտների մեջ էր պահելու մեր հարևանների հետ»:

Փաշինյանը սխալ մեկնաբանեց Անկախության հռչակագիրը Խորհրդային Միությունից որպես «մեզ Խորհրդային Միության մաս դարձրած բանաձև»։ Նրա թյուր բացատրությունը ճիշտ հակառակն է, ինչ իրականում նշված է տեքստում։

Փաշինյանը շարունակեց առաջ մղել իր անիրատեսական և պարտվողական «խաղաղության օրակարգը»՝ Հայաստանի հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ կարգավորելու համար։ Նա կարծես թե չի հասկանում, որ խաղաղություն մուրալը խաղաղության չի հանգեցնում։ Սա ուղղակի ավելի շատ նվաստացման ու պատերազմի բանաձև է։ Մինչ կուրորեն խաղաղության մղելով՝ նա հակասեց ինքն իրեն՝ հայտարարելով, որ Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացնում արցախահայության նկատմամբ։ Ինչպե՞ս կարող են ցեղասպանությունն ու խաղաղությունը գոյակցել։

Փաշինյանի բազմաթիվ քննադատությունները վկայում են այն մասին, որ նա դեմ է անկախ Հայաստանի Հանրապետության բոլոր խորհրդանիշներին ու արժեքներին։ Նրա վերջնական նպատակն է բավարարել Ադրբեջանին և Թուրքիային՝ վերացնելով Արցախի մասին բոլոր հիշատակումները և հրաժարվել Թուրքիայից ցեղասպանության պահանջների հետապնդումից:

Այդ ընթացքում Փաշինյանը լրիվ մոռացել է 2020 թվականի պատերազմից հետո Բաքվում կալանավորված և խոշտանգումների ենթարկված տասնյակ հայ ռազմագերիներին։ Նա ոչ միայն որևէ գործողություն չի ձեռնարկել նրանց ազատելու համար, այլև նույնիսկ չի հիշատակել նրանց մասին։ Սա նրա ձախողման հետևանքն է, որ չկարողացավ հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր ռազմագերիների միաժամանակյա փոխանակման, ինչպես նշված էր նրանց 2020 թվականի համաձայնագրում։ Փոխարենը, պատերազմից անմիջապես հետո Փաշինյանը ազատ արձակեց բոլոր ադրբեջանցի գերիներին՝ փոքրաթիվ հայ գերիների դիմաց։

Ավելին, Ադրբեջանն Արցախի մեծ մասը բռնագրավելուց հետո զավթել է Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասը։ Փաշինյանը որևէ ջանք չի գործադրել հակառակորդին այնտեղից հեռացնելու համար։ Հայաստանի սահմանների պաշտպանությունը վարչապետի առանցքային պարտականություններից է։

Փաշինյանի անվտանգության աշխատակիցները լռեցնում են բոլոր նրանց, որոնք համաձայն չեն նրա պարտվողական «խաղաղության ծրագրին»՝ լինեն նրանք Հայաստանում, թե Սփյուռքում։ Հայ դատի կողմնակից հայրենասեր հայերին և ոչ հայերին արգելվում է այցելել Հայաստան, իսկ Հայաստանի բնակիչները հալածվում և ձերբակալվում են, եթե համարձակվում են բողոքել կամ քննադատել Փաշինյանին։ Միևնույն ժամանակ, թուրք ժխտողականները և ծայրահեղական գորշ գայլերի անդամներն ազատ են շրջելու Հայաստանում և վիրավորելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Երևանի Ցեղասպանության հուշահամալիրում:

Սա ճիշտ հակառակն է նրա, թե ինչպիսին պետք է լինի ժողովրդավարական երկիրը, որտեղ խոսքի ազատությունը ժողովրդի հիմնարար իրավունքն է։ Ցավոք, ժողովրդավարություն ու ժողովրդավարական ազատություններ հաստատելու հավակնությամբ իշխանության եկած անձը լրիվ հակառակն է արել։ Ամբողջ իշխանությունը և որոշումներ կայացնելու լիազորությունները կենտրոնացած են մեկ մարդու ձեռքում, որը ոչ ոքի հետ չի խորհրդակցում և ոչ ոքի չի լսում։ Փաշինյանի բռնատիրական որոշումների հարցում ասելիք չունեն ո՛չ նախարարները, ո՛չ Ազգային ժողովը, ո՛չ նախագահը, ո՛չ էլ դատարանները։

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031