Լրահոս
Օրվա լրահոսը

«Որտե՞ղ է ձեր հպարտությունը, որ 28 գեներալ տված Չարդախլուից ոչինչ չի մնացել»․ Ռուբեն Վարդանյանը՝ իրեն հարց ուղղած ադրբեջանցի ճարտարապետին

Օգոստոս 29,2023 22:22

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ Re:public of Artsakh  թելեգրամյան ալիքով կազմակերպված ուղիղ եթերի ժամանակ ադրբեջանցի օգտատերերին ևս հնարավորություն տրվեց հարց ուղղել նրան։ Մասնագիտությամբ ճարտարապետ մի օգտատեր հարցրեց․ «Դուք ասում եք, թե 5000 տարի ապրում եք այստեղ, ես՝ որպես ճարտարապետ, հաճախ եմ լինում այն տարածքներում, որոնք վերականգնվում են։ Ուզում եմ հարց տալ՝ ինչո՞ւ է այդքան ժամանակ չորս կողմը թալանված, անտերության մատնված, երբ ասում եք, թե դա ձեր հանրապետությունն է։

Երկրորդ հարցս՝ 2020 թվականի պատերազմի ավարտին ես շատ լավ հիշում եմ, երբ Ստեփանակերտում ոչ ոք չէր մնացել, բոլորը նստել էին մեքենա և հեռացել էին։ Եվ միայն խաղաղապահների շնորհիվ հնարավորություն ստեղծվեց, որ մարդիկ ավտոբուսներով վերադառնան իրենց բնակավայր։ Չե՞ք գտնում, որ ձեզ հնարավորություն տրվեց օգտագործել պահը և խաղաղություն հաստատել»։

Ռուբեն Վարդանյանը պատասխանեց․ «Շնորհակալություն հարցի համար, սակայն 5000 տարվա մասին ուղղակի վերցրեք Բաբելոնի քարտեզը և նայեք։ Մենք չէ, որ մեր մասին խոսում ենք, կան պատմական փաստեր․ ընթերցեք Հերակլիտոսին, որպես կրթված մարդ պիտի որ պատմություն իմանայիք, վերցրեք, ընթերցեք Հայոց պատմությունը այլ ազգերի ձեռամբ գրված»։

Ռուբեն Վարդանյանը հիշեցրեց, որ պատերազմը սկսվեց, քանի որ Ադրբեջանը որոշեց Լեռնային Ղարաբաղի հարցը լուծել պատերազմական ճանապարհով։ Միաժամանակ հիշեցրեց, որ արցախյան առաջին պատերազմի ժամանակ ավերակների վերածված բոլոր տարածքները վերականգնվել են, այդ թվում և իր հիմնադրամի միջոցով։ Նա ասաց, որ Շուշիում մզկիթը ևս վերականգնել են՝ հարգելով հարևան ազգի կրոնական արժեքները։

Ռուբեն Վարդանյանն իր հերթին հարց ուղղեց ադրբեջանցի օգտատիրոջը, թե ի՞նչ եղավ մարշալ Բաղրամյանի թանգարանը Չարդախլուում։

«Որտե՞ղ է ձեր հպարտությունը, որ ունեցել եք Բաղրամյանի նման մարշալ։ Ինչո՞ւ իր մասին ոչինչ չեք ասում, դուք չունե՞ք հպարտություն, որ չեք խոսում այն մասին, որ մի գյուղ, որը 28 գեներալ է տվել, այդ գյուղից՝ Չարդախլուից ոչինչ չի մնացել։ Վատ չե՞ք զգում։ Ցավոք սրտի, պատերազմը պատճառեց մեր կորուստներ, ավերածություններ, այդ թվում Շուշիից հրթիռակոծվում էր Ստեփանակերտը, շատ մեծ թվով ռազմական գործողություններ տեղի ունեցան այստեղ։ Իրոք շատ ավերածություններ եղան, միանշանակ այդ ավերածությունները վերականգնվեցին։

Բայց պետք է հասկանալ, որ այդ ամենը, ցավոք սրտի, սկսվեց ձեր կողմից, երբ որ որոշեցիք ռազմական ճանապարհով այդ հարցը լուծել։ Ուզում էիք Լեռնային Ղարաբաղի ինքնավար Հանրապետությունն ազատագրել հայերից՝ ինչպես որ Շահումյանը, Գետաշենը։ Դուք սխալվեցիք ձեր ռազմական հաշվարկների, ռեսուրսների մեջ։

Ինչ վերաբերում է Ստեփանակերտից հայ բնակիչների դուրս բերմանը, ուզում եմ ասել, որ ոմանք գնացին, բայց շատերը մնացին։ Երբ ռազմական գործողություններ էին ընթանում, խաղաղ բնակչությունը հայտնվել էր սպառնալիքի տակ, և նրանց մի մասը ստիպված էր դուրս գալ։

Նորից ասեմ՝ ուզո՞ւմ էիք Արցախն ամայացնել, դարձնել անմարդաբնակ տարածք, որպեսզի այստեղ ոչ ոք չապրի, ինչպես Նախիջանում չթողեցիք ոչ մի հայի։

Ես՝ ի տարբերություն ձեզ, չեմ էլ թաքցնում, որ մեր հիմնադրամն օգնել է վերականգման աշխատանքներ տանելու, այդ թվում Շուշիում մզկիթի վերակառուցմանը՝ հասկանալով, որ դա պատմական ժառանգություն է։

Ես գտնում եմ, որ պատմական ժառանգությունը պետք է պահպանել։ Եվ ինչքան էլ դժվար լինի մեզ, որովհետև տարբեր կրոններ ենք դավանում, պետք է հարգենք հարևանի երկրի կրոնական արժեքները։

Մենք ապրել ենք կողք կողքի տասնյակ տարիներ, Խորհրդային Միության ժամանակահատվածում, մինչ այդ։ Հարգանքը պետք է երկկողմանի լինի և հարգալից վերաբերմունքը պետք է վերականգնվի շատ զգույշ, որովհետև միմյանց հանդեպ փոխադարձ վստահությունը խաթարված է։

Դա նրանից էր, որ դուք որոշեցիք ռազմական ճանապարհով լուծել այդ հարցը»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031