Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ հետևանքներ կունենա Արցախի համար Աղդամի միջանցքի գործարկումը․ Ռուբեն Վարդանյանի կոշտ արձագանքը

Օգոստոս 29,2023 20:45

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Re:public of Artsakh թելեգրամյան ալիքի ուղիղ եթերում թվարկել էր հինգ ուղղություններ, որոնք իրագործելու դեպքում հնարավոր է Արցախը դուրս բերել ճգնաժամային իրավիճակից։ Դրանցից առաջինը ճնշումն էր միջազգային հանրության վրա, ճնշումը մամուլի վրա, որպեսզի միջազգային լրագրողները գան, տեսնեն՝ ինչ է կատարվում, բարձրաձայնեն, մյուսը Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների կարգավորումն է, Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև Ադրբեջանի հետ  բանակցություններն են։

Նրան հարց ուղղվեց՝ ո՞վ պետք է ներազդի Ադրբեջանի վրա, որպեսզի Բաքուն ընդունի Ստեփանակերտը՝ որպես բանակցային կողմի՝ հաշվի առնելով այսօրվա խնդիրները, այդ թվում  Աղդամի միջանցքի հետ կապված խոսակցությունները, որը Ադրբեջանն առաջարկում է որպես այլընտրանքային ճանապարհ։ Եվ ի՞նչ հետևանքներ է ունենալու Արցախի համար այսպես կոչված Աղդամի միջանցքի գործարկումը։

«Ես առաջարկում եմ կենտրոնանալ ոչ թե առանձին գործիքների, այլ բովանդակության վրա։ Ադրբեջանն օգտագործում է ագրեսիվ դիրքորոշում բանակցություններում։ Երկու կողմեր են, որոնցից մեկն ամեն ինչ ուզում է իրենով անի՝ հարյուր տոկոսով, բայց  խոսակցության ընթացքում գոնե 85 կամ 90 տոկոսի պիտի իջեցնես նրա ցանկությունները։ Ադրբեջանի սկզբունքն է՝ կամ ամեն ինչ կամ ոչինչ։

Ես գիտեմ, որ մեզ ոչ միայն հայեր են լսում, այլ ադրբեջանցիներ, բոլոր նրանք, որոնք լսում են, պիտի հասկանան, որ կյանքը չի սահմանափակվում միայն այսօրով, վաղվա օր կա։ Մենք խոսում ենք մի կոնֆլիկտի մասին, որը շատ բարդ է, հազարավոր մարդկանց ճակատագրեր են դրված զոհասեղանին, որոնք կորցրել են իրենց ընտանիքի անդամներին, հարազատներին, Արցախում ունեն գերեզմաններ, տներ։

Ի՞նչ են իրենք ուզում, որ այստեղ ոչ մի հայ չապրի՞, հայերը հրաժարվե՞ն իրենց արմատներից, դա անհնար է, դա էթնիկ զտում կամ ցեղասպանություն է։

Հարցը հետևյալն է՝ Հայաստանի հետ ի՞նչ է տեղի ունենալու, նույն բանն եք անելո՞ւ Հայաստանի հետ։ Դուք հուշում եք, որ Հայաստանում և Արցախում ոչ մի հայ չի՞ մնա կամ նրանք լիովին հնազանդվելո՞ւ  են։

Շատ հարցեր կան, բազում նուրբ տարրեր կան։

Ես կարծում եմ, որ հոգեբանական մեծ ճնշում է կատարվում, որպեսզի կարողանան կոտրել մարդկանց դիմադրողականությունը, որպեսզի նրանք չցանկանան ապրել սեփական հողի վրա։

Այնպես որ,  Աղդամի ճանապարհի հետ ինչ ցանկանում են անել, ունի մեկ նպատակ․ դա ճնշում գործադրելու գործիք է, ու մենք պետք է գիտակցենք՝ ինչ չի կարելի անել, մենք ունենք կարմիր գծեր և ինչու չի կարելի դա անել։

Մենք ունենք Արցախի ռազմավարություն՝ 2035, որը մշակել ենք ամիսներ շարունակ, կարմիր գծեր կան այդ ռազմավարության մեջ, այստեղ հարցը վերաբերում է նաև անցակետերին, պետք է հիշել, որ կան երկու անցակետեր։ Մեկն այն անցակետն է, որը տեղադրված է կամրջի վրա, մյուսը՝ Շուշիում է մնացել ու պարզ չէ, թե ինչու է այնտեղ մնացել, ինչու են ադրբեջանցի ոստիկաններն այնտեղ կանգնած։

Ճնշում պետք է լինի և՛ Արցախի, և՛ Հայաստանի, և՛ միջազգային հանրության կողմից։

Պետք է վերադառնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի կետերին։

Մնացած ամեն ինչ հանգեցնելու է կամ պատերազմի կամ անդառնալի հետևանքների։ Եթե կան մարդիկ, որոնք լինելով ոչ այնքան հմուտ և հեռատես, ասում են՝ եկեք մի անգամ  Աղդամի ճանապարհն օգտագործենք, բայց հետո քայլ առ քայլ այս ամենը գնալու է դեպի Ադրբեջանի շահերի բավարարմանը։

Բոլորն արդեն մոռացել են բնապահպան կոչվածներին, ամեն ինչ իբրև թե սկսվեց բնապահպանական խնդիրներից, բայց արդեն հետագայում վերածվեց բոլորովին այլ պահանջների։

Պետք չէ զբաղվել ինքնախաբեությամբ, եթե «ա» ես ասում, ուրեմն «բ» ու «գ» էլ պիտի ասես, Աղդամի ճանապարհն անընդունելի է իր բնույթով և բովանդակությամբ, անհնար է պատկերացնել, որովհետև ոչ ոք չի հավատում, որ դրանից հետո բոլոր հարաբերությունները միանգամից հարթվելու են, և ամեն ինչ լավ է լինելու։

Հացից բացի, որը բնականաբար անհրաժեշտ է բոլորին ապրելու համար, կա արժանապատվության զգացում և դա շատ կարևոր է մեզ համար, դրանք դատարկ խոսքեր չեն և երբեք չի ստացվի հացի ու կարագի միջոցով գնել արցախցիների արժանապատվությունը։ Ես դրանում վստահ եմ, թեև  Արցախում շատ ծանր իրավիճակ է»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031