Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Մանասյանն Արգենտինայի դեսպանին ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները

Օգոստոս 29,2023 20:35

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով մարդու հիմնարար իրավունքների խախտումներին առնչվող հարցերը։

Այսօր՝ օգոստոսի 29-ին, կայացած հանդիպման ժամանակ Պաշտպանը նշել է, որ Ադրբեջանի անօրինական գործողությունների հետևանքով խախտվում են Արցախի բնակչության հիմնարար իրավունքները և ազատությունները, ինչպիսիք են՝ կյանքի, անվտանգության, ազատ տեղաշարժի, սննդի, հոգեկան և ֆիզիկական առողջության պահպանման, բավարար կենսամակարդակի, կրթության իրավունքները, ինչպես նաև բնակիչների արժանապատվությունը՝ որպես մարդու իրավունքների և ազատությունների անքակտելի հիմք։

Հանդիպման շրջանակում Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությամբ պայմանավորված մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին, Սյունիքի, Գեղարքունիքի մարզեր, Երասխ համայնք իրականացրած փաստահավաք աշխատանքների արդյունքներին՝ արձանագրելով, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը խիստ մտահոգիչ է։

Դեսպան Մարիանո Վերգարան իր հերթին ընդգծել է, որ ևս հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, նաև նշել, որ Արգենտինայի հայ համայնքը խնդրի վերաբերյալ իր մտահոգությունն անընդհատ բարձրաձայնում է։  Դեսպանը նաև  բարձր է գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Անահիտ Մանասյանի կողմից իրականացվող աշխատանքը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել արդյունավետ և կառուցողական համագործակցությունը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել