«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Հակարիի կամրջից՝ մարդկանց առեւանգումներին՝ հիշեցրեց նախկինում տեղի ունեցած իրադարձությունները։
«Գիտեք, թե նախկինում ինչ առեւանգումներ են եղել, ինչ զորավարներ են առեւանգվել։ Մանվել Գրիգորյանին, Սամվել Բաբայանին, բայց հետո մենք հաղթեցինք»,-ասաց նա՝ փաստելով, որ ամեն ինչ պետք է արվի, բացառելու նման երեւույթները։
«Մենք հաղթահարել ենք դժվարությունները։ Եթե ադրբեջանցիները 1990-ականներին Շուշիից չկրակեին Ստեփանակերտի ուղղությամբ, ապա տարածաշրջանում իրավիճակն այն կլիներ»,-համոզված է Անդրանիկ Քոչարյանը։
Անդրանիկ Քոչարյանի տեսակետով՝ երբ Բաքուն տեսավ, որ հետպատերազմյան առաջին փուլը հաղթահարել ենք, սկսեց հայկական կողմին մեղադրել։ «Մեղադրեց՝ որ մենք ինչ-որ տեղից անօդաչու սարքեր ենք գնել եւ այլն։ Մենք ամեն ինչ չենք հաղթահարել, բայց եթե այս փխրուն խաղաղության ընթացքում բարձրացնենք բանակի մարտունակությունը, ապա վաղվա օրն ավելի հուսադրող կլինի։ Մենք պետք է դասեր քաղենք 44-օրյա պատերազմից։ Զինված ուժերը պետք է դառնան այնպիսին, ինչպիսին պետք է լինեին պատերազմից առաջ»,-նշեց Քոչարյանը։
Կարդացեք նաև
Քոչարյանի խոսքով, նախկինում ուշադրություն էր դարձվում միայն առաջին պաշտպանական գծին, մինչդեռ ԶՈւ գլխավոր շտաբը նախկինում քաղաքական իշխանությունների առաջ երկրորդ գծի ձեւավորման խնդիր էր դնում։
«Եթե այդ գիծը լիներ, մեր տարածքային կորուստներն ավելի քիչ կլինեին»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ