Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս դուրս գալ Արցախում տիրող ճգնաժամային իրավիճակից․ Ռուբեն Վարդանյանը հինգ ուղղություն է մատնանշում

Օգոստոս 29,2023 20:00

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Re:public of Artsakh թելեգրամյան ալիքով մոտ 2 ժամ տևած ուղիղ եթերում խոսեց Արցախում տիրող ծանր իրավիճակից դուրս գալու ուղիների մասին, անդրադարձավ Ռուսաստանի Դաշնության, ինչպես և Ադրբեջանի հետ  բանակցություններ անցկացնելու անհրաժեշտությանը, պատասխանեց նաև օգտատերերի, այդ թվում և ադրբեջանցի մասնագիտությամբ ճարտարապետ օգտատերերից մեկի հարցին։

Այն հարցին, թե ձեր կարծիքով՝ առաջնահերթ ի՞նչ միջոցներ կարելի է ձեռնարկել շրջափակումից՝ ներկա  ճգնաժամային իրավիճակից դուրս գալու, թեկուզև այն մեղմելու համար, Ռուբեն Վարդանյանը պատասխանեց՝որ հումանիտար ճգնաժամը, որն արհեստականորեն ստեղծում է Ադրբեջանը, դա գործիք է Արցախի և աշխարհի վրա ճնշումներ գործադրելու։

Ըստ Ռուբեն Վարդանյանի, իրենք վերլուծություն են կատարել Արցախի հնարավոր զարգացման մասին «Արցախի անվտանգային զարգացման ճակատի» շրջանակում ու 14 տեսակի պատերազմական գործիքակազմ են հաշվառել, որոնք տարվում են Արցախի դեմ՝ Ադրբեջանի կողմից։ Արհեստականորեն ստեղծված հումանիտար ճգնաժամը հենց այդ գործիքակազմերից մեկն է։

Նա հայտարարեց, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում․ կան հինգ ուղղություններ, որոնցով պետք է շարժվել։

«Մենք պետք է համախմբենք հասարակությանը, կենտրոնացնենք այն բոլոր ռեսուրսները, որոնք մենք ունենք։ Հաշվարկենք մեր ունեցած բոլոր ռեսուրսները, 2 ամիս է, 3 ամիս է, թե կես տարի է կամ մեկ տարի, թեկուզ 200 գրամ հացով կապրենք, կպայքարենք մինչև վերջ։

Մենք ամեն ինչ պիտի անենք, որ միջազգային հանրությունը կարողանա հումանիտար օգնություն ապահովել օդապարիկներով, դրոններով, ինչով հնարավոր է, աշխարհը մեզ օգնի դեղորայքով, սննդամթերքով։

Պետք է կարողանանք ճնշում գործադրել այն միջազգային կազմակերպությունների վրա, որոնք աշխատում են Ադրբեջանում, ասենք՝ գիտեք ինչ, դուք մասնակից եք Արցախում 30 հազար երեխաների սպանությանը։

Նաև ճնշումներ պիտի գործադրել մեդիայի վրա և դա պիտի անել պարբերաբար՝ ամենօրյա ռեժիմով։ Այնպես պիտի անել, որ դեպքի վայր ժամանեն միջազգային լրագրողները, և միջազգային հանրությունը տեղյակ լինի, թե ինչ է կատարվում։

Հաջորդ ուղղությունը՝ Հայաստանի վրա կոշտ ճնշում  գործադրելն է, Հայաստանը պիտի հրաժարվի այն հռետորաբանությունից, որ Արցախը մաս է կազմում Ադրբեջանի, որովհետև այս իրավիճակում Ադրբեջանը խախտեց այն ամենը, ինչ կարելի էր խախտել, այդ թվում՝ Վագիֆ Խաչատրյանի առևանգումը, ցույց տվեց, որ անվտանգության ոչ մի երաշխիք չի կարող տալ։ Հայաստանն այս մասին կարող էր նախկինում էլ չխոսել, բայց հիմա պիտի հրաժարվի․ Հայաստանի ոչ հստակ դիրքորոշումը խանգարում է միջազգային հանրությանը օգնելու մեզ՝ Արցախում ապրող հայերիս։

4-րդ կետը, որը ոչ պակաս կարևոր է, պետք է աշխատանք տարվի Ռուսաստանի Դաշնության հետ, պետք է հասկանալ, որ եթե այստեղ նույնիսկ չլինեն հայկական դրամներ, այլ լինեն ռուսական ռուբլիներ, եթե անգամ այլ մեխանիզմներ, որոնց եթե Հայաստանն ու Ադրբեջանն ինչ-որ կերպ համաձայնեն, մենք չենք համաձայնվի, որ Արցախում լինեն ադրբեջանական օրենքներ ու կարգեր։ Դա նշանակում է, որ Ռուսաստանը դժվարին ընտրության առաջ է  կանգնած, բայց պետք է որոշում կայացնի, որովհետև խաղաղության երաշխավորն է», -ասաց Ռուբեն Վարդանյանը։

Ըստ նրա, հինգ ուղղություններից մեկն էլ, որը ոչ պակաս կարևոր չէ, բանակցություններն են Ադրբեջանի հետ։

«Իհարկե, պետք է հասկանալ, որ բանակցությունները պետք են Ադրբեջանի հետ, իհարկե, չպետք է խոսել ուժի դիրքերից։ Ես մարդ եմ, որը լավ գիտի պատմությունը և կարող եմ ասել, որ պատրանքը, որ դու հաղթել ես, դա  չի նշանակում, որ քեզ ամեն ինչ հասանելի է։

Եթե ուզում ես 100 տոկոս ամեն ինչ քո ձեռքը վերցնել, ստանում ես հակառակ ազդեցությունը։

Ինչ կլինի հինգ տարի հետո, երբ քվանտային համակարգիչ ունենա Չինաստանը կամ ԱՄՆ-ն, ինչ կլինի գազի և նավթի հետ 10-15 տարի հետո, ոչ ոք չգիտի։ Ո՞վ կկառավարի այդ ժամանակ Ադրբեջանն, ուշ, թե շուտ Ադրբեջանի ղեկավարը գնալու է։ Շատ հարցեր կան, որոնք փնտրում են իրենց պատասխանները։ Պետք է ամեն ինչ ձեռնարկենք, խելամիտ լուծումների կայացմանն հասնելու, եթե ոչ տեղի կունենա հակառակ ազդեցությունը։

Դրա համար պետք է Ադրբեջանի հետ բանակցությունների նախապատրաստվել, ընտրել խելացի, բանիմաց մարդկանց՝ հայ և ոչ միայն հայ մասնագետների, քանի որ  բանակցություններ վարելն առանձին մասնագիտություն է, շատ դժվար։

Այդ ծանր պայմաններում, որտեղ կա գոյատևման խնդիր, պետք է աշխատել և՛ Ռուսաստանի հետ, և՛ Ադրբեջանի հետ, հասնել միջազգային ճնշման, պետք է  համախմբել ռեսուրսները և ոչ միայն Արցախում, որոնք սահմանափակ են, այլ Հայաստանում։

Առավելագույն չափով պետք է համախմբել և կոորդինացնել, դրա համար պահանջվում է ռազմավարական մտածելակերպ, և՛ փորձ, և՛ կարողություն։ Պետք է համակարգային աշխատանք անցկացնես, ամեն օր բացատրես, որ տեղի է ունենում ցեղասպանություն»,- ասաց Ռուբեն Վարդանյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031