Եվս չորս բուկլետ տվեք, տանը 5 հոգի ենք, կռիվ չգցենք, ասաց արաբկիրցիներից մեկը՝ «Հանրապետություն» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանին, երբ նա ստորագրեց բուկլետն ու ձեռքը մեկնեց տիկնոջը:
Երևանի ավագանու ընտրությունների այսօրվա քարոզարշավը «Հանրապետություն» կուսակցությունն իրականացնում էր Արաբկիր վարչական շրջանում: Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին և Երևանի քաղաքապետի իրենց թեկնածու Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ նրանք փողոցից-փողոց էին անցում, բակերով ու այգիներով, խանութներով ու վաճառքի կետերով անցնող քաղաքացիներին առաջին հերթին հորդորում էին մասնակցել սեպտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններին:
«Ծանոթացեք կենսագրությանս ու այս ընտրություններում մեր կուսակցության ծրագրին», -ասաց Արտակ Զեյնալյանը՝ բուկլետը մեկնելով կրպակավաճառ տիկնոջը:
Իսկ ահա, իր գեղանկարները այգում ցուցադրող նկարիչն Արտակ Զեյնալյանի կենսագրության ծանոթանալու կարիքը չուներ, քանի որ տեսնելով նրան ասաց. «Ես ձեզ շատ եմ հարգում ու մեծ սիրով ձեզ կընտրեմ քաղաքապետ», որին ի պատասխան Արտակ Զեյնալյանն ասաց,- «Պատրաստ եմ շարունակել ծառայել ժողովրդիս ու Հայրենիքիս»:
Կարդացեք նաև
Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Երևանի ավագանու ընտրությունների նկատմամբ առանձնապես հետաքրքրություն չի տեսնում, ավելին՝ նա քարոզարշավի այս օրերին որոշակի պասիվություն է արձանագրել քաղաքացիների շրջանում, քանի որ, իր խոսքերով մարդկանց իրականում բոլորովին այլ հարցեր են հետաքրքրում: «Մեզ մոտեցող մարդիկ հետաքրքրվում են աշխարհաքաղաքական խնդիրներով և ոչ՝ Երևանի խնդիրներից, առաջին հերթին նրանց մտահոգում է Արցախի հարցը»:
Հիշեցնենք, որ «Հանրապետություն» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններում պայքարի դուրս եկել հետևյալ կարգախոսով, որպեսզի որոշ ուժեր Երևանը Կազան չդարձնեն, այլ դառնանք եվրոպական պետություն:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ