Գորիսում օգոստոսի 29-ին տեղի ունեցավ մի քանի խաղահրապարակների եւ փողոցների բացում։ Այն հարցին, թե Արցախում էլ ներդրումներ արվեցին, բայց փաստորեն չկարողացան պահել, Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ինչպես է պահելու՝ պատասխանեց՝ «իմ կյանքի գնով»։
«Արցախի հետ շատ մեծ ցավ կա։ Կարծում եմ առաջ պիտի գան այն մարդիկ, ովքեր կռվի փորձ ունեն ու կարողանան մոտիվացնել։ Չի կարելի հանձնվել, եթե հանձնվենք, ապա հաջորդը կլինի Սյունիքը, հետո Երեւանը»,-ասաց Գորիսի համայնքի ղեկավարը։
Նրա խոսքով՝ հայրենիքի փրկության համար պիտի անմնացորդ նվիրվել՝ «կռվենք»։
Կարդացեք նաև
Առուշանյանը նշեց, որ 2017թ-ից այն քաղաքականությունն են որդեգրել, որ Գորիսում շինարարությունը չպիտի դադարի եւ իրականում այդպես է։ 6 մլրդ դրամի շինարարական եւ կառուցապատման աշխատանքներ են իրականացվել Գորիս համայնքում։
«Իմ հայացքներում ոչինչ չի փոխվի։ Ես կանգնած եմ պետության կողքին, ինչ վերաբերում է իշխանության հետ համագործակցելուն, ապա երբ ես բանտում եմ եղել՝ համայնքապետարանը էլի համագործակցել է»,-նշեց Առուշանյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ